Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիևը իրար երազնե՞ր են պատմում. Քոչարյանը 10 տարի ՀՀ-ի համար եղել է վատ իրականություն. Հայկ Կոնջորյան

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի այն արտահայտությանը, թե «Իլհամ Ալիևը Ռոբերտ Քոչարյանին տեսնում է իր վատ երազներում», ասաց. «Իսկ ո՞վ է Իլհամ Ալիևի երազների մասին պատմել Ռոբերտ Քոչարյանին կամ ձեզ, իրար պատմո՞ւմ են երազները»: 

Նա այդ առումով առաջարկեց ուսումնասիրել Ֆրոյդի տեսությունները:

«Եթե Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ մեկի համար վատ երազ էր, Հայաստանի համար 10 տարի վատ իրականություն է եղել: Ռոբերտ Քոչարյանի տիտանական ներդրումն Արցախի համար եղել է Արցախը բանակցությունների սեղանից դուրս թողնելը: Որքան էլ դուք փորձեք դրանից հրաժարվել, դա ձեզ հետապնդելու է որպես վատ երազ կամ մղձավանջ: Ալիևի երազները Ռոբերտ Քոչարյանի մասին կլինեն լավ երազներ»,- նշեց նա:

Հայկ Կոնջորյանը Արամ Վարդևանյանին հիշեցրեց, որ նա արդեն պատգամավոր է, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը: