Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ կողպված գրասենյակից մինչեւ Քոչարյանի «ամենաանհաջող կադր» և «դոնդողանման տվայտանքներ»․ ինչպես էին ճնշում նախկին ՄԻՊ-երին

ՄԻՊ կողպված գրասենյակից մինչեւ Քոչարյանի «ամենաանհաջող կադր» և  «դոնդողանման տվայտանքներ»․ ինչպես էին ճնշում նախկին ՄԻՊ-երին
Քաղաքականություն
18:18, 14 январь 2022
Նախօրեին ԱԺ-ում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  առաջադրած ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները որոշել էին «քրքրել» նրան՝  տալով տարաբնույթ  հարցեր, ընդհուպ կասկածել թեկնածուի՝ «սկզբունքներ ունենալու»  հարցում:  Հանդիպման ժամանակ, բացի գործող ՄԻՊ Արման Թաթոյանի մասին դիֆերամբներ ձոնելուց,  ընդդիմադիրները միաժամանակ որոշել էին ավանսով անհանգստանալ ապագա ՄԻՊ-ին սպառնացող  ենթադրյալ կաշկանդանքների ու «հեռախոսային ցուցումների» հարցով. հավանաբար իրեն զգացնել էր տվել տառապանքի փորձը, որին կանդրադառնանք ստորև:  Գեղամ Նազարյանը, օրինակ,  հարցրեց. «Ես ձեզ չեմ ճանաչում, բայց շատ լավ եմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին, գիտեմ, որ ինքը ձեզ  հաճախ զանգելու է, կաշկանդված չե՞ք լինի իր զայրացած տոնային զանգերից: Գիտեմ, որ դա հաստատ լինելու է, կարո՞ղ եք դա հաղթահարել, ասել՝ պարոն Փաշինյան, ես ձեզ լսեցի, բայց իրավունք չունեք այս հարցում միջամտելու»:

Գրիգորյանն էլ  պատասխանեց. «Զանգելու հետ կապված բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ որևէ քաղաքական ուժի՝ ես ունեմ բոլոր սահմանադրական երաշխիքները այդ զանգերին սիրալիր արձագանքելու, նրանց լսելու, բայց անելու իմ գործը»: Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արեգնազ Մանուկյանն էլ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի քննարկման  ժամանակ ինքնամոռաց հայտարարել է, թե ՄԻՊ-ից դժգոհ է միայն երկու սուբյեկտ՝ ՔՊ-ն և Բաքուն:  

Նշենք, որ ՀՀ ԱԺ-ն առաջիկայում պետք է ընտրի ՀՀ թվով 5-րդ օմբուդսմենին: Միաժամանակ նկատենք, որ գործող ՄԻՊ Արման Թաթոյանը միակն է նախկին օմբուդսմեններից, որը պաշտոնավարել (ու) է Սահմանադրությամբ նախատեսված լրիվ՝ 6  տարի  ժամկետով: Նախորդ ՄԻՊ-երը զրկված են եղել  այսպիսի բարեբախտությունից,  քանի որ երկրիս բարձր ղեկավարությունը ամեն ինչ արել է այդ անչափ կարևոր առաքելությունն իրականացնողներին ժամկետից շուտ «տուն ուղարկելու» համար: Թե արդյոք  ՄԻՊ-երի աշխատանքից, բացի Բ.26-ից,  դժգոհ են եղել նաև Բաքվում, Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայում   կամ մեկ այլ վայրում՝ կդժվարանանք ասել:  

Առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն, օրինակ, երբ 2016-ին խայտառակ ճնշումների մթնոլորտում հրաժարական տվեց ՀՀ երրորդ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ արդարարդատության գործող նախարարը, մամուլում հայտարարել էր, թե  Անդրեասյանը հրաժարական է տվել իշխանական ճնշումների պատճառով, ինչը հստակ արտացոլվում էր պաշտպանի հանդեպ իշխող ՀՀԿ-ի վերաբերմունքում։ «Երեք դեպքերում էլ պաշտպաններին առաջադրել է իշխանությունը, վերջապես մենք պետք է հասկանանք, որ ժողովուրդը չի ընտրում, ընդդիմությունը չի բերում, և հենց իշխանությունն էլ սկսում է ոչ համարժեք վերաբերմունք դրսևորել պաշտպանների հանդեպ։ Ես խղճում եմ իշխանությանը: Իշխանությունը պիտի հասկանա՝ երբ ինքը գնում է այդ ճանապարհով՝ երեք մարդու իրավունքների պաշտպանների դեմ ամենակոպիտ, գռեհիկ ձևով արտահայտվելով, դա խոսում է իշխանության մասին»,-ասել էր նա: 

