Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե հավաքն ուղեկցվում է հայհոյանքներով, վիրավորանքներով, բռնությամբ, դա օրենքով հստակ արգելված է և կապ չունի հանրային շահի հետ․ փաստաբան

Եթե հավաքն ուղեկցվում է հայհոյանքներով, վիրավորանքներով, բռնությամբ, դա օրենքով հստակ արգելված է և կապ չունի հանրային շահի հետ․ փաստաբան
Քաղաքականություն
20:46, 13 май 2022
Civic.am-ի զրուցակիցն է փաստաբան Գևորգ Դավթյանը:

- Պարոն Դավթյան, օրեր շարունակ ընդդիմությունը փակ է պահում Ֆրանսիայի հրապարակը, ու թեև ընդդիմադիրներն ասում են, որ դա իրենց հավաքներ անցկացնելու իրավունքն է, բայց մյուս կողմից էլ՝ դա անհարմարություն է պատճառում մյուս քաղաքացիներին, այս իրավիճակը օրինաչա՞փ երևույթ է, թե՞ ոչ, և կա՞ արդյոք հրապարակը փակ պահելու ողջամիտ ժամկետ։ 

- Հավաքների իրավունքն ամրագրված է ինչպես միջազգային օրենսդրությամբ, այնպես էլ մեր Սահմանադրությամբ, բայց խոսքը վերաբերում է այն հավաքներին, որոնք արտահայտում են ժողովրդի կամքը, այսինքն՝ խաղաղ հավաքների մասին է խոսքը, և խաղաղ հավաքներն իրենցից ենթադրում են որոշակի խոչընդոտների ստեղծում։ Այսինքն՝ դա, ըստ էության, բնական երևույթ է, ճիշտ է՝ որոշակի վնաս պատճառվում է հանրային շահին, բայց նորմալ երևույթ է, եթե դա ամբողջ հանրային շահի արտահայտման միջոց է։

- Ընդդիմադիրները պնդում են, որ 2018-ին նույնպես փակել էին  Ֆրանսիայի հրապարակը, ինչո՞ւ իրենք չեն կարող դա անել։

- Այն ժամանակ հանրային շահն էր արտահայտվում, բայց հիմա ես անձամբ չեմ տեսնում, որ այստեղ կա հանրային շահ։ Նախ՝ այստեղ չկա հանրային համախմբվածություն, կան որոշակի մարդկանց սուբյեկտիվ շահեր, որոնց համար դա կազմակերպվում է։ Բայց ուրիշ հասկացություն էլ կա այստեղ՝ արդյոք խաղաղ հավաքներն իրենցից ենթադրո՞ւմ են բռնություններ, իհարկե ոչ։ Դա հստակ արգելված է, եթե դա ուղեկցվում է բռնություններով, խուլիգանական դրսևորումներով, հայհոյանքներով, վիրավորանքներով, դա արդեն օրենքով պատասխանատվություն առաջացնող հանգամանք է, և այստեղ պետք է հասարակական կարգ պահպանվի, ու հասարակական կարգը տվյալ դեպքում արտահայտում է հանրային շահը։ Տվյալ դեպքում, երբ Ֆրանսիայի հրապարակը փակվում է, մարդիկ եթե դժգոհում են, որը մեծամասնության շահն է, բնականաբար խոչընդոտվում է նրանց իրավունքը, հետևաբար որոշակի ժամանակ անց եթե այն ալիքը բարձրանա, որն իսկապես վտանգում է ու վնասում և չի արտահայտում ժողովրդի կամքը, դա միանշանակ ենթակա է վերացման, և պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի ազատեն հրապարակը։ Այսօր, երբ ավտոերթեր են անցկացնում, մարդիկ որոշակի դժգոհություններ են հայտնում, որոշակի անախորժություններ են լինում, դա  նույնպես հիմք է, որպեսզի դա վերացվի, իրավական առումով դրա գործիքակազմը օրենսդրորեն կա։ Այլ հարց է, թե ինչ հանդուրժողականությամբ դա պետք է իրականացվի, դա հնարավորինս պետք է այնպես արվի, որ անգամ այն սուբյեկտիվ շահը ներկայացնողի շահին էլ չվնասի, այսինքն՝ բռնություն նրանց նկատմամբ չգործադրվի։ 

- Երբ ոստիկանությունը փորձում է բերման ենթարկել իրենց օրինական պահանջներին չենթարկվող քաղաքացիներին, նրանցից շատերը փորձում են ընդդիմանալ, ինչի հետևանքով առաջանում է քաշքշուկ, և հայտարարում են, թե ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել։ Դուք ի՞նչ եք կարծում, անհամաչափ ուժ գործադրվո՞ւմ է ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ։    

