Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ի՝ Հայաստանին և Արցախին տրվելիք օգնության կրճատումը ունի մի քանի պատճառներ

ԱՄՆ-ի՝ Հայաստանին և Արցախին տրվելիք օգնության կրճատումը ունի մի քանի պատճառներ
Քաղաքականություն
14:41, 30 март 2022
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բայդենի ադմինիստրացիան առաջարկել է Կոնգրեսին գրեթե կիսով չափ կրճատել վերջինի կողմից նախատեսվող օգնությունը Հայաստանին՝ 45-ից հասցնելով 24 մլն դոլարի և չեղարկել օգնությունը Արցախին: Բացի այդ օգնությունից ադմինիստրացիան համաձայն է Հայաստանին տրամադրել եւս 6 մլն դոլար թմրանյութերի դեմ միջազգային պայքարի եւ իրավապահ մարմինների աշխատանքի բարելավման համար: Ամեն դեպքում, անգամ կրճատված տարբերակով /շուրջ 30 մլն դոլար/ այդ օգնությունը երեք անգամ ավելին է, քան Ադրբեջանի համար Բայդենի ադմինիստրացիայի հաստատած օգնությունը /9,7 մլն/: Այդ մասին տեղեկանում ենք Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի հաղորդագրությունից /հղումը՝ առաջին մեկնաբանության մեջ/:

Ադրբեջանի համար նախատեսվող ռազմական օգնության մասին որեւէ տեղեկություն դեռեւս չկա: Չի բացառվում, որ այն չեղարկվի, հաշվի առնելով, որ ադմինիստրացիան դեռ Կոնգրեսին բավարարող հաշվետվություն չի ներկայացրել այն մասին, թե Ադրբեջանին մինչեւ 2020թ. Տրամադրված 164 մլն դոլարի ռազմական օգնությունը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության խախտման վրա:


1. Ամենագլխավորը, թերևս, այն է, որ կտրուկ մեծացնելով օգնությունը Ուկրաինային՝ Բայդենի ադմինիստրացիան կրճատում է գրեթե բոլոր մնացած երկրներին ուղարկվող օգնությունը.

2. Հայկական լոբբիստական կառույցների անտարբերությունը Ուկրաինայի խնդիրների հանդեպ կարող են դեր խաղալ նրանց ազդեցության աստիճանի վրա ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա: Ինձ հայտնի չէ որեւէ հայտարարություն, որը ընդունած լինեն Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն եւ Ամերիկայի հայկական ասամբլեան, որը կդատապարտեր ռուսական ագրեսիան Ուկրաինայի հանդեպ ու/կամ կանդրադառնար Ուկրաինայում տիրող հումանիտար աղետին ու ուկրաինացի ժողովրդի տառապանքներին: Ցաղասպանության ճանաչման, դրա համար պատասխանատվության կանչման, եւ հետագայում ցեղասպանությունները կանխարգելելու անհրաժեշտությունը բարձրաձայնող կառույցների համար նման կրավորական կեցվածքը ԱՄՆ իսթեբլիշմենթում կարող է տպավորություն ստեղծել, որ հայկական լոբբին ռուսական շահերի ծպտյալ պաշտպան է, ինչը այսօրվա հակառուսական տրամադրությունների ծավալման եւ Ուկրաինայի խնդրի հանդեպ ԱՄՆ-ում և, ընդհանրապես, Արևմուտքում, գերզգայունության պայմաններում մեծ հարված է հասցնում Հայաստանի շահերը պաշտպանելուն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: Պարզ չէ, թե ինչու են ԱՄՆ հայկական կազմակերպությունները երկյուղում թթու խոսք ասել Կրեմլի հանդեպ՝ չլինելով ՀՀ պետության ներկայացուցիչներ եւ որեւէ պատասխանատվություն չկրելով ՀՀ արտաքին քաղաքականության համար: Նմանապես՝ Հայաստանը որևէ պատասխանատվություն չի կրում նրանց դիրքորոշումների համար, եւ նրանց աջակցությունը պատերազմի դադարեցման գործին որեւէ կերպ չի կարող վնաս հասցնել Հայաստանին, ավելին՝ կարող է ներկայացվել նաեւ որպես դժգոհություն Հայաստանի հանդեպ Կրեմլի դավաճանություններ՝ 2016թ.-ից սկսված շարքի հանդեպ: Ուստի նրանց նման կրեմլասեր վարքագիծը ինձ համար էլ է սկսում կասկածելի թվալ.

3. Ադրբեջանական լոբբիզմի ծավալումը, որը թեեւ խիստ երիտասարդ է, սակայն գրագետ աշխատանքի եւ հակակրեմլյան կեցվածքի շնորհիվ իր արդյունավետությամբ կարող է համեմատվել հայկական հարուրամյա կառույցների հետ: Ադրբեջանական լոբբիզմի մասին իմ հաղորդումը՝ երկրորդ մեկնաբանության մեջ.

5. Վերջապես, պետք չի մոռանալ, որ մենք, ի տարբերություն Ադրբեջանի, ՀԱՊԿ-ի անդամ ենք, իսկ դա շատ ավելի մեծ խարան է դարձել Արևմուտքի աչքերում այժմ, Ղազախստանի ու Ուկրաինայի դեպքերից հետո: