Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այլևս այլ բան չի մնում, քան անհապաղ ՄԱԿ-ին դիմելը․ ակնհայտորեն թիրախը ՀՀ ընտրություններն են և այդ իրավիճակում հնարավորինս շատ զիջումներ կորզելը․ Արման Բաբաջանյան․ Տեսանյութ

«Միջազգային հանրության արձագանքները ոչ միայն Ադրբեջանն է արհամարհում, այլև՝ Հայաստանը»,- այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ դիմելով իրենից առաջ ելույթ ունեցած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանին՝ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նա նշեց, որ այն ինչ ունենք այսօր ըստ էության չի կարող որևէ կերպ արդարացում ունենալ։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը երեկ ինչ-որ մտքեր էր հայտնում այն մասին, որ Հայաստանի վիճակը կարող է ավելի սրվել և Հայաստանը պետք է ահաբեկիչների հետ գնա դեմարկացիայի և դելիմիտացիայի։ Մեր խնդրանքը և մեր դիմումը ՀԱՊԿ-ին դրա մասին չէր։

Ինչպես նաև դրա մասին չէր Ռուսաստանին ուղղված մեր  դիմումը։ Եվ սա ևս վկայում է այն մասին, որ մեր պատկերացումները ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ-ի գործառույթների մասին, ստեղծված իրավիճակի մասին, երբ ըստ էության ոչ թե և ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածք է խուժել Ադրբեջանը կամ Ադրբեջանի Զինված Ուժերը, այլ ՀԱՊԿ-ի սուվերեն տարածք են մուտք գործել այդ զինվորները։ Ըստ էության մենք հիմա ունենք իրավիճակ, երբ այլևս այլ բան չի մնում, քան անհապաղ ձեռնարկել ջանքեր՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու և այս իրավիճակին հանգուցալուծում գտնելու, այլ ճանապարհներ գտնելու ուղղությամբ»,-ասաց Արման Բաբաջանյանը։ 

Նա կարծում է,որ սա այլևս այլընտրանք չունեցող քայլ է, գործողություն, և մենք անհապաղ պիտի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկենք։ 

Պատգամավորի խոսքով՝ ակնհայտորեն թիրախը Հայաստանի արտահերթ ընտրություններն են, Հայաստանում քաոս ստեղծելն է և այդ իրավիճակում հնարավորինս շատ զիջումներ կորզելն ու ստանալն է Հայաստանից, և սա հաստատապես միայն Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ որոշումը չէ։ 

«Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ շահագրգիռ այլ երկրներ ևս այս ուղղությամբ և այստեղ մեզ լրջագույն մտածելու, խորհելու առիթներ են տալիս»,-ասաց պատգամավորը։