Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես որ մենք ենք շրջափակման մեջ, այնպես էլ փակուղու առաջ է Ալիևը, նա մեծ ճնշումների տակ է, պետք է կարողանանք դիմանալ, այս ամենը չի կարող քաղաքական հետևանք չունենալ Ադրբեջանի համար․ արցախցի գործիչ

Ինչպես որ մենք ենք շրջափակման մեջ, այնպես էլ փակուղու առաջ է Ալիևը, նա մեծ ճնշումների տակ է, պետք է կարողանանք դիմանալ, այս ամենը չի կարող քաղաքական հետևանք չունենալ Ադրբեջանի համար․ արցախցի գործիչ
Քաղաքականություն
16:34, 27 январь 2023
Չնայած միջազգային կառույցների, առանձին երկրների կողմից կտրուկ պահանջներին և քաղաքական ճնշումներին՝ արդեն 47 օր Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեռևս գործնական արդյունք չի տալիս մեկ շաբաթ առաջ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով եվրոպական երկրները կոչ են անում Ադրբեջանին անմիջապես վերաբացել Լաչինի միջանցքը՝ ապահովելու ազատ տեղաշարժը և հիմնական ապրանքների ու ծառայությունների հասանելիությունը՝ հարգելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Բացի դրանից՝ Եվրախորհրդարանը հատուկ կետով անդրադարձել է ռուս խաղաղապահների գործունեությանը, ավելի շուտ՝ անգործությանը՝ դատապարտելով և նշելով, որ ՄԱԿ-ի մանդատին համապատասխան ԵԱՀԿ միջազգային խաղաղապահների կողմից նրանց փոխարինումը պետք է համաձայնեցվի հրատապ կարգով: Բանաձևով կոչ է արվում Լաչինի միջանցք ուղարկել ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար: 

Բանաձևը, բնականաբար, մեծ ակնկալիքներ առաջացրեց արցախահայության շրջանում։ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) շուրջ 40 հասարակական կազմակերպություններ բաց նամակ հղեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ կոչ անելով քննարկել Արցախում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտված միջազգային լրացուցիչ խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար, քանի որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն ի վիճակի չէ խոչընդոտելու Ադրբեջանի հանցավոր գործողությունները, չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորություններին, և խնդրում են քննարկել Արցախում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտված միջազգային լրացուցիչ խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։ «Համոզված ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որտեղ Ձեր ղեկավարած երկրներն ունեն մշտական անդամի կարգավիճակ, օժտված է բավարար միջազգային-իրավական հիմունքներով ու հնարավորություններով՝ անհրաժեշտ գործիքակազմի ամբողջական կիրառման համար՝ զսպելու Ադրբեջանին ցեղասպանական մտադրությունների իրականացումից և դադարեցնելու ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտող նրա հանցավոր գործողությունները»,- գրված էր նամակում։

Արցախի  «Հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանն ասաց, որ բաց նամակով, որը բավականին շատ հանրային արձագանք է ստացել,  փորձում են միջազգային հանրությանը ներկայացնել իրականությունը, այն է՝ հասարակական կազմակերպությունների, հանրության մի մեծ մասի իրական դիրքորոշումը, որը չեն կարող արտահայտել իշխանությունները. «Ինչպես տեսնում ենք, Արցախի իշխանություննները ինչ-ինչ պատճառներով միակողմանի ռուսամետ քաղաքականություն են վարում՝ կախման մեջ գտնվելով միայն Ռուսաստանի կամքից, որը չի բխում Արցախի շահերից։ Իսկ արցախահայության շահերից կբխի բալանսավորված քաղաքականություն վարելը։ Իշխանությունները հատկապես ռուս խաղաղապահների գործողությունների, դիրքորոշման վերաբերյալ ոչինչ չեն կարողանում ասել, ոչ մի քննադատություն չեն ներկայացնում, բայց չէ՞ որ բոլորին հայտնի է՝ ՌԴ խաղաղապահները հակված են կատարել ադրբեջանական պահանջները»,- նշում է նա։ 
 
Հասարակական կազմակերպությունները, հաշվի առնելով այս ամենը, ներկայացրել են Արցախի համար կարևոր անհրաժեշտություններն ու պահանջները, որոնց խիստ կարիքը զգացվում է։ Բայց մյուս կողմից, ըստ Օսիպյանի, սա չպետք է շփոթել հակառուսական քաղաքականության հետ։

Դիտարկմանը, թե միջազգային ճնշումները տարբեր մակարդակով բավականին ուժգնացել են՝ Եվրախորհրդարանը Լաչինը անմիջապես ապաշրջափակելու բանաձև ընդունեց, որտեղ հատուկ ընդգծված էր նաև միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցը, դրանից հետո էլ եղան բավականին ազդեցիկ կոչեր, սակայն միջանցքը շարունակում է փակ մնալ, այս պարագայում ինչպես են պատկերացնում միջազգային խաղաղապահների տեղակայման հնարավորությունը այժմ, Օսիպյանն ասաց. «Ակնկալիք չունենք, որ հենց հիմա կկատարվեն մեր դիմումի դրույթները, սակայն ցանկանում ենք վերահաստատել տեսլականը, որ Արցախի բնակչության, քաղհասարակության մի զգալի հատված այսպես է պատկերացնում Արցախի ապագան, անվտանգության ապահովումը։ Մենք պարզապես փորձում ենք տարբեր միջոցները, հարթակները օգտագործել, և բաց նամակը այդ միջոցներից մեկն է»։ 

Նա նաև համոզված է, որ Արցախի իշխանությունների՝ բավականին վախվորած, կաշկանդված քայլերը կարող են խոչընդոտ լինել իրենց նշած ճանապարհային քարտեզի իրականացման համար, ուստի շատ կարևոր է հանրության ադեկվատ դիրքորոշման առկայությունը։
Օսիպյանի կարծիքով՝ արցախցիները ինչքան դեռ կարող են, ինչքան հնարավոր է պետք է դիմակայեն, որովհետև այլընտրանքը դարերով պահած Արցախը, պատմամշակութային արժեքները հանձնելն է։ 

«Ինչպես որ մենք ենք շրջափակման մեջ, այնպես էլ փակուղու մեջ է Ալիևը։ Նա վա բանկ է գնում. մի կողմից՝ ամեն ինչ կանի, որ չբացի, այդ թվում՝ սպասելի է, որ Ալիևը անկանխատեսելի, ծայրահեղ քայլերի կարող է դիմել, որովհետև Ալիևի համար միջանցքը բացելը այնպիսի հարված է, որ կարող է իշխանություն արժենալ։ Մյուս կողմից՝ իր վրա շատ թանկ կարող է նստել  չբացելը։ Սա նաև հոգեբանական պատերազմ է, և այս պատերազմում մենք պիտի հաղթանակող լինենք՝ ճիշտ հաշվարկելով մեր քայլերը, օգտագործելով մեր հնարավորությունները»,- ընդգծում է նա։ 

Ըստ Օսիպյանի՝ Ալիևի իշխանության համար դժվար է հրաժարվել իր մաքսիմալիստական պահանջներից, գնալ փոխզիջման, որովհետև Ադրբեջանի իշխանությունները 30 տարի շարունակ հայատյաց քաղաքականություն են վարում, այն խորությամբ սերմանել են սերունդների մեջ, միշտ մեծ խոստումներով են սնել սեփական հանրությանը, ինչը Ալիևի դեպքում հասել է գագաթնակետին, այդ պատճառով էլ չի կարողանում նման զիջումների գնալ. «Ճանապարհ բացելը Ալիևի համար կնշանակի Արցախի կարգավիճակի, ինքնորոշման համար ճանապարհ բացել, այդ պատճառով փակուղու մեջ է. բավականին բարդ, խառնաշփոթ իրավիճակ է. ո՛չ մենք զիջելու տեղ ունենք, ո՛չ իրենք»։  

Ինչ վերաբերում է Ստեփանակերտ-Ադրբեջան ուղիղ երկխոսությանը, ապա, ըստ քաղաքական գործչի, Արցախը պատրաստ է երկխոսության, սակայն Ալիևը չի գնալու դրան. «Ալիևը Արցախի հարցը համարում է լուծված։ Եթե գնա երկխոսության, ապա ո՞ւմ հետ՝ իր ասելով ադրբեջանցի քաղաքացու հետ պե՞տք է խոսի 120.000 հայության ճակատագրի մասին։ Ալիևն ասում է՝ իմ տարածքն է, պետք է ստուգեմ անցուդարձը, բայց ինչ-որ սուբյեկտ կա, որը չի թողնում Լաչինը վերահսկել. պարզ չի՝ ո՞վ է այդ սուբյեկտը։ Ադրբեջանը,  անցակետ տեղադրելով և միջանցքը իր հսկողության տակ վերցնելով, ցանկանում է աստիճանաբար դե ֆակտո և դե յուրե վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, որպեսզի դրանով խաչ քաշի նաև նոյեմբերի 9-ի համաձայնության վրա, որովհետև հասկանում է, որ դրանով իր նպատակները կարող են թաղվել։ Ռուսաստանն էլ է ասել՝ այս պատերազմում հաղթողներ չկան, և այդպես էլ կա. Ադրբեջանն ինչպե՞ս է հաղթել, եթե տարածքում չորս տարբեր երկրի դրոշ կա։ Ալիևը դրա դեմ է պայքարում, սակայն իր դիրքերը թուլացնելով»։ 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի քայլերին, Օսիպյանը կարծում է, որ ակնհայտորեն Ռուսաստանը հակված է լեգիտիմացնելու Ադրբեջանի պահանջները և քիչ-քիչ կատարում է դրանք. «Եթե, ըստ ռուսների էլ, դա հումանիտար միջանցք չի, ուրեմն Արցախը հանձնվում է Ադրբեջանին, որովհետև ադրբեջանական հսկողությունը կվերացնի նրա հատուկ կարգավիճակը։ Ստացվում է՝ ՌԴ-ն, փոխանակ իր պարտավորությունները կատարի, պատրաստ է միջանցքը հանձնել Ադրբեջանին, իսկ դա անընդունելի է մեզ համար։ Արցախահայությունը պետք է հստակ ֆիքսի այս ամենը և որոշի իր անելիքները»։ 

Օսիպյանի համոզմամբ՝ որքան էլ տարօրինակ է, հիմա են ստեղծվել Արցախի շահերը պաշտպանելու լավ նախադրյալները՝ կոնկրետ շրջափակման իրողությամբ, ինչքան էլ ծանր դժվարությունների միջով են անցնում. «Այն ժամանակ մենք էինք այսպես ասած ագրեսորը, բոլոր իրավունքները Ադրբեջանի ձեռքում էին, և վերջինս մաքսիմալ օգտագործեց այդ հնարավորությունները և պատերազմ սկսեց։ Հիմա հակառակն է՝ այդ իրավունքները մեզ են տրված, մենք ենք տուժած կողմ և դրա հիման վրա պիտի կարողանանք իրավական, քաղաքական առումներով օգտագործել և հասնել մեր նպատակներին։ Երբ մենք 30 տարի ասում էինք՝ տարածքները մեզ համար անվտանգության գոտի են, միջազգային հանրությունը չէր ընդունում՝ համոզված լինելով, որ պետք է հանձնենք հողերը, հիմա մենք պետք է միջազգային հանրությանը ստիպենք, որ երաշխավորեն մեր ինքնորոշման իրավունքը»,- նշում է մեր զրուցակիցը։ Ըստ նրա՝ այստեղ նույնիսկ երկրորդական է, թե արդյունքում կոնկրետ որ կողմի միջնորդությամբ կբացվի, գուցե ՌԴ-ն շահագրգռվի և կարողանա բացել, սակայն դրական է, որ Արցախի խնդիրը միջազգայնացվում է, Ադրբեջանի դեմ կայացվում են բազում կարևոր իրավական, քաղաքական որոշումներ, բանաձևեր են ընդունվում, թեև նրա համոզմամբ՝ լավագույն տարբերակը կլիներ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության տեղակայումը միջանցքում. «Ալիևը մեծ ճնշումների տակ է հիմա, պետք է կարողանանք դիմանալ, թեկուզ մի ամիս էլ, թեև շատ ծանր է այս ձմռան սեզոնին։ Այս ամենը հօգուտ մեզ է։ Սա չի կարող քաղաքական հետևանք չունենալ Ալիևի համար»։

Թամարա Ղազարյա