Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զատուլինի պնդումը կեղծ է․ Հրաչյա Հակոբյանը ռուս պատգամավորի մուտքի արգելքի հարցով Ադրբեջանի հետ ընդհանրություններից չի խոսել․ fip.am

Զատուլինի պնդումը կեղծ է․ Հրաչյա Հակոբյանը ռուս պատգամավորի մուտքի արգելքի հարցով Ադրբեջանի հետ ընդհանրություններից չի խոսել․ fip.am
Քաղաքականություն
16:39, 27 октябрь 2022
Հոկտեմբերի 26-ին ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը,  տելեգրամյան իր ալիքում անդրադառնալով Հայաստան մուտք գործելու արգելքին, պնդել է, թե ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «ուրախությամբ է խոսել» իրեն «անցանկալի անձ» հայտարարելու հարցում Ադրբեջանի ու Հայաստանի ընդհանրության մասին։ 

«Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը պարոն Փաշինյանի աներձագն է, ուրախությամբ հայտարարել է, թե այն փաստը, որ Հայաստանն այժմ միացել է Ադրբեջանին, որն ինձ 2010-ին «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել, վկայում է երկու երկրների միջև առաջացող ընդհանրության մասին»,- իր տելեգրամյան գրառման մեջ նշել էր Զատուլինը։ 

ՌԴ պետդումայի պատգամավորի այս գրառումը վերահրապարակել են մի շարք հայաստանյան լրատվամիջոցներ՝ Yerevan.todayAravot.amNews.amMediahub.am և այլն։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց Հրաչյա Հակոբյանի՝ Զատուլինին «անցանկալի անձ» հայտարարելու թեմայի վերաբերյալ ճեպազրույցները,  հարցազրույցները, որոնք նա տվել է Factor.am-ին, 24TV-ին, և  պարզեց, որ ՔՊ-ական պատգամավորը չի հնչեցրել ՌԴ պետդումայի պատգամավորի կողմից իրեն վերագրվող խոսքերը։ 

FIP.am-ը կապ հաստատեց Հակոբյանի հետ, որը ևս հերքեց այդ պնդումը․ նման ձևակերպում ինքը չի արել։ 

«Ես որևէ տեղ նման հայտարարություն չեմ արել»,- ասաց նա մեզ հետ հեռախոսազրույցում։

Այսպիսով, Կոնստանտին Զատուլինի պնդումը, թե ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն «ուրախությամբ հայտարարել է» իրեն անցանկալի անձ հայտարարելու հարցում Ադրբեջանի ու Հայաստանի ընդհանրության մասին, չի համապատասխանում իրականությանը։