Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի կառավարությունը երկրի նախագահին թույլ չի տվել այցելել Ուկրաինա և Ֆրանսիա

Վրաստանի կառավարությունը երկրի նախագահին թույլ չի տվել այցելել Ուկրաինա և Ֆրանսիա
Քաղաքականություն / Աշխարհ
22:33, 10 июнь 2022
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ Բելգիայից հետո նախատեսել էր այցելել Լեհաստան, Ուկրաինա և Ֆրանսիա՝ բանակցություններ վարելու հանրապետությանը ԵՄ թեկնածուի կարգավիճակի շուրջ, սակայն կառավարությունն արգելել է՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ինձ ասացին, որ կառավարությունն արդեն արել է ամեն ինչ՝ աջակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացին»,- ասել է Զուրաբիշվիլին իր հեռուստաուղերձում։

Սա առաջին դեպքը չէ, երբ նախագահն ու կառավարությունը տարաձայնություններ են ունենում այցերի հարցում։ Դեռևս մարտին՝ խորհրդարանում իր ամենամյա ուղերձի ժամանակ, Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ մասնավոր այցեր է կատարել եվրոպական մի շարք երկրներ՝ առանց կառավարության համաձայնության։ Իշխող կուսակցությունը նախագահին մեղադրել է սահմանադրությունը խախտելու համար, իսկ ավելի ուշ կառավարությունը հայտարարել է, որ նախագահը դեմ է եղել մի շարք դեսպանների նշանակմանը։

Հունիսի սկզբին նախարարների կաբինետը հայց ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ ընդդեմ նախագահի՝ իշխանության ճյուղերի միջև իրավունքներն ու լիազորությունները հստակեցնելու խնդրանքով։ Ըստ կառավարության՝ դեսպանների նշանակումը և նրանց պաշտոնանկությունը չի մտնում Վրաստանի նախագահի սահմանադրական լիազորությունների մեջ։