Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների վերահսկողության տակ. բնակչությունը չպետք է դառնա պատանդ. ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների վերահսկողության տակ. բնակչությունը չպետք է դառնա պատանդ. ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
Տարածաշրջան
11:41, 18 январь 2023
Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, Մոսկվան ադրբեջանցի և հայ գործընկերներին կոչ է անում դրսևորել բարի կամք և համատեղ որոնել փոխընդունելի զիջումներ՝ ճգնաժամը հնարավորինս շուտ լուծելու նպատակով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: 

«Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Բնակչությունը չպետք է դառնա Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնությունների պատանդը: Լաչինի միջանցքը պետք է մնա Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ և օգտագործվի միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված նպատակների համար:

Կոչ ենք անում մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին դրսևորել բարի կամք և համատեղ փնտրել փոխընդունելի զիջումներ՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորինս շուտ լուծելու համար, համաձայնեցնել հանքավայրերի տնօրինման պարամետրերը և կարգավորել էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրները»,- ասել է Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում։