Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական զորքերը մոտենում են Ուկրաինայի երկրորդ ամենամեծ միջուկային օբյեկտին. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

Ռուսական զորքերը մոտենում են Ուկրաինայի երկրորդ ամենամեծ միջուկային օբյեկտին. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան
Քաղաքականություն / Աշխարհ
10:47, 05 март 2022
Ռուսական զորքերը մոտենում են Ուկրաինայի երկրորդ միջուկային օբյեկտին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը,  հաղորդում է unian.net-ը՝  վկայակոչելով CNN-ը:

«Ռուսական ուժերն այժմ գտնվում են 20 մղոն հեռավորության վրա և մոտենում են Ուկրաինայի երկրորդ ամենամեծ միջուկային օբյեկտին», - ասել է նա՝ չնշելով կայանի անունը:
 
Ըստ Энергоатом-ի՝ Ուկրաինայի երկրորդ միջուկային օբյեկտը, էլեկտրաէներգիայի արտադրության առումով, Հարավային Ուկրաինայի ատոմակայանն է, որը գտնվում է Նիկոլաևի մարզում:
 
«Նախագահ Պուտինը պետք է դադարեցնի այս հումանիտար աղետը՝ վերջ տալով այս պատերազմին և վերջ տալով Ուկրաինայի ժողովրդի դեմ անխիղճ այս հարձակումներին», - հավելել է դեսպանը։
 
Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ վտանգը դեռ պահպանվում է: «Աղետից   խուսափեցինք» ,- ասել է նա՝ նկատի ունենալով  ռուսական զորքերի կողմից տեղանքը գնդակոծելու հետևանքով Զապորոժիեի ատոմակայանում ուրբաթ  առավոտյան բռնկված հրդեհը:
 
«Միջազգային հանրությունը պետք է միաձայն պահանջի, որ ռուսական ուժերը դադարեցնեն իրենց վտանգավոր հարձակումները: Ուկրաինայի ժողովուրդը հույսը դնում է մեզ վրա, և մենք չպետք է հուսախաբ անենք»,- ասել է նա:
 
Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել էր Ռուսաստանին «միջուկային ահաբեկչության» մեջ այն բանից հետո, երբ ռուսական զորքերը հարձակվել էին Ուկրաինայի հարավում գտնվող ատոմակայանի վրա։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի