Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ ընդդիմությունը որոշել է 44-օրյա պատերազմի բացահայտմամբ շահագրգռված լինելու իմիտացիա ստեղծել՝ առաջարկելով, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը նոր կազմ ունենա

ԱԺ ընդդիմությունը որոշել է 44-օրյա պատերազմի բացահայտմամբ շահագրգռված լինելու  իմիտացիա ստեղծել՝ առաջարկելով, որ  ԱԺ քննիչ հանձնաժողովը  նոր կազմ ունենա
Քաղաքականություն
16:14, 10 март 2022
Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության, որոշել է ԱԺ-ի  ներսում սեփական անգործությունը հիմնավորելու համար  հանդես գալ հերթական պոպուլիստական նախաձեռնությամբ։ Խոսքը  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիերլու նպատակով նոր հանձնաժողով ձևավորելու կամ  արդեն իսկ գործողը վերաձևավորելու  մասին է։  Հիշյալ խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը այս մասին որոշ փակագծեր է բացել parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում.

«Մեր  խմբակցությունը շուտով պաշտոնապես կներկայացնի մեր առաջարկը, թե ինչ կազմով և ինչպես պետք է աշխատի այդ հանձնաժողովը։  Այն պետք է կազմավորվի համամասնորեն՝ Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր ուժերից ու կառավարող վարչախմբի ներկայացուցիչներից:  Պետք է հավասարաչափ ընդգրկված լինեն նաև Արցախի խորհրդարանի ներկայացուցիչները՝ ընդդիմություն, իշխանություն: Քննիչ հանձնաժողովի կազմում պետք է լինեն նաև ներկայացուցիչներ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ներկայացուցիչներ հասարակական այն կազմակերպություններից, որոնք զբաղվել են գերիների, վիրավորների ու անհետ կորածների հարցերով: Այդպիսի կազմակերպություններ կան: Բացի այդ, օրենքով սահմանել այդ հանձնաժողովի բոլոր գործառույթները: Այդ ժամանակ մենք ամբողջ ուժով, կազմով կմասնակցենք այդ հանձնաժողովի աշխատանքներին»:  Նազարյանը միաժամանակ նշել է,  թե  «սա ամենաիդեալական տարբերակն է», և որ սա «այն առաջարկն է, որին մեծամասնությունը կողմ կլինի, եթե, իհարկե, իրոք, պատերազմի հանգամանքներն անաչառ ուսումնասիրելու խնդիր կա»։ 

Փաստ է, որ ընդդիմությունը, եթե իրապես  շահագրգռված է պատերազմի հանգամանքների և հատկապես մեղավորների բացահայտմամբ, առնվազն կես տարի ժամանակ ուներ իրացնելու իր մանդատն ու  հանդես գալու իր փափագած  կազմով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։  Հատկապես, որ օրուգիշեր թմբկահարում է այն մասին, որ քննիչ հանձնաժողով ձևավորելու «լիցենզիան» միայն ընդդիմությունն ունի։ Սակայն ընդդիմությունը բավարարվեց միայն խորհրդարանական ամբիոնն ու թանկագին մանդատը ծառայեցնելով մեկ նպատակի՝ «կապիտուլյանտ» ու «դավաճան» պիտակները «ռասկրուտկա» անելով։   

Այսուհանդերձ հարց է  ծագում՝ իսկ ինչո՞վ է ոչ իդեալական կամ  ոչ համամասնորեն ձևավորված գործող հանձնաժողովը, որի կազմում աշխատելու չորս մանդատ ուներ նաև ընդդիմությունը։  Արձանագրենք, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ կազմ է ունենալու նորացված կամ նոր ձևավորվելիք հանձնաժողովը, պատերազմի, դրա ընթացքի, ավարտի,  բանակցային գործընթացի (որը նույնպես հանձնաժողովի քննության առարկան է լինելու) վերաբերյալ կա փաստագրված ինֆորմացիա, որի ուսումնասիրման, հետազոտման արդյունքում էլ կայացվելու է հանձնաժողովի համապատասխան եզրակացությունը։  Պաշտոնյաներն էլ, որոնք պետք է հրավիրվեն հանձնաժողով, անկախ դրա կազմից, դրա համամասնությունից, հայտնելու են այն, ինչ փաստագրված է, արձանագրված, այսինքն՝ այն, ինչ կա՝ ճշմարտությունը։  Դիցուք՝ պաշտպանության նախարարության  որևէ պաշտոնյա երբ հրավիրվի հանձնաժողով, նա իր ասելիքը արդյո՞ք հայտնելու է՝  ելնելով   հանձնաժողովի կազմից կամ այդ կազմի ունեցած ակնկալիքներից, թե՞ ասելու է այն, ինչ կա։ 
Ընդդիմության առաջարկից կարելի է եզրակացնել, որ եթե  հանձնաժողովի կազմը վերանայվի, ապա ըստ այդմ էլ՝ վերանայվելու է պատերազմի մասին ճշմարտությունը, ունենալու ենք բոլորովին այլ ճշմարտություն, քան այն կա իրականում։   

Ակնհայտ է, որ չցանկանալով աշխատել իշխանության նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովում՝ ընդդիմությունը պետք է մի ձև գտներ իր «կապրիզները» հիմնավորելու համար և պատերազմի բացահայտմամբ շահագրգռված լինելու  իմիտացիա ստեղծեր։ Դրան էլ միտված է «Հայաստան» խմբակցության  նախաձեռնությունը, որը, ամենայն  հավանականությամբ, կմերժվի, ինչն էլ հաշվարկել է ընդդիմությունը։ Հենց այդ հաշվարկի վրա էլ կառուցել է իր հետագա անելիքը՝ իրեն ընտրած քոռուփոշման  ընտրազանգվածի առաջ հերթական անգամ չքմեղանալ, ասել՝ ժող. ջան, մենք ուզում էինք բացահայտել պատերազմի մասին ճշմարտությունը,  բայց մեր ճաշակով ձևավորված հանձնաժողովում, մեր իմացած ճիշտն առաջ տանելու կամ մեր ուզած ճշտին  հանգելու  համար, համա թե  այս «դավաճան ու հաստակող» իշխանությունը չընդառաջեց մեր նախաձեռնությանը։ Եվ ուրեմն՝ իշխանությունը բան է թաքցնում և դեմ է ճշմարտության բացահայտմանը։             

Նշենք, որ  ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 25-րդ հոդվածի՝  եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում զեկույցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հատուկ կարծիքը: Այսինքն՝ օրենսդիրը նախատեսել է նաև հատուկ կարծիքի ինստիտուտը, եթե հանձնաժողովը հանդգնի մեղանչել ճշմարտության դեմ։ 

Նշենք նաև, որ օրենսդիրը  կարգավորում չի նախատեսել քննիչ հանձնաժողովի լուծարման մասով, եթե բանը հասնի այն մեկ ուրիշով փոխարինելուն։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝
1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից.
2) հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը:

Հ.Գ. Միով բանիվ՝  հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու իրական դրդապատճառի մասին օրերս ակամա խոստովանեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ վերհիշելով  խորհրդային ժամանակների դատախազության  աշխատանքի «ոսկե կանոնը»՝ պետք է այնպես անել, որ դուրս չգաս սեփական հետքի վրա։ 


Հեղինե Մանուկյան