Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ կարծում՝ ընդդիմությունը կարող է Արցախի հարցում որևէ բան փոխել, եթե մեկը լուծման տարբերակ ունի՝ ճիշտ կլինի առաջարկի․ Ասկերանի շրջանի վարչակազմի խոսնակ

Չեմ կարծում՝ ընդդիմությունը կարող է Արցախի հարցում որևէ բան փոխել, եթե մեկը լուծման տարբերակ ունի՝ ճիշտ կլինի առաջարկի․ Ասկերանի շրջանի վարչակազմի խոսնակ
Քաղաքականություն
19:12, 27 апрель 2022
Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում տևական ժամանակ է հանգիստ է՝ կրակոցներ չկան, բայց կանանց ու երեխաներին գյուղ վերադարձնելու որոշում դեռևս չկա։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթ գյուղի դպրոցի տնօրեն Անուշ Առաքելյանը և ընդգծեց, որ դպրոցը դեռևս չի գործում․ «Ես հիմա գյուղում եմ, կրակոցներ չկան, տարհանումից հետո՝ այս ողջ ընթացքում հանգիստ է եղել։ Բոլոր երեխաները կցված են իրենց բնակության վայրի դպրոցներում»։

Ասկերանի շրջանի վարչակազմի հանրային կապերի պատասխանատու Անահիտ Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած որոշում դեռ չկա՝ երեխաներին ու կանանց Խրամորթ վերադարձնելու, բայց որոշ կանայք ու այն երեխաները, որոնք դպրոցահասակ չեն գյուղում են ապրում․ «Ուղղակի, որ դպրոցը չի գործում, երեխաների պահով կանայք էլ այլ բնակավայրերում են մնում։ Իրավիճակի փոփոխություն էլ չկա, Փառուխ գյուղում էլ շարունակում են մնալ ռուս խաղաղապահները»,-հավելեց նա։

Հարցին՝ Հայաստանում ընդդիմությունը տևական ժամանակ է բողոքի ակցիաներ է կազմակերպում ընդդեմ գործող իշխանության, շահարկվում է հիմնականում Արցախի փրկության հարցը, արդյոք ընդդիմությունը կարո՞ղ է որևէ բան փոխել, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Չեմ կարծում, որ ընդդիմությունը կարող է որևէ բան փոխել այս իրավիճակում, երբ Ղարաբաղի անվտանգությունը լուծված չի։ Ճիշտ կլիներ, եթե մեկը լուծման տարբերակ ունի՝ առաջարկեր»։  

Մարտակերտի՝ Վաղուհաս գյուղի բնակիչ Մանուշակ Ասլանյանն էլ ընդգծեց, որ իրենց մոտ ևս շատ հանգիստ է, իրենց բնականոն կյանքով են ապրում, գյուղից էլ որևէ մեկը չի հեռանում՝ մտադրություն էլ չունեն, բայց մտահոգ են Արցախի հարցում։

Հիշեցնենք, որ դեռևս մարտի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր տեղափոխվեցին գյուղի կանայք և երեխաները։ Իսկ մարտի 24-ից Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում ռուս խաղաղապահներն են տեղակայված, ողջ բնակչությունը տարհանված է, Քարագլխի հատվածում Ադրբեջանի զինծառայողների որոշակի առաջխաղացման պատճառով։ Նարա Մարտիրոսյան