Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի փողոցներում ՀՀ քաղաքացիների գնդակահարության պատասխանատու Ռոբերտ Քոչարյանի պատգամավորը Մարտի 1-ի օրով ապաշխարության կոչ է անում ժողովրդին՝ իր վրա կրակող իշխանությունից ձերբազատվելու համար

Երևանի փողոցներում ՀՀ քաղաքացիների գնդակահարության պատասխանատու Ռոբերտ Քոչարյանի պատգամավորը Մարտի 1-ի օրով ապաշխարության կոչ է անում ժողովրդին՝ իր վրա կրակող իշխանությունից ձերբազատվելու համար
Քաղաքականություն
16:54, 02 март 2022
Ուղիղ 14 տարի առաջ Երևանի կենտրոնական փողոցներում 10 հայի գնդակահարության պատասխանատու դարձած ու դրա համար չապաշխարած Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը երեկ, Մարտի 1-ի 14-ամյա տարելիցի օրը, ԱԺ ամբիոնից ապաշխարության կոչ արեց հայ ժողովրդին՝ իրեն կեղեքող, հարստահարող, իր վրա կրակող իշխանությունից ձերբազատվելու ու հեղափոխություն անելու համար։

Քոչարյանին անվերապահ ծառայելու ճանապարհով պատգամավոր դարձած Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին եւ կշտամբեց ուկրաինացի եւ հայ ժողովուրդներին՝ ոչ միայն սեփական, այլեւ միմյանց «սխալների վրա» սովորել չկարողանալու համար՝ հերթական անգամ հոլովելով «փողոց» եւ «իշխանություն» բառերը․ «Մեր ժողովուրդը շատ բարձր գին է վճարել՝ իշխանությունը փողոցից եկած պատահական մարդկանց վստահելով: Ու որպեսզի վերջնահաշիվը պետության կորուստը չլինի, մենք պետք է ապաշխարենք, ապաշխարենք՝ քաղաքական մեղավորներից ձերբազատվելով»։

Մանուկյանի ձեռքից «չպլստաց» նաեւ Ուկրաինայի նախագահ Վ․Զելենսկին, որի հասցեին վիրավորական արտահայտություններ շաղ տվեց՝ «պոպուլիստ, անգրագետ, անհայրենիք, քաղաքական ծաղրածու»։ Ենթադրում ենք, որ Զելենսկիին ուղղված արտահայտություններն անպատասխան չեն մնա եւ Մանուկյանն ու նրա դաշինքի ղեկավարությունը դիվանագիտական խողովակներով արձագանքի կարժանանան։ 

Արդյոք պատահակա՞ն էր, որ ժողովրդին ուղղված ապաշխարության պատգամը Քոչարյանի պատգամավորը արեց հենց Մարտի 1-ի տարելիցի օրը, դժվար է ասել։ Ինչ վերաբերում է ապաշխարելուն, ապա ըստ Մանուկյանի, բազմահազար քաղաքացիները, մասնակցելով 2018-ին տեղի ունեցած համաժողովրդական շարժմանը, մեծ մեղք են գործել գրագետ, հակապոպուլիստ ու անտիծաղրածու Սերժ Սարգսյանին, նրա հետ էլ՝ Քոչարյանին մերժելով։  Ընդ որում, նրանց գործած մեղքը եղել է մի քանի ակտանի՝  2018-ին եւ 2021-ին ազատ, չկեղծած ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելով եւ վերաձեւավորելով։  Իսկ այժմ, ելնելով Մանուկյանի տրամաբանությունից, իրենց սահմանադրական իրավունքն իրացրած եւ այսպիսով ծանր մեղք գործած շուրջ 700 հազար քաղաքացիներին պետք է քշել Սիրբիր կամ մոտակա անապատ՝ ապաշխարության, իսկ այդ ընթացքում իշխանությունը պետք է տալ պալատական հեղաշրջման միջոցով, «ժէկ»-ի տեղեկանքով նախագահ կարգված, ընտրական համակարգը  բռնաբարելու միջոցով վերարտադրված  «ոչ փողոցային» եւ «ոչ պատահական» ուզուրպատորին՝ հայտնի  ՀՀ երկրորդ նախագահ անունով։ Ահա թե ինչ է ասում եւ ուզում տիկին Մանուկյանը։  

Ի դեպ, քանի որ խոսք բացվեց «փողոցից եկած պատահական մարդկանց» մասին, ապա Մանուկյանը եւս, եթե առաջնորդվենք իր արշինով, փողոցից է հայտնել պառլամենտական կառավարման երկրի խորհրդարանում, քանի որ մինչեւ պատգամավոր դառնալը «պատահական մարդ» էր, ընդամենը խմբագրում էր «7օր․ամ» կայքը,  որտեղ, ի դեպ, հաճախ կարելի է հանդիպել փողոցային բառապաշարով համեմված հրապարակումների։  Նախկին խմբագրի, «ԱԼՄ» հեուստաընկերության  նախկին լրագրողի  քաղաքական փորձառության  թերեւս միակ վկայությունը Քոչարյանի օրոք պաշտոնավարած ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի՝  2016-ին նախաձեռնած   «Համախմբում» կուսակցության վարչության անդամի եւ  մամուլի խոսնակ լինելն է։  Ի դեպ, ՕՐՕ դաշինքի կազմում, որի 13-րդ համարը Արեգնազ Մանուկյանն էր, 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցելուց եւ անցողիկ շեմը չհաղթահարելուց հետո Օսկանյանի կուսակցությունը խորհրդավոր հանգամանքներում անհետացավ քաղաքական ասպարեզից։  Նկատենք,որ Մանուկյանի կենսագրական տեղեկանքում խնամքով խմբագված է վերջինս գործունեության այդ հատվածը․ երեւի տիկինը ապաշխարել է եւ ազատվել «Համախմբում»-ական եղածի մեղքից։  

Շարունակելով փողոցի թեման՝ տիկին Մանուկյանին ուզում ենք հարց տալ՝ եթե նա այդքան խորշում է «փողոց» երեւույթից, ապա ինչո՞ւ է իրենց  դաշինքի փաստացի ղեկավարը աչքը տնկել փողոցին, հույսը դրել փողոցի վրա։ Նա է, չէ՞, որ այս էլ որերրդ անգամ խոսում է «փողոցային պայքար հասունացնելու», «փողոցով  իշխանափոխություն անելու մասին»։  Հիշեցնենք, որ ընդամենը վերջերս նախկին նախագահը  հայտարարեց, թե իր գնահատականով, դեռ չի հասունացել այն վիճակը, երբ հնարավոր է մեծ զանգվածներ փողոց հանել, որ՝ «պետք է փողոց դուրս գա մեծ զանգված, և այդ փողոցը չպետք է լինի իմ կամ որևէ մեկի մասին», եւ  որ՝ «սպասվելիք փողոցը պետք է լինի իշխանությանը հեռացնելու մասին»։ 

Պատգամավոր Մանուկյանը հավանաբար չի հակաճառում իր քաղաքական շեֆի «փողոցային պլաններին»,  քանի որ նրանից իր հասանելիքը ստացել է՝  «Հայրենիքի փրկության շարժման» ակտիվիստից  դարձել է պատգամավոր։ Այժմ էլ իրեն կոտորում է իր քաղաքական ղեկավարի մուրազն իրականություն դարձնելուն օգնելու համար։ Մինչդեռ արժե, որ հուշեր վերջինիս իշխանափոխության պլաններ մտմտալուց, փողոցով հարցեր լուծելուց  առաջ Հայաստանից ու Արցախից հեռու մի վայր ընտրել ու․․․ապաշխարել՝ փորձելով  ձերբազատվել հայ ժողովրդի դեմ գործած բազում մեղքերից։   

Հ․Մ․