- Կան նորմատիվներ, օրենքներ, նաև իրավապահ համակարգի կանոնակարգ օրենքներ, որտեղ բռնություն հասկացությունը որոշակի առումներով կիրառվում է։ Այս պահին, եթե անձը հակադրվում է բերման ենթարկելու հրամանին, օրինակ՝ երբ մի քանի հոգի ճանապարհ են փակում, և ոստիկաններն ասում են՝ ճանապարհը բացեք, ու չեն բացում, այս դեպքում՝ ուզեն թե չուզեն, պետք է որոշակի հարկադրանքի միջոցներ կիրառեն, բայց չծեծեն։ Բայց եթե ես համեմատում եմ 2018-ից առաջվա ժամանակների հետ, ոստիկաններն անհամեմատ ավելի հանդուրժող են, նույնիսկ շատ քաղաքացիներ դժգոհում են այդ հանդուրժողականությունից։ Բայց ես կարծում եմ, որ ինչքան էլ դժգոհեն, չպետք է համեմատել այն ժամանակվա բռնությունների կիրառման հետ, ավելի լավ է ոստիկանությունը հանդուրժող լինի, քան թե կիրառի այն բռնությունը, որը շատ քաղաքացիներ այսօրվա դրությամբ ցանկանում են։ Ես հասկանում եմ, որ մարդիկ դեմ են նրանց, կարող է  անձնական, սուբյեկտիվ շահ լինել, որովհետև տեսնում են՝ ովքեր են հավաքված, նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնցից տարիներ շարունակ դժգոհել են և հենց իրենց գործողությունների պատճառով են կատարել հեղափոխություն, դրա համար էլ մարդիկ գրգռված են, բայց պետք է դրան չտրվել, և իրավապահ մարմինները պետք է ամեն ինչը կարգուկանոնով անեն։ 

- Գյումրիում ընդդիմադիրները ծեծեցին տարեց մարդկանց, ինչից հետո նրանցից ոմանք ձերբակալվեցին ու կալանավորվեցին, և դա ընդդիմադիրները ներկայացնում են որպես քաղաքական հետապնդում, իսկ պապիկներին ներկայացնում որպես իշխանության սադրիչներ։ Որպես իրավաբան ինչպե՞ս սա կբնորոշեք։ 

- Եթե օրինակ՝ ընդունենք, որ պապիկները վիրավորել են կամ սադրել են, այսինքն՝ պապիկները մեղավոր են, դա որևէ կերպ չի նշանակում, որ պապիկների հանդեպ պետք է կիրառվի  բռնություն։ 
Ինձ համար անհասկանալի է, որ կարող են բռնությունը որևէ կերպ արդարացնել։ Ես անձամբ եմ ականատես եղել, երբ Երևանում ավտոմեքենայով անցնում էի, ընդդիմության երթը գնում էր, ու երբ կանգառներում կանգնած մարդիկ դժգոհում էին, երթի  մասնակիցներից մի քանիսը այնպիսի հայհոյանքներ, վիրավորանքներ ու սպառնալիքներ էին տալիս, որ եթե ոստիկանները չլինեին, նրանք իրենց սպառնալիքները կիրականացնեին։

Շատ դեպքերում, երբ բռնություն գործադրած կամ այլ քաղաքացիներին վիրավորած ընդդիմադիրներին բերման ենթարկելուց հետո բաց են թողնում, քաղաքացիները սկսում են դժգոհել, բողոքել և այլ ենթատեքստեր փնտրել։ Ի՞նչ կասեք այդ մասին։

- Ես, որպես մասնագետ, դրա վերաբերյալ ունեմ հետևյալ կարծիքը. մենք սովոր ենք, եթե մարդը ինչ-որ բան է անում, ու դա մեզ անմիջականորեն տեսանելի է, մենք միանգամից սկսում ենք անձին դատապարտել, մենք ուզում ենք, որ այդ անձը բռնվի, քանի որ պապիկին ծեծել է, և այլն, բայց դա սխալ վերաբերմունք է, որովհետև պետք է պարզվի այդ ամբողջ օբյեկտիվ կողմը, թե այդ ինչ  իրադրություն է եղել, ոնց է եղել, որ այդպես է եղել, կան մեղմացուցիչ, ծանրացուցիչ հանգամանքներ։ Հիմա եթե մեկին կալանավորում են, մեկին չեն կալանավորում, բաց են թողնում, դա չի նշանակում, որ այդ արարքը չկա, ու այդ արարքի համար այդ անձը պատասխանատվություն չի կրելու։ Շատ վատ սկզբունք է, որ մեզ մոտ տարածված է։ Կալանքը խափանման միջոց է, և դրա նպատակը անձին պատժելը չի, դրա նպատակը անձին որոշակի նպատակներից հեռու պահելն է։ Դատարանի դատավճռով դա պետք է արվի։ 

