Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակն էլ խառնեցին, ամեն ինչ էլ արեցին, մենակ թե իշխանության գան, պարտություն էլ կրել տվեցին, որ իշխանության գան. Գագիկ Մելքոնյան

Civic.am-ի զրուցակիցը գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն է։ Վերջինիս հետ անդրադարձել ենք Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հնչեցված մեկնաբանություններին։

Գագիկ Մելքոնյանը նշեց, որ հիմնականում համամիտ է Սամվել Բաբայանի տեսակետների ու ասածների հետ, և ինքն էլ կարծում է, որ մենք պատրաստ չենք եղել պատերազմին։

Մելքոնյանը նշեց, որ քաղաքական իշխանությունները տարիներ շարունակ չեն պատրաստվել պատերազմի։ «Պատճառը նախ այն է, որ մեր հույսը դրել էինք ուրիշների վրա՝ Ռուսաստանի, Մինսկի խմբի համանախագահների, որ իրենք թույլ չեն տա պատերազմ լինի, այն դեպքում, երբ Ադրբեջանը նշում էր, որ ինքը պատրաստվում է վերցնել իր հողերը», - ասաց Գագիկ Մելքոնյանը։

Գեներալ-լեյտենանտը նշեց, որ բանակը երեք տարում չի քանդվել։ «Ուղղակի 10-15 տարի բանակում ոչինչ չի արվել։ Մատը մատին չի տրվել։ Դրա համար պետք է մեղադրել ոչ նթե ներկայիս քաղաքական իշխանությանը, այլ՝ բոլորին։ Վերջին քսան տարում ոչ ոք ոչինչ չի արել բանակի համար», - ասաց նա։ 

Մելքոնյանը նշեց, որ ՄՈԲ-ը ձևական է մասնակցել զորավարժություններին և պատրաստ չի եղել պատերազմին։

Մեր զրուցակիցը նշեց, որ բանակում ևս, ինչպես բոլոր ոլորտներում, նշանակումներն արվել են խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, և սպաների մեծամասնությունը իրենց տեղում չեն եղել, մասնագիտական բավարար գիտելիքներ և փորձ չեն ունեցել։ «Մովսես Հակոբյանը թող հիշի, թե քանի՞ սպա անտեղի զորացրեց, երբ պատերազմի ժամանակ մենք սպաների պակաս ունեինք։ Մոտ 500 մարդ մենակ Մոսին զորացրեց, որպեսզի մարդիկ զինվորական կենսաթոշակի չհասնեն։ Շատ սպաներ այդպես էլ զինվորական կենսաթոշակ չստացան, իսկ իրենց տեղը մնաց բաց»,- ասաց Գագիկ Մելքոնյանը։

Անդրադառնալով Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի չորրորդ օրը արած զեկույցին, որ պատերազմը պետք է շտապ դադարեցնել, Մելքոնյանն ասաց․ «Եթե ինքը գրավոր զեկուցել է, ապա զեկուցագրի մի օրինակը մնում է Պաշտպանության նախարարությունում, իսկ մյուսն ուղարկվում է վարչապետին։ Եթե զեկուցել է, թող իր օրինակը ցույց տա»։

Անդրադառնալով անընդհատ շրջանառվող զոհերի ուռճացված թվերին, «Լելե Թեփեի» օպերացիայի ընթացքում, իբր, զոհված 700 մարդուն և այլ սուտ ինֆորմացիոն հոսքերին, Գագիկ Մելքոնյանը նշեց, որ այս ամենն արվում է իշխանությունը վերցնելու համար։

«Պատճառը հիմնականում իշխանությունը վերցնելու համար է. գալ իշխանության ինչ գնով ուզում է լինի։ Թող Գլխավոր շտաբը բերի ցույց տա, որ այ «Լելե Թեփեի» օպերացիա է նախապատրաստվել, այսպիսի օպերացիա է եղել, էս ստորաբաժանումներն են մասնակցել և այլն։ Թող էդ ստերը վերջացնեն։ Բանակն էլ խառնեցին, ամեն ինչ էլ արեցին, մենակ թե իշխանության գան, պարտություն էլ կրել տվեցին, որ իշխանության գան», - ասաց Գագիկ Մելքոնյանը։

Ըստ Մելքոնյանի՝ Քյանդ-Հորադիզ օպերացիայով մենք կարող էինք բեկում մտցնել պատերազմի ընթացքին, ինչը չի արվել անհասկանալի պատճառներով։

Անդրադառնալով նախկին գեներալներին, որոնց մուտքը հրամանատարական կետ արգելվել է, Մելքոնյանն ասաց, որ գործող հրամանատարներն են որոշում, թե ով պետք է մուտք ունենա հրամանատարական կետ, ով՝ ոչ, և ինքը չի կարծում, որ այդ գեներալների այնտեղ լինելը պարտադիր էր։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան