Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերստին հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի նամակը Էրդողանին․ Ինչ հետևանք ունեցավ այն 2005-ին

Վերստին հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի նամակը Էրդողանին․ Ինչ հետևանք ունեցավ այն 2005-ին
Քաղաքականություն
11:02, 07 апрель 2021
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Վերստին հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի նամակը Էրդողանին, որը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկ նամակի պատասխանն էր: Ռոբերտ Քոչարյանի պատասխանը ճիշտ էր ու դիպուկ՝ միջկառավարական հարաբերություն, առանց նախապայմանի: 
Էստեղ թերեւս հարկավոր է ուշադրություն դարձնել ժամանակին՝ 2005 թվական: 2005-06 թվականներին բավականին լարված էր հարաբերությունը Ռուսաստանի հետ: Ընդհուպ այն աստիճան, որ Հայաստանի նախագահի խոսնակը կարող էր իրեն թույլ տալ Ռուսաստանի հասցեին անել օրինակ այսպիսի արտահայտություն. «Ստեղծված իրավիճակում մեզ առավել շատ մտահոգում է այն փաստը, որ Հայաստանում ձեւավորվում է հասարակական կարծիք, որը դժվար է բարենպաստ անվանել Ռուսաստանի համար: Մեզ մտահոգում է այն, որ երկարաժամկետ հեռանկարում նման տրամադրությունները կարող են իրենց դերը խաղալ», կամ՝ «հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը՝ մենք կարծում էինք, որ ռուսական գազի գնի որոշման հարցը կարող էր ունենալ ավելի պարզ լուծում եւ չպահանջեր այսքան երկար բանակցություններ»:

Իրականում, գազը այդ պարագայում քաղաքական ճնշման միջոց էր, որին ենթարկվում էր Հայաստանը Ռուսաստանից: Դրա շնորհիվ՝ հայ-իրանական գազամուղը, ըստ էության, անցավ Գազպրոմին, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը՝ որի վերաբերյալ կային իրանական եւ անգամ չինական առաջարկներ, դարձյալ անցավ Գազպրոմին: Եվ, ի վերջո, Ռուսաստանում չանցավ 2007-08 թվականների իշխանության շարունակության Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը, եւ Սերժ Սարգսյանը 2008-ի մարտին «ընտրված նախագահի» կարգավիճակով այցելելով Մոսկվա շնորհակալություն հայտնեց ՌԴ «հեռացող» նախագահ Պուտինին՝ նախագահի ընտրությանն իրեն աջակցելու համար: Տողատակը պարզ է՝ իրեն, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար: 

Այդ հետո, արդեն Սերժ Սարգսյանին «բռի» մեջ պահելու համար Մոսկվան Ռոբերտ Քոչարյանին պետք է նշանակեր «Պուտինի ընկեր»:
2005 թվականին Էրդողան-Քոչարյան նամակագրությունը պետք է դիտարկել հենց այդ՝ փոխկապակցված համատեքստում, նաեւ նկատի ունենալով հանգամանքը, որ այդ ժամանակ էլ Պուտինը սերտ հարաբերություն էր սկսել Բաքվի հետ, շատ սերտ, ընդհուպ այն, որ պաշտոնական արարողակարգի շրջանակում այցելում էր այսպես կոչված «շահիդների ծառուղի» եւ հարգում Արցախի դեմ պատերազմում զոհված ադրբեջանցիների հիշատակը:

Քաղաքականությունը եւ Հայաստանի պատմությունը մի քիչ ավելի բարդ գործընթաց է, քան ֆուտբոլային երկրպագուի նման այս կամ այն գործչին «բալետ» անելը:

Հ.Գ. եվ, ի դեպ, գազային վեճը լուծվեց այնպես, ինչպես ուզում էր Ռուսաստանը՝ գազը թանկացավ, բայց պայմանով, որ հաջորդ երեք տարին չեն թանկացնի: Իհարկե դրա դիմաց էր, որ Հայաստանը Գազպրոմին վաճառեց Հրազդանի 5-րդ բլոկը: Ընդ որում, Ռուսաստանը ըստ էության հետ ստացավ իր իսկ վճարած փողի առնվազն կեսը՝ թանկացած գազի սուբսիդիայի տեսքով: