Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պիտի հարգենք բոլոր երկրների սուվերեն իրավունքները՝ մեր ռազմավարական շահերը նույնպես պահպանելով. Հակոբ Արշակյան

Մենք պիտի հարգենք բոլոր երկրների սուվերեն իրավունքները՝ մեր ռազմավարական շահերը նույնպես պահպանելով. Հակոբ Արշակյան
Քաղաքականություն
12:53, 23 февраль 2022
«Մենք պիտի հարգենք բոլոր երկրների սուվերեն իրավունքները՝ մեր ռազմավարական շահերը նույնպես պահպանելով, բայց նաև պիտի հաշվի առնենք, որ բոլոր երկրներն ունեն իրենց արտաքին քաղաքականությունը վարելու իրավունք»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը։ 

Նա նշեց, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը սուվերեն, անկախ երկրներ են և իրենց սուվերեն իրավունքը արտաքին հարաբերություններում կատարում են իրենց շահերից ելնելով։ 

«Հիմա եթե դուք կարծում եք, որ Հայաստանը կարող է իր որևէ գործողություններով  ազդել նմանատիպ գործընթացների վրա, ես կարծում եմ՝ պետք չի գերագնահատել այդ բոլոր իրողությունները։ Երբ որ մի երկիր իր անվտանգային համակարգը, տնտեսական համակարգը, դեմոկրատական արժեքները, ինքնիշխանությունը կառուցում է կոռուպցիայի, ստի, պետական շահի ստորադասման վրա, առաջնորդվում է կոռուպցիայի օրենքներով, առաջնորդվում է ժողովրդի քվեն առնել-ծախելով, ընտրակեղծարարությամբ, և երբ որ նմանատիպ գործողությունների արդյունքում երկիրը հայտնվում է աղետալի վիճակում և կանգնում է մեծ մարտահրավերների առաջ, այդտեղից է պետք ելնել»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Ի հավելումն նա ասաց, որ երբ մեր քաղաքական, դիվանագիտական, միջազգային շահերի,  Արցախի հարցի շուրջ հայտնվում ենք խոցելի վիճակներում՝ պետք է տեսնել, թե ինչ ճանապարհ ենք անցել։

Նա նաև նշեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ այդ ամբողջ ճանապարհն անցել են, ցույց են տվել, որ հենվելով ժողովրդավարական արժեքների վրա, մարդկանց հետ բաց խոսելով, իրենց շահերը առաջնահերթ դասելով, մերժելով կոռուպցիան, ամբողջ պետական համակարգի մեջ մխրճված խնդիրները՝ կարողացել են հենց առաջին տարում ապահովել տնտեսական աճ, երկրորդ տարում՝ էլ ավելի մեծ։      

«Բայց մենք չենք հասցրել պետական անվտանգային համակարգը, բանակի հագեցվածության մակարդակը, կառավարման ռեֆորմները բերել այնպիսի մակարդակի, որպեսզի կարողանայինք խուսափել թե՛ 44-օրյա պատերազմից և թե՛ մնացած մարտահրավերներից, որոնք դեռ կանգնած են մեր երկրի առաջ»,- ասաց Հակոբ Արշակյանը։