Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԳՆ-ն պետություններին կոչ է անում ձեռնարկել Ադրբեջանի ցեղասպան գործողություններն անհապաղ դադարեցնելու միջոցներ

Արցախի ԱԳՆ-ն պետություններին կոչ է անում ձեռնարկել Ադրբեջանի ցեղասպան գործողություններն անհապաղ դադարեցնելու միջոցներ
Քաղաքականություն
19:15, 18 январь 2023
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել երկրի  գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ՝ պետություններին կոչ անելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ համաձայն ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության. այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից:  

Հայտարարության մեջ նշված է. «Հունվարի 18-ին՝ Արցախի շրջափակման 38-րդ օրը, Ադրբեջանը կրկին խափանել է իր վերահսկողության տակ գտնվող Հայաստան-Արցախ գազատարի աշխատանքը՝ Արցախի 120 հազար բնակչությանը զրկելով ջեռուցման և տաք ջրի հնարավորությունից։
 
Հարկ է նշել, որ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը պարբերական բնույթ է կրում։ Արցախի գազամատակարարումը դադարեցվել էր նաև 2022 թ․ մարտին՝ ավելի քան 20 օրով, Արցախի շրջափակման երկրորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին՝ 3 օրով, ինչպես նաև հունվարի 17-ին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը միտումնավոր շարունակում է խոչընդոտել իր վերահսկողության տակ գտնվող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի վերականգնման աշխատանքները, որը վթարվել էր հունվարի 9-ին։
 
Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի կազմակերպված և շարունակական շրջափակումը, ժողովրդի համար անտանելի կենսապայմանների ստեղծումը և հումանիտար աղետի խորացումը հետապնդում է մեկ նպատակ՝ ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ հայաթափելով Արցախը։ Այսպիսով Ադրբեջանը փորձում է վերջնականապես փակել Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հարցը։  
 
Այս համատեքստում միջազգային հանրության թե՛ անհատական, թե՛ հավաքական քայլերը պետք է ուղղված լինեն վաղ կանխարգելմանը: Կոչ ենք անում պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ համաձայն ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության»։