Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինձ համար դիսոնանս է. ինչպե՞ս կարող է նույն քաղուժի մի ներկայացուցիչը այսքան կարևորի այս դրույթները, մյուսը դեմ քվեարկի ԵԽԽՎ-ում. Սոնա Ղազարյանը՝ Եվրոպական խորհրդի ընդունած զեկույցի և դրա շուրջ ընդդիմության արձագանքի մասին. տեսանյութ

«Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները շատ ակտիվ սկսեցին զարգանալ  հատկապես հեղափոխությունից հետո, և մենք Լյուքսեմբուրգ էինք ժամանել իրենց խորհրդարանի նախագահի հրավերով։ Ընդդիմության ներկայացուցիչներ մեզ հետ չկային, քանի որ մեր ընդդիմադիր գործընկերները մեզ հետ չեն մասնակցում միջազգային կառույցներում մեր գործունեությանը, հետևաբար ես նրանց չէի ներգրավել այս աշխատանքներում»,- անդրադառնալով Լյուքսեմբուրգ կատարած այցին՝ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը և հավելեց, որ Լյուքսեմբուրգը այն երկիրն է, որը թե՛ պատերազմի օրերին, թե՛ դրանից հետո ընդունել է շատ կարևոր բանաձևեր, որոնք շատ յուրահատուկ են իրենց բովանդակությամբ, քանի որ Լյուքսեմբուրգի խորհրդարանի ընդունած երրորդ բանաձևը Եվրամիության հարաբերությունները Ադրբեջանի հետ պայմանավորում է գերիների վերադարձով։  

Անդրադառնալով որոշ շրջանակների կողմից տարածվող մեկնաբանություններին, թե պատգամավորները «վոյաժների մեջ են», Սոնա Ղազարյանը նշեց, որ այցը կարճատև էր, խորհրդարանի նախագահի հրավերով էր, հետևաբար՝ նաև հրավիրող կողմի հաշվին։ 
Խոսելով մշակութային ժառանգության պահպանման խնդիրների մասին՝ պատգամավորը նշեց, որ գործընկերներին զեկուցել են խնդիրների մասին, ԵԽԽՎ բոլոր օղակներին զեկույցներ են ուղարկվում, կապ կա նաև դեսպան Տիգրան Բալայանի հետ։  

«Եթե հղում եք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորման սկզբունքների պաշտպանությանը, ապա մի քանի շաբաթ առաջ ԵԽԽՎ այն բանաձևում, որին դեմ է քվեարկել Հայկ Մամիջանյանը, սա կար, և սա շատ կարևոր դրույթ է։ Ինձ համար դիսոնանս է. ինչպե՞ս կարող է նույն քաղաքական ուժի մի ներկայացուցիչը այսքան կարևորի այս դրույթները, մյուսը դեմ քվեարկի ԵԽԽՎ-ում»,- անդրադառնալով Արմեն Աշոտյանի գրառմանը, որում վերջինս նշում էր, թե Եվրոպայի խորհրդարանի ընդունած զեկույցում առկա դրույթները աննախադեպ էին, և պատերազմից հետո առաջին անգամ էր այդ մակարդակում դա արձանագրվում՝ ասաց Սոնա Ղազարյանը։ 

Եվրոպական խորհրդարանը զեկույց էր ընդունել, որտեղ մի շարք կարևոր ձևակերպումներ կային՝ կապված նաև Արցախյան բանակցությունների հետ։ Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը ընդունել է հետևյալ ձևակերպումը, որ Արցախի խնդրի բանակցային միակ լեգիտիմ միջազգային ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն է: Երկրորդ շատ կարևոր հանգամանքն այն էր, որ Եվրոպական խորհրդարանը շեշտել է, որ Արցախյան բանակցությունների կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն 3 հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:


Վովա Հակոբյան