- Կան դեպքեր, երբ քաղաքացիներն ապացույց չունեն, բայց գիտեն, որ տվյալ անձը կատարել է հանցագործություն, և երբ իրավապահ մարմիններն էլ չեն կարողանում տվյալ անձին պատասխանատվության կանչել, քաղաքացիների մոտ սկսում է դժգոհության ալիք բարձրանալ, և իշխանությանը մեղադրում են թուլության մեջ։ Ի՞նչ կասեք այս մասին։ 

- Այսինքն՝ ապացույց չունենալով՝ միայն ժողովրդի կամքով մարդուն պատժել։ Ժողովրդավարական երկրում այդպես չի լինում։ Ես հասկանում եմ, որ շատ հաճախ արդարությունն ու արդարադատությունը իրար չեն համընկնում, մարդը գիտի, բայց ապացույցների անբավարարության տեսանկյունից այդ մարդն արդարացվում է կամ պայմանական է պատիժը կրում, բայց դա չի նշանակում, որ պետությունը թուլացավ, ընդհակառակը՝ եթե պետությունը սկսի անձին վերաբերվել այնպես, ինչպես ժամանակին ներկայիս ընդդիմադիրներն էին վերաբերվում, իրենք կվերածվեն նույն գիգանտին, որից տարիներ հետո մենք ենք բողոքելու։ Ես կարծում եմ, որ պետությունը, դատական համակարգը շատ ավելի հանդուրժող պետք է լինի, դա՝ որպես ընդհանուր սկզբունք, իսկ  ինչ վերաբերում է գործադիր իշխանությանը, մենք ինքներս ենք ուզում, որ գործադիր իշխանությունը իրավապահ մարմինների գործերին չխառնվի, որովհետև դա ոչ միայն օրենքով է այդպես, այլև դա է ճիշտը, որովհետև նույն իրավապահ մարմինները պետք է քննեն  նաև գործադիր իշխանության գործողությունները, եթե կատարվի իրավախախտում։ Դրա համար այդքան էլ ճիշտ չէ մեղադրել իշխանությանը, որ իրենք ավելի հանդուրժող են։ Այո, կա դեպք, երբ ակնհայտ գիտենք, որ այս մարդը տարիներ շարունակ թալանել է, բայց չկա ապացույց, դրա համար իշխանությունն օրենք ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին, դա արդեն պատասխանատվության միջոց է։ 
Մեր միջոցով եղավ հեղափոխությունը, նույն ձևով այսօր իշխանությունը մեզ է ենթարկվելու, եթե  մենք այդպես պետք է վերահսկենք իշխանությանը՝ ասելով, չէ, պիտի տանես իրեն դատապարտես, դա ճիշտ չի։ Պետությունն առանձին չի, մենք ենք որոշել, որ մեր միջից ընտրված մարդիկ կանոնակարգեն հարաբերությունները, եթե մենք դժգոհում ենք իրենցից, ճիշտ ենք անում, մենք կարող ենք իրենց փոխել, բայց եթե մենք դժգոհում ենք, որ բռնություն չի կիրառում, դա արդեն տասնամյակների ընթացքում մեր մեջ վրեժի ծարավն է, որ մենք այդպես ենք ուզում։ Օրինակ՝ թեկուզ Քոչարյանի գործով, որ ասում են՝ պիտի տանեն իրեն կալանավորեն, էս անեն, էն անեն, ես այնքան էլ համաձայն չեմ, անձին թողնում եմ մի կողմ։ Եթե անձը պահպանում է խափանման միջոցի հետ կապված բոլոր պայմանները, ցանկացած իրավահարաբերության մեջ չի կարելի անձին ազատազրկել, եթե չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ինչքան էլ որ ես ուզում եմ դա, ինչքան էլ որ ես իմ մեջ համոզված եմ, որ ինքը կատարել է այդ արարքը, այդուհանդերձ պետք է սպասենք։ Այ, պետք է բողոքել ուրիշ բանի դեմ, թե ինչու է գործերի քննությունը այդպես ձգձգվում, ողջամիտ քննության իրավունքն է խախտվում, ժամկետներ են անցնում։ Դատական համակարգում դեռևս շատ խնդիրներ կան, բայց առաջ գիտեինք՝ ոնց էին դատավոր դառնում, հիմա գիտենք՝ ոնց են դառնում։
 
Լիլիթ Թադևոսյան