Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինսկի խմբի համանախագահների Արցախ վերջին այցը 2019-ին էր, Ադրբեջանը խոչընդոտում է այդ գործընթացին, բայց չեմ կարծում համանախագահները տեղի կտան շանտաժին, մի օր պետք է այցելեն տարածաշրջան. Բաբայան

Մինսկի խմբի համանախագահների Արցախ վերջին այցը 2019-ին էր, Ադրբեջանը խոչընդոտում է այդ գործընթացին, բայց չեմ կարծում համանախագահները տեղի կտան շանտաժին, մի օր պետք է այցելեն տարածաշրջան. Բաբայան
Քաղաքականություն
14:00, 19 январь 2022
2021թ-ը յուրահատուկ տարի է մեր երկրի համար, որովհետև այն ծանր արհավիրքից, երրորդ Արցախյան պատերազմից ապաքինվելու ժամանակահատված էր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով 2021թ-ի Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության գործունեությունը և կատարած աշխատանքները, ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Արցախը դեռևս գտնվում է ծանր վիճակում, բայց կարող ենք փաստել, որ վերակակենդանացման բաժանմունքից տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Գիտեք, որ Արտաքին քաղաքական գերատեսչությունը իրականացնում է երկրի ղեկավարի արտաքին քաղաքականությունը։ Մեր ավանդական նպատակները մնացել են նույնը, դրանց գումարվել են այլ առաջադրանքներ։ Ընդհանուր առմամբ փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանենք մեր շահերը։ Կարևորագույն գործառույթներից մեկը մեր տարբեր միջազգային ատյաններում մեր տեսակետը ներկայացնելն է։ 2021-ին ԵԱՀԿ-ում տարածել ենք 20 փաստաթուղթ, ՄԱԿ-ում 15, ԵԽ-ում 4 փաստաթուղթ։ ԱԳՆ-ն ընդհանուր առմամբ կատարել է 32 հայտարարություն և մեկնաբանություն, 88 պաշտոնական հաղորդագրություն, սա կարծում եմ բավականին ակտիվ գործընթաց է, որը իրականացրել ենք նաև ՀՀ մեր գործընկերների և Սփյուռքի կառույցների հետ համատեղ։ Բավականին ակտիվ աշխատել ենք սոցիալական ցանցերում։ Այս ընթացքում բավականին ակտիվ աշխատել ենք ոչ միայն տեղական, այլև միջազգային ԶԼՄ-ների հետ։ Հատուկ ուշադրություն ենք դարձրել Ադրբեջանի քաղաքականությանը, չի եղել գեթ մեկ զարգացում և քայլ, որը ԱԳՆ-ի կողմից համապատասխան գնահատականի չի արժանացել, անպատասխան չենք թողել որևէ հարձակում մեր երկիրի դիվանագիտության վրա»,- ասաց նա։

Դավիթ Բաբայանը կարևորեց շարունակական աշխատանքը ՀՀ-ի և Սփյուռքի հետ։

«Մեր ավանդական հարցերը շարունակում են մնալ նույնը, դա հակամարտության կարգավորումն է, երկկողմ հարաբերությունների զարգացումը, Սփյուռքի գաղթօջախների հետ կապերի ամրապնդումը և այլն։ Դրանց գումարվել է մեզ համար նոր առաջադրանք, դա մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է, որպեսզի ցույց տանք աշխարհին, որ Արցախը  կա և մենք ենք տնօրինելու մեր ճակատագիրը»,- ասաց նա։