Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՀՀԿ-ն քաղաքական ուժ չէ և բացարձակ կարևոր չէ, թե ում կսատարի կամ չի սատարի, եթե օրենքը պահպանվի»․ քաղաքագետ

«ՀՀԿ-ն քաղաքական ուժ չէ և բացարձակ կարևոր չէ, թե ում կսատարի կամ չի սատարի, եթե օրենքը պահպանվի»․ քաղաքագետ
Քաղաքականություն
20:03, 31 март 2021
Մամուլը շարունակում է գրել, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մտադիր չէ մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ գիտի, որ ՀՀԿ-ն ցածր վարկանիշ ունի և առավելագույնը մի քանի  պատգամավորական մանդատի համար չի ցանկանում  լեգիտիմացնել առաջիկա ընտրությունները։  
Ավելին, ըստ մամուլի հրապարակումների, Սերժ Սարգսյանը առաջիկա ընտրություններին մտադիր է պաշտպանել ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին և այս որոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել կուսակցության ներսում։ 

ՀՀԿ-ականների մի մասը հակված է աշխատել Քոչարյանի համար, ավելին, որոշները մտադիր են առաջադրվել հենց Քոչարյանի ցուցակով։

 Մեր տեղեկություններով՝ Երևանի մի քանի թաղապետարանների ՀՀԿ-ական աշխատակիցներ արդեն ակտիվ եռուզեռի մեջ են, ցուցակներ են կազմում, պոտենցիալ ձայներն են հաշվարկում Քոչարյանի համար։

ՀՀԿ խորհրդի անդամ Կարինե Աճեմյանը բոլոր այս հրապարակումները, տեղեկությունները, խոսակցությունները համարում է  «սադրիչ հայտարարություններ», որով փորձ է արվում ՀՀԿ-ին սադրել։ «ՀՀԿ-ն նախ արձանագրել է, որ այսօրվա դրությամբ չկա ընտրությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն։ Իսկ մեր ներքին քննարկումները շատ տարբեր են, տարբեր ֆորմատներով են և վերջնական որոշում դեռ չկա։ Նաև չկա որոշում չմասնակցելու, կամ՝ հաստատ մասնակցելու մասին։ Եվ քանի որ որոշում չունենք չմասնակցելու վերաբերյալ՝ չենք էլ կարող որոշում ունենալ որեւէ ուժի սատարելու վերաբերյալ։ Մենք այդ հարցերին կանդրադառնանք միայն այն ժամանակ, երբ կլինի ընտրությունների վերաբերյալ օֆիցիալ հայտարարություն»,-ասաց Աճեմյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ամենակայացած կուսակցությունն է։ 

Նրա համոզմամբ՝ 2018-ից միայն ՀՀԿ-ն է եղել սկզբունքային ընդդիմություն և իրենք անպայման դիրքորոշում կհայտնեն ընտրությունների վերաբերյալ, եթե, իհարկե, լինի ընտրութունների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն։ «Մենք մեծ ներուժ ունենք։ 2018 թվականի ԱԱԾ-ի ոչ պաշտոնական տվյալներով, մենք անցած ենք եղել, շատ ավելի ձայն ենք հավաքած եղել քան իրականում արձանագրվել է։ Հետևաբար մենք որեւէ անհանգստություն չունենք։ Մենք բազմաթիվ կառույցներ ունենք մարզերում, քաղաքներում, որոնք գործում են այս երեք տարի։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքական վարքագիծ դրսևորող ամենապրոֆեսիոնալ ուժը դա ՀՀԿ-ն է։ Եվ ես կարծում եմ, որ ներկա բոլոր խոսակցությունների հիմքում հենց ընկած է այն հանգամանքը, որ մենք ունենք ռեսուրս, ունենք համակիրներ և դա է պատճառը, որ նման խոսակցութուններ են գեներացվում։ Բոլորին հետաքրքրում է, թե այս դաշտում ՀՀԿ-ն ինչ դիրքորոշում կունենա։ Մնացածների գործունեությունը կախված է մեր դիրքորոշումից»,-եզրափակեց ՀՀԿ-ական նախկին պատգամավորը։

Վերլուծաբան Արեգ Քոչինյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ Հանրապետականի պես փոքր և արտախորհրդարանական ուժերի դերը այս պահի դրությամբ Հայաստանի քաղաքական դաշտում լուսանցքային է, և թե իրենք ում կսատարեն, ում չեն սատարի, այդ հաշվարկները քաղաքական չեն։ «ՀՀԿ-ն, իր էությամբ, քաղաքական ուժ չէ և բացարձակ կարևոր չէ, թե իրենք ում կսատարեն, կամ չեն սատարի, դա էական չէ»,-ասաց Քոչինյանը։

Մեր դիտարկմանը՝ նախորդ բոլոր ընտրություններին մասնակցության մեծ փորձ ունեն, գիտեն ինչպես կեղծել ընտրությունները, ինչպես ձայն հավաքել, գիտեն ինչպես թաղային խուժանին օգտագործել ընտրությունների ժամանակ, վերլուծաբանը նկատեց․ «Ձեր կողմից նշած բոլոր գործընթացները իրենց էությամբ քաղաքական չեն։ Դրան պետք է գնահատական տան իրավապահ մարմինները; Այլ բան, որ  գործող իշխանությունները բավարար կամք, ուղեղ և պոտենցիալ  չեն ցուցաբերել որպեսզի այդ ուժերին տան իրենց հասանելիք քաղաքական գնահատականը։ Ես չեմ բացառում, որ այդ ուժը կարող է ազդեցություն ունենալ ընտրությունների  վրա, չեմ բացառում, որ իրենք  կարող են բռնությունների դիմել, իրենք  կարող են փորձել դիմել ընտրակեղծարարությունների»։ 

«Իրենք կարող են ցանկացած ճանապարհով փորձել լուծել իրենց առաջ դրված խնդիրը բացի միակ սահմանադրական ճանապարհից՝ ժողովրդի կամաարտահայտումից։ Իրենք դա շատ լավ հասկանում են և իրենց վերարտադրությունը որեւէ կերպ չեն կապում  ժողովրդի կամարտահայտության հետ»,-ասաց Քոչինյանը՝ հավելելով, որ եթե մնում ենք Սահմանադրության և իրավունքի շրջանակներում, ապա ոչ մի ազդդեցություն չի ունենա այն հանգամանքը, թե ՀՀԿ-ն որ ուժին կսատարի ընտրությունների ժամանակ։ 

Բայց եթե դուրս ենք գալիս այդ շրջանակից, ապա  ըստ նրա, և ՀՀԿ-ի սատարումը կարող է ազդեցություն ունենալ, և գողական շրջանակների, մաֆիայի ազդեցությունն էլ կարող է դերակատարություն ունենալ։ 
Արփի Հարությունյան