Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տհաճ միջադեպի առթիվ ներողություն եմ խնդրում տիկին նախարարից. Արման Բաբաջանյանը՝ ընդդիմադիր պատգամավորների փոխարեն

Տհաճ միջադեպի առթիվ ներողություն եմ խնդրում տիկին նախարարից. Արման Բաբաջանյանը՝ ընդդիմադիր պատգամավորների փոխարեն
Քաղաքականություն / Հայաստան
21:14, 08 июнь 2022
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մենք էլ ենք պատգամավոր եղել, մենք էլ ենք շատ նախարարներից դժգոհ եղել, բայց մի հատ ձեր վարքը նայեք, ձեր տոնը, ձեր հարցադրումները... 

Տհաճ միջադեպի առթիվ ներողություն եմ խնդրում տիկին նախարարից և հայ կնոջ կերպարի հետ ոչ մի աղերս չունեցող էս տեսակին ընտրած և այս պահին մեծ ափսոսանք ապրող ընտրողներից»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Ասպրամ Կրպեյանը ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ներխուժել էին ՀՀ առողջապահության նախարարության շենք, ապա` նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ։

Թեև ընդդիմադիր պատգամավորներին տեղեկացրել էին, որ նախարարը խորհրդակցության է, բայց դա հետ չէր պահել նրանց։ Քրիստինե Վարդանյանն առաջինն էր մտել խորհրդակցության սենյակ և թղթեր շպրտել Անահիտ Ավանեսյանի ուղղությամբ։

Աննա Մկրտչյանն ու Քրիստինե Վարդանյանն, իրար հերթ չտալով, Անահիտ Ավանեսյանին հարցրել էին՝ «Դավաճան Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը լա՞վ է, պաշտոնի համար արժե՞ այդքան իջնել» և այլն։

Նշենք, որ ժամեր անց նախարար Ավանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել էր իր աշխատասենյակ ներխուժած անձանց միջադեպին, գրելով. «Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։

Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ՝ այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել։

Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն՝ Հայաստանը օրենքի երկիր է»: