Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 6 թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել․ ԿԸՀ որոշմամբ հաջորդ 4-ը ստացան պատգամավորի մանդատներ

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 6 թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել․ ԿԸՀ որոշմամբ հաջորդ 4-ը ստացան պատգամավորի մանդատներ
Քաղաքականություն
13:42, 08 декабрь 2022
Այսօր ԿԸՀ-ն անցկացրեց արտահերթ նիստ, որի օրակարգում կար մեկ հարց՝ ԱԺ պատգամավորների մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունների կազմումը։

Նիստի ժամանակ ներկայացվեցին «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից ինքնաբացարկ հայտնած թեկնածուների անունները, և որոշում կայացվեց նրանց թեկնածությունն ուժը կորցրած ճանաչել։

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուներն են՝ Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայաթ Շիրինյանը և Դավիթ Սահակյանցը։

Այնուհետև տեղի ունեցավ նոր պատգամավորական մանդատների արձանագրման գործընթաց։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը վաղաժամկետ դադարեցրել են իրենց պատգամավորական գործունեությունը։

Համաձայն օրենքի պատգամավորի գործունեության վաղաժամկետ դադարեցումից հետո, նրա փոխարեն պատգամավորի մանդատ է ստանում նախընտրական ցուցակում հերթական հաջորդ թեկնածուն։

«Հայաստան» դաշինքի վերոնշյալ պատգամավորներին հաջորդում են համապատասխանաբար Մհեր Սահակյանը, Արփինե Վարդանյանը, Արման Ղազարյանը և Իրինա Գասպարյանը։

Եւ այսպես «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի, Ելենա Կիրակոսյանի լիազորությունները ԱԺ նախագահի կարգադրությամբ դադարեցին, և նրանց մանդատները ԿԸՀ արձանագրությամբ համապատասխանաբար տրամադրվեցին Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։