Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԳ նախարարներն անթույլատրելի են համարել մի պետության անվտանգության ապահովումը մյուսների հաշվին. Զաս

ԱԳ նախարարներն անթույլատրելի են համարել մի պետության անվտանգության ապահովումը մյուսների հաշվին. Զաս
Քաղաքականություն
15:45, 10 июнь 2022
Երևանում այսօր անցկացված ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստն ամփոփել են կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ու այս տարի նախագահող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նիստում ընդունվել է ԱԳ նախարարների հայտարարություն, որը ենթադրում է խորհրդատվությունների պլան անդամ երկրների ներկայացուցիչների համար՝ անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտներում՝ առաջիկա երեք տարվա համար՝ հայտնել է Արարատ Միրզոյանն ու հավելել՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը ևս անցկացնել Հայաստանում՝ չորրորդ եռամսյակում:

Կառույցի քարտուղարը հայտարարել է՝ նիստի ընթացքում մեծ տեղ է հատկացվել միջազգային իրադրությանը: ՀԱՊԿ բոլոր երեք տարածաշրջաններում իրավիճակը բարդ է՝ նշել է Զասը:

Ստանիսլավ Զաս (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար) - Ինչ վերաբերում է Արևելաեվրոպական տարածաշրջանին, իրավիճակն այնտեղ վատթարանում է, այդ պատճառով ՀԱՊԿ արտգործնախարարները հատուկ ուշադրություն դարձրին ՀԱՊԿ պատասխանատվության գոտու իրավիճակին: ԱԳ նախարարները հայտարարությամբ անթույլատրելի են համարել մի պետության անվտանգության ապահովումը մյուսների հաշվին:

Անգամ այս հայտարարությամբ նախարարներն աջակցություն են հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջնորդող դերին՝ համաշխարհային խաղաղության և անվտանգության հարցում:

Քննարկման երկրորդ թեման ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն էր վերաբերում. դա Հայաստանի առաջնահերթություններից մեկն է:

Ղազախստանում խաղաղապահ գործողությունների ժամանակ ստացած առաջին փորձը մեզ համար պարարտ հող է ստեղծել հետագա քայլերի համար: Ես տեղյակ պահեցի ԱԳ նախարարին, որ առաջիկա ամսվա ընթացքում կմշակենք փաստաթղթեր, որոնք ենթադրում են շտկումներ իրավական բազայում, զորքի և կառավարման մարմինների ոլորտում:

Շնորհակալ եմ արտաքին գործերի նախարարին, որ այսօրվա քննարկման ընթացքում նոր առաջարկներ և նախաձեռնություններ եղան, որոնց նպատակը կրկին ճգնաժամների ընթացքում արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է: