Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բաբայանի ասածները կարող են լինել այն կծիկը, որից կարող է բացահայտվել ամբողջ ճշմարտությունը»․ Ռազմիկ Պետրոսյան

«Բաբայանի ասածները կարող են լինել այն կծիկը, որից կարող է բացահայտվել ամբողջ ճշմարտությունը»․ Ռազմիկ Պետրոսյան
Հայաստան
20:00, 19 апрель 2021
«Սամվել Բաբայանը պատահական մարդ չէ, պատերազմի ժամանակ լուրջ պաշտոն է զբաղեցրել, շատ լուրջ ինֆորմացիաների է տիրապետում։ Բաբայանի ասածները կարող է լինել այն սկիզբը, կծիկը, որից էլ կարող է բացահայտվել ամբողջ ճշմարտությունը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Ազատամարտիկների դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։ 
 
Նրա խոսքով  պատերազմի հանգամանքների բացահայտումը յուրաքանչյուր գիտակից մարդու խնդիրն է, ոչ թե ընդդիմության կամ իշխանության. «Հետաբար ես ողջյունում եմ, որ Բաբայանն իր ունեցած ինֆորմացիան հանրայնացնում է, որոնց իսկության ստուգումը արդեն իրավապահների գործն է։ Իհարկե, այսօր արդարադատություն չունենք, բայց գտնում եմ, որ սա քաղաքական խնդիր չէ, ու պետք է այդ համակարգն էլ իրական բացահայտման կողմնակից լինի»,- ասաց Պետրոսյանը։ 

Հիշեցնենք, որ Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ բավական ուշագրավ հայտարարութուններ արեց։ Բաբայանը խոսեց Լելե Թեփեի հայտնի օպերացիայից, ասաց, որ այդպիսի օպերացիա, ըստ էության, չի եղել, 700 զոհ այդ օպերացիայի ժամանակ չի եղել։ Բաբայանը, խոսելով պարտության պատճառներից, նշեց, որ մեծամասամբ գեներալներն իրենց տեղում չեն եղել և հիմա էլ այդ գեներալները փորձում են իրենց գործողություններով թաքցնել պարտության պատճառները։ Սամվել Բաբայանը մեծապես կարևորեց քննության անհրաժեշտությունը։ 

«Եթե Սամվել Բաբայանը հիմա է բարձրացրել այդ հարցը, ես պատերազմի օրերին եմ ասել, թե այս ո՞ւմ են հրամանատարներ նշանակել։ Այն ինչ ռազմաճակատից եկած զինվորները պատմում են իրենց որոշ հրամանատարների մասին, բոլորովին հրամանատարի վարքագիծ չի եղել։ Այո, զեկուցագրերով պետք է հանել ու հասկանալ, թե ժամանակին ով է նրանց առաջ քաշել ու կանչել պատասխանատվության»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ 

Վերջինս կարևորեց հատկապես հարավային ուղղությամբ գործողություններին անդրադարձը։ Սաֆարյանի խոսքով` պատերազմի ժամանակ այդ ուղղությամբ ունենալով հարազատներ, շատ ավելի մեծ ինֆորմացիայի է տիրապետում, ինքն է պատերազմին օրերին ՊՆ-ի առաջ հարց բարձրացրել և տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող է հրամանատարը թողնել  զինվորներին ու փախուստի դիմել, կամ ինչու պետք է 18 տարեկան տղաները մնային մարտի դաշտում շիվարած, առանց հրամանատարի. «Վիրավորների հետ կապված ևս խնդիր է եղել։ Սամվել Բաբայանն էլ խոսեց 1700 զինվորների մասին, հարց բարձրացրեց՝ նրանք բոլորը մահացած են եղե՞լ, թե՞ վիրավորներ էլ են եղել ու չեն տարհանվել։ Ես դեմ եմ, որ բոլոր գեներալների ու սպաների վրա տարածվի այս ամենը, բայց լուրջ քննության անհրաժեշտություն կա։ Զինվորականի գործը դա համազգեստ հանգնելն ու թանկարժեք մեքենա քշելը չէ, դա աշխատավարձ ստանալ չէ։ Այդ մարդիկ շատ ավելի լուրջ պարտավորություն են ունեցել, այդ թվում` իրենց վստահված տղաների կյանքը։ Ինչպես էլ գնում ենք, հանգում ենք նախկիններին։ Նախկինների վերաբերյալ դիսկուրսը չափազանցված չէ։ Գուցե մարդիկ կան, որ հոգնել են այդ նախկին-ներկա բանավեճից, բայց մի խումբ մարդիկ էլ դա դիտմամբ են անում, որպեսզի այդքան չխորանանք։ Բայց պատերազմի արմատները շատ խորն են։ Պատերազմը երկու տարում չի ծնվել, պարտությունը երկու տարում չի ծնվել։ Մենք Ադրբեջանի հետ 1/10 հարաբերակցություն ենք ունեցել ու դա 2-2.5 տարում չի եղել։ Եթե ռազմական օպերացիաները ճիշտ չեն մշակվել և այլ դրվագներ, ապա չես կարող չգնալ դեպի նախկիններ»,-ասաց Սաֆարյանը՝ ավելացնելով, որ այն, որ որոշ հրամանատարներ իրենց տեղում չեն եղել, և ոմանք արժանի չեն եղել կրելու հրամանատարի ուսադիրներ, դա միանշանակ է և պատերազմի արդյունքները դա ապացուցեցին։ 

Ինչ վերաբերում է այդ դրվագների վերաբերյալ քննությանը, ապա Սաֆարյանը նշեց, որ շատ վատ է, որ մենք այսօր չունենք այնպիսի իրավապահ համակարգ, որին կարելի էր վստահել այդ գործերի քննությունը. «Այսօր սովորական գործերը չեն բացահայտվում, ուր մնաց այս դրվագներով գործերը բացահայտվեն։ Եվ խոսքը 800 գործի մասին է։ Ինչ որակով դրանք կքննվեն, չենք կարող լավատես լիենլ։  Բայց դա էլ լուծելի հարց է։ Պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով, հատուկ մարմիններ, որոնք կարող են իրականությունը վեր հանել»,- եզրափակեց Սաֆարյանը։ 

Արփի Հարությունյան