Այսօր Քոչարյանի հաստիքային պաշտպանական թիմը համալրած Ալավերդյանը հիշել էր՝ ինքն էլ 2004-2006 թթ.  քաղաքական լուրջ ճնշումների էր ենթարկվում, զրկված էր հեռուստաեթերից, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ արգելել էր ներկայացնել տարեկան երկրորդ զեկույցը, ավելին՝ իրեն աշխատանքից ազատելու՝ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրից հետո ՄԻՊ գրասենյակը կողպել էին, և նա քաղաքացիներին ստիպված էր դռան առջև ընդունել: Ալավերդյանն անկեղծացել էր նաև, թե իրեն շատ վերևներից ասել էին՝ պետք է հրաժարական տաս: «Այո, առաջարկությունը՝ հրաժարական տալու, շատ բարձր մակարդակից եղել է։ Քոչարյանը չի զանգահարել, Քոչարյանը խռով էր ինձ հետ, ես կարծում եմ՝ մինչև հիմա էլ խռով է։ Անձամբ չի զանգահարել, բայց դա կապ չունի, կապ ունի, որ դա բարձր մակարդակի էր, և ասել եմ՝ ոչ, ես հրաժարական չեմ տա։ Ես ասել եմ՝ հրաժարական պիտի տա նա, ով սխալ է»,- 2016-ին անկեղծացել էր տիկինը:   

Եթե Ռ. Քոչարյանի հրամանագրից հետո կողպել էին  ՄԻՊ գրասենյակը, ապա  երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանը 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո նույն Քոչարյանի կողմից արժանացավ «անհաջող կադր» որակմանը:  Հարությունյանը հրաժարական ներկայացրեց 2011 թ. փետրվարի 1-ին՝ ստանձնելով  Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը: Պաշտպանի գործունեությանը նվիրված ասուլիսում երբ նրան հարցրել էին՝ արդյոք պաշտոնավարման ընթացքում իշխանությունները իր վրա շա՞տ են ճնշումներ գործադրել, Հարությունյանն արձագանքել էր. «Մինչև 2009 թվականը միանշանակ միայն ճնշումների տակ ենք գործել: 2009-ից դա բալանսավորվեց, և արդեն ինչ-որ տեղ դժվար էր ասել՝ հրաժարական տալու ընդդիմության ճնշո՞ւմն էր ավելի մեծ, թե՞ իշխանության»: Արձանագրենք, որ ըստ  ՄԻՊ մասին ՀՀ օրենքի՝ Պաշտպանի գործունեությանը օրենքով չնախատեսված ցանկացած միջամտություն արգելվում է:

Ժամկետից շուտ հրաժարական տված երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանին էլ իշխանությունները չխնայեցին: Հիշեցնենք՝ Անդրեասյանը 2014-ին  աղմկահարույց զեկույց էր ներկայացրել, որտեղ նշված էին դատական կաշառքի սակագները՝ առաջին ատյանում՝ 500-ից 10 հազար դոլար, Վերաքննիչ դատարանում՝ 2000-ից մինչև 15 հազար դոլար, Վճռաբեկում՝ 10-50 հազար դոլար: Զեկույցում նկարագրված էին այն մեխանիզմները, թե ինչպես է կաշառքը տեղ հասնում, ինչ սխեմաներ ու տարբերակներ են գործում: Նաև մանրամասն ներկայացված էր դատավորների վրա ճնշումների սխեման: Այս զեկույցից ժամանակ անց էլ սկսվեց ՄԻՊ-ի դեմ սկանդալային արշավը, որից հետո  Անդրեասյանը հրաժարական տվեց: Արշավի «բացումն» արեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի քիփ ընկեր Սամվել Ֆարմանյանը, որը ԱԺ ամբիոնից հեգնական տոնով, անխնա ու դաժանորեն ոչնչացրեց  Անդրեասյանին՝ նրա հասցեին նետելով «փնթի, անատամ, անհաջող կադր, դուք չկաք» որակումներ: Նույն օրը ՄԻՊ-ը  լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ֆարմանյանն իր քաղաքական շեֆից պատվեր ունի, որ մի քիչ տգեղ, մի քիչ կեղտոտ ձևով, բայց իրականացրեց: Օմբուդսմենը, սակայն, պատվիրատուի անուն այդպես էլ չտվեց, թեև մամուլում լուրեր էին շրջանառվում, որ պատվիրատուն հենց Միքայել  Մինասյանն է: Այդ օրը ՀՀԿ-ական պատգամավորների մեջ Ֆարմանյանը միակը չէր, որ իր պարտքը համարեց քննադատել Անդրեասյանին, նրանց միացել էին նաև այլ ՀՀԿ-ականներ: Որոշ ժամանակ ՀՀԿ-ականները «թայմ աութ» վերցրին,  սակայն արշավը նոր թափ ստացավ Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունից հետո, որում նշված էին դպրոցում առկա խնդիրներ:

