Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԳ փոխնախարարը և ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարիչը քննարկել են ՀՀ տուժած սահմանամերձ գոտիներում հումանիտար հնարավոր

ԱԳ փոխնախարարը և ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարիչը քննարկել են ՀՀ տուժած սահմանամերձ գոտիներում հումանիտար հնարավոր
Քաղաքականություն
19:48, 01 ноябрь 2022
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կառավարչի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըկՔիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել համագործակցության հետագա ընդլայնման և նոր նախաձեռնությունների իրականացման շուրջ։

Ըստ աղբյուրի՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԱՄՆ և, մասնավորապես, ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցության դերը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների իրականացման գործում:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանն Էրին Էլիզաբեթ ՄըկՔիին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքնով ստեղծված իրավիճակը: Մտքեր են փոխանակվել ՀՀ տուժած սահմանամերձ գոտիներում հումանիտար բնույթի հարցերը հասցեագրելու ուղղությամբ հնարավոր փոխգործակցության շուրջ: