Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակցություններ են գնում, որ Քարագլխից Ադրբեջանի զինծառայողները հետ քաշվեն, սպասում ենք հրամանի, որ ժողովրդին վերադարձնենք Խրամորթ. գյուղապետ

Բանակցություններ են գնում, որ Քարագլխից Ադրբեջանի զինծառայողները հետ քաշվեն, սպասում ենք հրամանի, որ ժողովրդին վերադարձնենք Խրամորթ. գյուղապետ
Հասարակություն
17:19, 11 апрель 2022
«Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից հեռացած կանայք ու երեխաները դեռևս չեն վերադարձել։ Բնակիչների անվտանգությունը դեռևս ապահովված չէ, որ վերադառնան»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի վարչակազմի հանրային կապերի պատասխանատու Անահիտ Պետրոսյանն ու հավելեց, որ բնակչությունը Փառուխ գյուղ էլ դեռ չի վերադարձել՝ այնտեղ շարունակում են մնալ ռուս խաղաղապահները։  

«Բանակցություններ են գնում, որ Քարագլխից Ադրբեջանի զինծառայողները հետ քաշվեն, սպասում ենք»,- նշեց մեր զրուցակիցը։
Խրամորթի համայնքապետ Զորիկ Աբրահամյանն էլ ընդգծեց, որ գյուղում հանգիստ է՝ կրակոցներ չկան. «Սպասում ենք հրամանի, որ ժողովրդին վերադարձնենք։ Կանայք մեկ-մեկ գալիս-գնում են գյուղ, շոր են լվանում, գործ են անում, բայց երեխաներին չեն բերում, մի քիչ վտանգավոր ա»։  

Նշենք, որ օրերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության նիստի ժամանակ ընդգծել էր, որ Փառուխում տեղակայված են խաղաղապահ ուժերը, Քարագլխի հիմնական մի քանի բարձունքներում՝ ամենաբարձր կետում տեղակայված են Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները, նաև կամավորականները, ԱԱԾ ստորաբաժանումները, իսկ լեռնաշղթայի որոշ բարձունքներում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումները և ռուսական խաղաղապահները՝ արդեն ապրիլի 8-ից: «Ռուս խաղաղապահները ոչ միայն Փառուխի հատվածում են, այլև Քարագլխի հատվածում»,- ասել էր նա։ 

Արցախի նախագահը նշել էր նաև, որ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ շփման գծի ամբողջ երկայնքով պետք է տեղակայվեն ռուս-խաղաղապահները։ Նրա խոսքով՝ ըստ այդ հայտարարության՝ դիրքեր չպետք է լինեն ոչ հայկական կողմից, ոչ Ադրբեջանի, բայց քանի որ խաղաղապահ ուժերի քանակը բավարար չէ ամբողջ երկայնքով տեղակայվելու համար, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են ոչ միայն տեղակայվել, այլև մշտապես կրակի տակ պահել շփման գիծն ու հարևանությամբ գտնվող բնակավայրերը, հետևաբար Արցախի ՊԲ-ն շարունակում է մարտական հերթապահություն իրականացնել։

«Նման նախադեպ մենք ունեինք Եղծահողում, Մատաղիսի, Թաղավարդի հատվածում։ Լարված շփման գծի տարածքներում, որտեղ հետագայում մենք մեր դիրքերը փոխարինել ենք խաղաղապահ ուժերով, որոշակի կայունություն և ավելի հանգիստ իրավիճակ ենք ունենում»,- հիշատակել էր Արայիկ Հարությունյանը։ 

Նարա Մարտիրոսյան