Այս անգամ հարձակման անցավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը մի քանի օր շարունակ ամենավերջին վիրավորական արտահայտություններն էր անում Անդրեասյանի հասցեին: «Իր պաշտոնին ամբողջական անհամապատասխանությունը հերթական անգամ մերկացրած, ինքնահավան և չկայացած անձնավորություն: Անկայուն նկարագրով, հասարակության մեջ և քաղաքական շրջանակներում այդպես էլ որևէ սեփական հեղինակություն չվայելած մարդու գործունեության մասին կարելի է միայն ափսոսալ: Ցավում եմ, բայց կյանքը ցույց տվեց, որ ՄԻՊ առաջին ղեկավար Լարիսա Ալավերդյանն իրականում ավելի տղամարդկային և սկզբունքային կերպար էր՝ առանց դոնդողանման տվայտանքների: Ցավոք, արդարացան բոլոր ամենավատ կանխատեսումները ՄԻՊ պաշտոնը զբաղեցնող անձի վերաբերյալ»,- ասել էր կրթության «կիրթ ու վայելչախոս» նախարարը: 
 
Նշենք, որ գործող ՄԻՊ Թաթոյանն էլ է բողոքել իր հանդեպ սպառնալիքներից: «Ես, օրինակ, ինքս ամեն օր սպառնալիքներ եմ ստանում, ամեն օր ստանում եմ, բայց ես չեմ ասում: Մարդկային մոտեցման հարց է, ես չեմ կարող ամեն օր հայտարարել՝ ինձ սպառնում են, ծեծում են, ու գնամ, մարդու իրավունք պաշտպանեմ, բա ես ո՞նց պիտի մարդու իրավունքները պաշտպանեմ»,- 2020 թ. նոյեմբերին  «Ազատության» եթերում մասնավորապես ասել էր Թաթոյանը՝ նշելով, որ խոսքը և ֆեյքային սպառնալիքների մասին է, և իրական: Միայն թե՝ այդպես էլ  չէր հստակեցրել՝  իրական ճնշումները հատկապես որտեղի՞ց են գործադրվում և ի՞նչ կերպ:   

Հիշեցնենք, որ ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի համաժողովի ժամանակ (26.11.2019թ.), որին մասնակցում էին ավելի քան 30 երկրի օմբուդսմեններ, 20 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանն իր ելույթում մասնավորապես  հայտարարել էր. «Պետք է արձանագրել, որ այս 15 տարիների ընթացքում ՄԻՊ-ի և կառավարության, իշխանության հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն եղել: Բավական է արձանագրել, որ Մարդու իրավունքների առաջին երեք պաշտպանները չեն պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը և հրաժարական են տվել, ինչը հանրայնորեն ընկալվել է որպես ՄԻՊ-ի և իշխանությունների միջև առկա խորը հակասությունների արտահայտություն: ...ՄԻՊ-ին մենք դիտարկում ենք որպես կատալիզատոր մեր կողմից իրականացվող բարեփոխումների գնահատման համար,  որպես հակակշիռ մեր՝ թեկուզ ամենալավ, ամենաբարի, ամենաժողովրդավարական նպատակների գնահատման առումով: Համոզված եմ, որ ՀՀ-ում  ՄԻՊ  ինստիտուտը, Մարդու իրավունքների պաշտպանը հենց այդպիսի դերակատարում ունեն, և ՀՀ  կառավարությունը, ՀՀ-ում իշխող քաղաքական մեծամասնությունն ամեն ինչ կանի, որպեսզի ՄԻՊ գործունեության համար ստեղծի բոլոր նպաստավոր պայմանները՝ որպես ժողովրդավարության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն ինստիտուտներից մեկը»:

Հեղինե Մանուկյան