Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոտ 335 000 քվե և ընդամենը 11 200 «փրկիչ»՝ Ազատության հրապարակում

Մոտ 335 000 քվե և ընդամենը 11 200 «փրկիչ»՝ Ազատության հրապարակում
Քաղաքականություն / Հայաստան
19:29, 06 апрель 2022
Վերջին օրերին սեփական բոլոր հեռուստաալիքներով, կայքերով և մամուլով Արցախին և Հայաստանին սպառնացող վերահաս վտանգի մասին գուժող և վճռորոշ հանրահավաքի հրավիրող «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների երեկվա համատեղ հանրահավաքին, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաշվարկի, մասնակցել է 11 200 մարդ։ 

Սա, մեղմ ասած, լուրջ մասնակցություն չէ, եթե հաշվի առնենք, թե ինչ վտանգների մասին է խոսում ընդդիմությունը, բանախոսների բերանով սպառնում, թե «թշնամին գալու է Երևան, հասնի Սարյան ու Կասկադ, չի թողնելու Սևանում ջուրը մտնենք», կամ որ «մեր երկիրը վտանգված է, ծայրահեղ վտանգված, պետք է զանգ խփել՝ արթնացման, զանգ խփել՝ համախմբման»:  

Ընդ որում, ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրավեր-համատեղ հայտարարության մեջ անգամ ոչ կուսակցականներին էին հրավիրել հրապարակ. «Բոլորս միասին, անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից, հավաքվենք «Ազատության» հրապարակում։ Դիմում ենք բոլորին, կուսակցություններին և անհատներին, մտավորականությանը և հասարակական կազմակերպություններին, հայաստանցիներին, արցախահայությանը և սփյուռքին: Կանգնենք կողք կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։ Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Ապրիլի 5, 18.30, արի «Ազատության» հրապարակ, ցույց տանք աշխարհին մեր միասնականությունը»,- ասվում էր հրավերքում։

Հիշեցնենք, որ ամռանը կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը ստացել էր 269 481 ձայն կամ 21.09 %, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 650 ձայն կամ 5.22 %։ Ասել է թե՝ միասին մոտ 335 հազար ձայն են ստացել։ 
 
Ստացվում է՝ մի քանի ամիս առաջ համատեղ մոտ 335 հազար քվե ստացած խորհրդարանական ընդդիմության՝ վճռորոշ և Արցախն ու Հայաստանը փրկելու կոչին արձագանքել է ընդամենը մոտ 11 հազար համակիր, ինչ թերևս հենց այդ ընդդիմության վստահության և աշխատանքի ցուցիչ է։

Մ․Խ․