Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վերացրել է արյունահեղության կոչ արած Սայաթ Շիրինյանի խափանման միջոցը

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վերացրել է արյունահեղության կոչ արած Սայաթ Շիրինյանի խափանման միջոցը
Իրավունք
17:29, 02 декабрь 2021
Բռնություն գործադրելու և արյունահեղության հրապարակային կոչեր հնչեցնելու համար մեղադրվող Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանի խափանման միջոցը վերացվել է։ 

Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։ Այս մասին Civic.am-ին ասաց Շիրինյանի փաստաբաններից Բենիկ Գալստյանը։  

Քրեական գործը սեպտեմբերի 27-ին մակագրվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ 

Փաստաբան  Բենիկ Գալստյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանից դեռ չեն ստացել որոշումը, սակայն միջնորդության պատճառաբանությունը եղել է այն, որ Սայաթ Շիրինյանը մոտ մեկ տարի տևած նախաքննության ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ և վարույթն իրականացնող մարմնի և դատարանի կանչերով նշված ժամերին ներկայացել է։ 
«Որևէ գործողություն չի կատարել, որը կարող էր դրսևորվել որպես ոչ պատշաճ վարքագիծ։ Այսինքն՝ խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին կիրառման հիմքերը առկա չեն»,- նշեց փաստաբանը։      

Հիշեցնենք, որ ՔԿ-ն 2021 թվականի դեկտեմբերի 23-ին հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Շիրինյանը Facebook սոցցանցում առերևույթ բռնության կոչեր պարունակող գրառում է արել՝ ուղղված օգտատեր Սուսաննա Ավշարյանին։ «Սուսաննա Ավշարյան, եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»,- գրել էր Շիրինյանը։

Գրառում կատարելու դեպքի առթիվ դեկտեմբերի 22-ին հարուցվել էր քրեական գործ, և Շիրինյանը ձերբակալվել էր։ Դեկտեմբերի 25-ին դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել, և խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հիշեցնենք նաև, որ Ոստիկանության միջին օղակում աշխատած Շիրինյանը ԱԺ ընտրություններում «Հայաստան» դաշինքի 40-րդ համարն էր։ Նա կասկածելի հարստության տեր է։