Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ տարի առաջ Փաշինյանին հեռացնելու համար Ս. Սարգսյանին ու Ռ. Քոչարյանին գործակցության առաջարկ արած ՀՀ առաջին նախագահն այսօր հայտարարում է, որ ՀՀ ղեկավարի անձից ոչինչ կախված չէ

Մեկ տարի առաջ Փաշինյանին հեռացնելու համար Ս. Սարգսյանին ու Ռ. Քոչարյանին գործակցության առաջարկ արած  ՀՀ առաջին նախագահն այսօր հայտարարում է, որ ՀՀ ղեկավարի անձից ոչինչ կախված չէ
Քաղաքականություն / Հայաստան
21:25, 05 май 2022
ՀՀ առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանը Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման անթույլատրելիությանը, մի շարք գործիչների կողմից ստորագրված  «ողորմելի մանիֆեստին» անդրադառնալուց հետո վերջապես ժամանակ է գտել՝ անդրադառնալու նաև կարևորին՝ ներքաղաքական իրավիճակին։  Այսօր տարածված հայտարարության մեջ ՀՀ առաջին նախագահը մասնավորապես նշել է, թե ներքաղաքական առճակառումը,  իր կարծիքով, ոչ թե ուժեղացնում, «այլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը առաջիկա դժվարագույն բանակցություններում»: «Ուստի անհասկանալի է, թե որն է այսօրվա ընդդիմության բուն նպատակը: Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Նիկոլ Փաշինյանին փակցվել է «կապիտուլյանտ» պիտակը, ինչը թեև դիպուկ է, բայց կես-ճշմարտություն: Իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը:   Հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրը, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ: Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը»:

Նկատենք, որ այս անգամ առաջին նախագահը Փաշինյանի մասին արտահայտվելիս չի գործածել այնպիսի  ծայրահեղական բառապաշար, ինչպիսին օրինակ՝ «ազգակործան պահուհաս»-ը, չի միացել նրա հրաժարականի պահանջին՝ ինչպես մեկ տարի առաջ,  չի խոսել նրա, թեկուզ ժամանակավոր,  արտերկրում ապաստանելու մասին: Դիրքորոշման մեղմացումը, ինչպես ասում են,  տեսանելի է։ 

Ուշագրավ է, որ մեկ տարի առաջ ճիշտ այս օրը՝ մայիսի 5-ին, երբ արդեն նախանշված էին արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ ցնցող հայտարարությամբ՝ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին առաջարկելով   ընտրություններին մասնակցել  «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Այն նույն Սերժ Սարգսյանին և Քոչարյանին, որոնց անխոնջ քննադատն էր անցած անվազն 11 տարիների ընթացքում և որոնց ՀՀ բերելու և մեր վզին փաթաթելու համար ժամանակին ներողություն էր խնդրել։  «Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»,-մեկ տարի առաջ հայտարարել էր  առաջին նախագահը։ Վերջինիս առաջարկը, հիշեցնենք,  մերժվեց   նախկին նախագահների կողմից, Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ Ազգային Կոնգրեսը» արտահերթ ընտրություններին մասնակցեց միայնակ ու ստացավ քվեների 1.54  տոկոսը։ 

Ինչ է ստացվում տերպետրոսյանական վերլուծությունից՝ մեկ տարի առաջ այս օրերին Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը  ՀՀ-ին և Արցախի համար վտանգավոր էին և դա պետք էր կանխել  Սարգսյանի և Քոչարյանի հետ դաշինք կազմելով,  իսկ այսօր, պարզվում է,  Հայաստանի ղեկավարի անձից ոչինչ կախված չէ, ով էլ լինի՝ մեկ է, ստորագրելու է «վզին փաթաթվելիքը»։  

Հետաքրքիր է՝ եթե առաջին նախագահի առաջարկն ընդունված լիներ երկրորդ և երրորդ նախագահների կողմից, «Ազգային համաձայնության կոալիցիան» իրականություն դառնար, տեսնես  2008-ի «Մարտի 1»-ի  և հետմարտիմեկյան դժոխքի միջով անցած ՀԱԿ-ի անդամներն ու բյուր համակիրներն այսօր ի՞նչ էին անելու, շարքային «լաո»-ականի կարգավիճակում ո՞ր փողոցն էին փակելիս լինելու՝ երկրի ղեկավարի հրաժարականին հասնելու, երկրում բռնկված «խաղաղասիրական», «թրքասիրական» «հրդեհը» մարելու համար։ 

Բայց, ինչպես նախկին նախագահն է ասում, պատմությունը «եթե» չի սիրում, պատմությունն արձանագրում է այն, ինչն արդեն իրականացած է՝ նրա կողմից «թաթար-մոնղոլական խանական համակարգի տիպի»  իշխանապետության  պարագլուխներին   ուղղված ու մերժված  գործակցության առաջարկը։

Հ․Գ․ Տեր-Պետրոսյանն իր հայտարարությունը եզրափակում է «ազգանպաստ» առաջարկով՝  նշելով․ «Եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից»: Այս առաջարկի բանալի բառը «եթե»-ն է։
 
Ե․ Ազատյան