Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացումը. Սանդիկովը՝ ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նիստում

Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացումը. Սանդիկովը՝ ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նիստում
Քաղաքականություն
21:45, 18 март 2022
Մարտի 18-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած՝ ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:

Պատգամավորը ելույթ է ունեցել նիստում՝ նշելով.

«Գործընկերնե՛ր,

ինչպես բոլորդ գիտեք, մեր հանձնաժողովի նիստը պետք է կայանար մարտի 11-ին՝ Երևանում: Սակայն արտահերթ ընտրությունների և երկրի խորհրդարանի հատուկ նիստում ՀՀ նախագահի երդմնակալության արարողության հետ կապված ընթացակարգային խնդիրների պատճառով առաջարկեցինք հանձնաժողովի արտագնա նիստը տեղափոխել այս տարվա աշուն: Այսպիսով, մենք սպասում ենք ձեզ Երևանում՝ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Անցյալ տարի Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը: Ընդհանուր գծերով ցանկանում եմ ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունների մասին, որոնք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգամանալից ներկայացրել է անցյալ տարվա սեպտեմբերին՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում:

Հայաստանի Հանրապետությունն առանցքային ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականության համակարգման և փոխադարձ աջակցության խորացմանը՝ ՀԱՊԿ անդամ պետություննների շահերը շոշափող միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համակարգված մոտեցումների մշակման համար: Մենք միշտ առաջնորդվել ենք ՀԱՊԿ անդամ պետությունների համար կարևորագույն հարցերի շուրջ դիրքորոշումների համադրման և ներդաշնակեցման անհրաժեշտության սկզբունքով:

Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացումը` կոլեկտիվ անվտանգության ուժերի մարտական պատրաստվածությունը, համախմբվածությունն ու շարժունակությունը բարձրացնելու համար:

Մեր ջանքերն ուղղված են խնդիրների մշակմանը և առաջարկությունների արդիականացմանն ու կատարելագործմանը, տեղեկատվական անվտանգության ապահովման, ահաբեկչության և ծայրահեղականության, անօրինական միգրացիայի և թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառումներին ու մեխանիզմներին:

Գոհունակությամբ կցանկանայի նշել, որ շատ առաջնահերթ ուղղություններով արդեն իսկ արվել են համապատասխան քայլեր. խոսքը ճգնաժամային արձագանքման մեխանիզմների մասին է: Ինչպես գիտեք, այդ տարեսկզբին, հաշվի առնելով Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի կոչը, Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, նախաձեռնեց արտակարգ խորհրդակցություններ Կազմակերպության պետությունների ղեկավարների հետ, որի արդյունքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ ուղարկելու իր որոշման մասին:

Մենք միշտ հավատացել ենք, որ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմները պետք է ճիշտ աշխատեն: Հայաստանը մի իրավիճակում էր, երբ մենք սպասում էինք, որ մեխանիզմները կաշխատեն, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ:

Ղազախական կողմի խոսքով՝ խաղաղապահ առաքելության առկայությունը հնարավորություն է տվել ազատել ղազախստանյան ուժերի զգալի մասը և հակաահաբեկչական գործողության անմիջական անցկացման միջոցները: Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ կարող ենք արձանագրել ՀԱՊԿ պետությունների միջև բարձր փոխըմբռնում, մեր երկրների ղեկավարներն ընդգծել են խաղաղապահ առաքելության կարևորությունն ու պահանջվածությունը:

Նշեմ նաև, որ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման համատեքստում պահանջարկ ունեն ճգնաժամային իրավիճակների մոնիտորինգի, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմները:

Հանրային դիվանագիտության ոլորտում պետք է նշել, որ Հայաստանը ջանքեր է գործադրում միջազգային ասպարեզում Կազմակերպության իմիջի հետագա ամրապնդման ուղղությամբ՝ այդ թվում ընդլայնելով համագործակցությունն այլ միջազգային կազմակերպությունների հետ: Այս համատեքստում զգալի է մեր՝ խորհրդարանականների դերը:

Կցանկանայի առանձին ընդգծել Կազմակերպության խորհրդարանական հարթության դերը, որի միջոցով Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են անվտանգության ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների սերտաճումն ու ներդաշնակեցումը` հաշվի առնելով նոր մարտահրավերները և սպառնալիքները, այդ թվում՝ թվային, տնտեսական, ֆինանսական, բնապահպանական և հումանիտար ոլորտներում: Նաև անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել Խորհրդարանական վեհաժողովի ինստիտուցիոնալ զարգացումը շարունակելու և ակտիվացնելու համար: Այս համատեքստում դիտարկում ենք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի բարելավման կարևոր և ճիշտ ժամանակին առաջարկը:

Ինչպես տեսնում եք, այս տարի նախագահությունում մենք պահպանում ենք Կազմակերպության գործունեության շարունակականությունը, աշխատանքներ են տարվում մեր պետությունների ղեկավարների կողմից նախանշված նպատակների, պայմանավորվածությունների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ:

Վերջում ցանկանում եմ անդրադառնալ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մի շարք միջոցառումներին: Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշելու և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երևանում անցկացնելու առաջարկով: Այն տեղի կունենա այս տարվա ապրիլի 29-ին: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների Համակարգող խորհրդակցությունը նախատեսված է տարվա երկրորդ կիսամյակում: Եւ ինչպես արդեն նշեցի, աշնանը մենք ձեզ հրավիրում ենք մեր հանձնաժողովի արտագնա նիստին: Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս հոբելյանական տարում նախատեսված կարևոր նախաձեռնություններն ու միջոցառումներն իրականացնելու համար»: