Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործակալների ինքնաբացահայտո՞ւմը. Ալմա-Աթայի հռչակագիրը խեղաթյուրելով իշխանությանը «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու» մեջ մեղադրած ընդդիմությունն ԱԺ լսումների ժամանակ առերեսվեց իր կեղծ թեզերի հերքմանը

Գործակալների ինքնաբացահայտո՞ւմը. Ալմա-Աթայի հռչակագիրը խեղաթյուրելով իշխանությանը «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու» մեջ մեղադրած ընդդիմությունն ԱԺ լսումների ժամանակ առերեսվեց իր կեղծ թեզերի հերքմանը
Քաղաքականություն
17:03, 03 февраль 2023
Ընթերցողը նկատած կլինի, որ ընդդիմությունը ԱԺ տաքուկ և հարմարավետ դահլիճում միջոցառումներ է հրավիրում այն ժամանակ, երբ դրսում եղանակային պայմաններն այնքան էլ  պատշաճ չեն փողոցային ակցիաներ իրականացնելու համար։ Հետևապես թանկարժեք վերարկուներն ու կոշիկները  թրջել-ցեխոտելու փոխարեն կարելի է  հաշվի առնել սեզոնի առանձնահատկություններն ու կազմակերպել դահլիճային միջոցառումներ։  

«Հայաստան» խմբակցությունը հենց այդ մտայնությամբ էլ այսօր խորհրդարանական լսումներ էր հրավիրել «Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու վերաբերյալ»։ Նախապես, սակայն, ԱԺ պաշտոնական կայքը ծանուցել էր, որ տեղի են ունենալու (ուղիղ միացումն էլ հենց այդպես էր վերնագրված) «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ» «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ խորհրդարանական լսումներ։ Լսումները, սակայն, ծավալվեցին ոչ թե  խմբակցության հեղինակած բուն նախագծի շուրջ, որը  շրջանառության մեջ էր դրվել դեռևս 2022 թ. դեկտեմբերին, սակայն այդպես էլ չընդունվեց  ԱԺ-ի կողմից, այլ ևս մեկ անգամ ընդդիմության այն «դոգման» ապացուցելու, թե՝ իշխանությունները «ձեռքերը լվացել են Արցախից»,  «առևտրի առարկա» են դարձրել Արցախի հարցը, իսկ Լաչինի միջանցքը, ինչպես նշեց «հայաստան»-ական Անդրանիկ Թևանյանը,  «կարող է բացվել միայն այն ժամանակ, երբ ՀՀ-ում փոխվի քաղաքական իշխանությունը,  եթե փոփոխվի  քաղաքականությունը»։  Կարճ ասած՝ երբ իշխանափոխություն տեղի ունենա։ Փույթ չէ, որ «Արցախը առևտրի առարկա դարձրած» իշխանությունը, գործի դնելով դիվանագիտական բոլոր գործիքները, ամեն ինչ անում է մեկ ժամ շուտ միջանցքը բացելու համար, իսկ  ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում նույն այդ «Արցախից ձեռքերը լվացած» իշխանությունը Լաչինի միջանցքի բացման հարցը տանում է  Հաագայի դատարան և  ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացնում։  

Այնպիսի տպավորություն ունենք, որ ընդդիմության հաջորդ լսումները տեղի են ունենալու ուշ գարնանը և վերաբերելու են  եղանակին՝ եթե, իհարկե,  այս տարի բավարար չափով ձյուն ու անձրև չտեղա, և ջրամբարներում անհրաժեշտ չափով ջուր չկուտակվի։ Անդրանիկ Թևանյանն ու նրա խմբակցությունը երևի մի հայտարարության նախագիծ կդնեն շրջանառության մեջ, որում  էլի ամեն ինչ կկապեն  իշխանափոխության հետ, ասենք  այսպես՝ քանի այս կապիտուլյանտ իշխանությունն է ղեկին, ուրեմն Հայաստանը  ձյան ու անձրևի երես չի տեսնելու, քանի որ Հայաստանը «ձեռքերը լվացել»  է գյուղատնտեսությունից։ 

Վերադառնալով լսումներին՝ նշենք, որ  դրանք թեև ֆորմալ առումով   նվիրված էին միջանցքի փակմանը, սակայն ակամա վերածվեցին ընդդիմության կեղծ, խեղաթյուրված թեզերից մեկի հերքմանը, եթե չասենք՝ պայթեցմանը,  որի  վրա էլ ընդդիմությունը վերջին մի քանի ամիսներին կառուցել էր իր  քարոզչական մարտավարությունը։ Խոսքը մասնավորապես Պրահայում նախորդ տարի հոկտեմբերին ստորագրված հայտարարության մեջ Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակմանն է վերաբերում։  Ընդդիմությունն ամիսներ շարունակ հասարակությանը մանիպուլացնում էր այն վտանգավոր  պնդմամբ, թե հիշյալ  հռչակագրին հղում  անելով կամ  այն «մեյդան բերելով»՝ «ՀՀ կապիտուլյանտ իշխանությունը ծախել է Ղարաբաղը Ադրբեջանին»՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։ 

Շառաչուն ապտակներ՝ լսումների մասնակիցների կողմից 

Այսօրվա միջոցառման  «գլխավոր դիրիժոր» Սեյրան Օհանյանն ու «առաջին ջութակ» Անդրանիկ Թևանյանը, որը կաշվից դուրս գալով իր ելույթում Արցախը՝ Լաչինի միջանցքով հանդերձ, Ալմա-Աթայի հռչակագրով և ՀՀ իշխանության ձեռամբ մի քանի անգամ ճանաչեց Ադրբեջանի կազմում, չէին սպասում նման շրջադարձ ու քարոզչական ապտակ իրենց իսկ հրավիրյալների կողմից։ Թևանյանն, ի դեպ, կիրառելով քարոզչական փինաչիության տեխնոլոգիան,  հայտարարեց, թե ՀՀ-ն չի խառնվում Լաչինի միջանցքի բացմանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում համաձայնել է, որ Ղարաբաղն Ադրբեջան է։  Իր ելույթի սկզբի հատվածում պարոն պատգամավորն այդպես էլ  չհիշատակեց պրահյան փաստաթղթի այն տողը կամ բառը, որը կապացուցեր իր արած սույն պնդումը, քանի որ եթե հիշատակեր, ապա կհակասեր ինքզինքը, քանի որ ենթադրյալ տողը կամ բառը, որոնցով Արցախը «ճանաչվում է» Ադրբեջան, Ալմա-Աթայի հռչակագրին արված հղումն է։ Իր խոսքի հաջորդ հատվածում, սակայն, պարոն Թևանյանը ստիպված եղավ հիշատակել այդ չարչրկված փաստաթուղթը, միայն թե՝ Ալիևի մեկնաբանմամբ. «Աստանայում՝ Պրահայից հետո, Ալիևը հայտարարում է, որ մենք Պրահայում եկանք էն եզրակացության, էն կարծիքին, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և ղարաբաղցիների հետ Բաքուն շփվելու է ադրբեջանական ներքին օրենսդրության շրջանակներում։ Զրո արձագանք Նիկոլ Փաշինյանի կողմից։ Լավ, էդ դեպքում կարող եք համարել՝ չի կողմնորոշվել ինչ անի, բայց հետո կարող էր արձագանքել։ Չի արել։ Երկրորդը՝ Լավրովի հայտարարությունները մենք տեսանք, որ Պրահայում եկել են էսինչ համաձայնության, ընդ որում՝ հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին, որտեղ հայկական կողմը ունի վերապահումներ, բայց ՀՀ-ն չի բարձրաձայնում դրա մասին»,-հայտարարեց «7օր.ամ» կայքի սեփականատերը՝ փորձելով  «ոտի վրա» ֆռռացնել իրեն ունկնդրողներին։   

Թևանյանի սույն՝ ալմաաթայան կեղծ պնդման առաջին հերքողը լսումների  հրավիրյալ, հրապարակախոս, քաղաքագետ, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր  Սուրեն Զոլյանն էր, որն, ըստ էության, Թևանյանին և մյուսներին   առաջարկեց  «դոդերի բախչեքն» ընկնելու փոխարեն  վերադառնալ իրավական դաշտ և տեսնել, թե ինչում է այդ փաստաթղթի էությունը. «Եկեք հասկանանք, թե դե յուրե ինչ է գրված այդ փաստաթղթում.  ով ինչ է խոսել, ով ում ինչ է խոստացել՝ մենք դրա մասին չգիտենք։ Պրահայի փաստաթղթում կա  հիշատակում, հղում  Ալմա-Աթայի հռչակագրին, որը,  ես կարծում եմ, պետք չի ընդունել այն մեկնաբանությամբ, թե դա իբր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է»։ Ըստ Զոլյանի՝ այդ փաստաթուղթը կարող է մեկնաբանվել այնպես, ինչպես դա մեկնաբանվել է 1992 թվականին։ «Գործում է միջազգային պայմանագրերի մեկնաբանման հատուկ օրենք, և այնտեղ նշվում է, որ փաստաթղթի մեկնաբանությունը համապատասխանում է  ընդունման  պահին, այսինքն՝ մենք պետք է հիմք ընդունենք 1991 և 92 թվականների մեկնաբանությունները»,- նշեց Զոլյանը՝ հավելելով. «Անձամբ ես, լինելով այն ժամանակ Արցախի հարցերով հանձնաժողովում (Զոլյանը եղել է  ՀՀ ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղար, «Արցախ» պատգամավորական խմբի համանախագահ-խմբ.),  ներկայացրել եմ հանձնաժողովի անունից այն վերապահումը, որը փաստացի նշանակում է Լեռնային Ղարաբաղի ճանաչումը,  որովհետև այնտեղ բերված էին այն իրավական  հիմքերը, որոնց հիման վրա հենց Ղարաբաղն է օրինական կարգով դուրս եկել, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Ադրբեջանը չի անցկացրել այն հանրաքվեն, որի արդյունքների հիման վրա ԼՂԻՄ-ի կարծիքը պիտի հաշվարկվեր։

Այն ժամանակ մենք ստանում էինք Ադրբեջանի ամբողջ լրատվությունը, և այնտեղ որևէ մի ձևով այդ փաստաթուղթը ստորագրած Մութալիբովը (Ադրբեջանի առաջին նախագահը-խմբ.) չէր ասում, որ Հայաստանը ճանաչել է Արցախը  Ադրբեջանի  կազմում։ Հակառակը՝ Ադրբեջանի մեջլիսը հետ է կանչել Մութալիբովի ստորագրությունը։ Այսինքն՝ եթե խոսում ենք Ալմա-Աթայի փաստաթղթի մասին, այնտեղ Ադրբեջանը, այսպես ասած՝ «նե ստայալո»։ 1993 թվականին արդեն Հեյդար Ալիևը ստիպված է լինում  նորից  ստորագրել»։  

Զոլյանն այնուհետ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության համատեքստում, թե՝  «Ալմա-Աթայի հռչակագիրը ենթադրում է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում», նշեց.  «Մեր բարեկամ Սերգեյ Լավրովին կարելի է հուշել, որ նրա արած մեկնաբանությունը հակասում է հենց ՌԴ-ի շահերին, որովհետև այն ժամանակվա ղեկավարությունը մարտին անցկացրել է հանրաքվե, որով Ռուսաստանը մնում էր ԽՍՀՄ կազմում, և, բնական է, նույնը պետք է տեղի ունենար նաև ԼՂԻՄ-ի և մնացածի դեպքում։  Այսինքն՝ այն մեկնաբանությունը, որը տալիս է Լավրովը, հակասում է թե այն ժամանակվա Ռուսաստանի շահերին, թե այսօրվա, որովհետև բազմաթիվ հարցեր են ծագում, որոնց մասին ես չեմ ուզում խոսել»։  Զոլյանն այնուհետ հավելեց, թե Ալմա-Աթայի փաստաթղթում հստակ նշված են այն հիմքերը, ըստ որոնց՝ Լեռնային  Ղարաբաղը պետք է ճանաչվեր որպես ԱՊՀ-ի մաս։ «Ես կարծում եմ, որ մեր ԱԳՆ-ն պետք է համապատասխան հայտարարության ձևով վավերացնի այն մեկնաբանությունը, որը կար 1992 թվականին։  Այսինքն՝ դա որևէ կապ չուներ տարածքային ամբողջականության հետ, և տալով այս մեկնաբանությունը՝ մենք կարող ենք շրջել Պրահայի փաստաթուղթը, որը անընդհատ մեր դեմ է օգտագործվում (հանուն արդարության պետք  է նշել, որ այն մեր դեմ են օգտագործում ՀՀ ընդդիմությունն ու մեկ էլ  Լավրովը-խմբ.)։ Մենք պետք է ասենք, որ հենց այդ փաստաթղթով են ստեղծվում հիմքերը ճանաչելու»։  Ըստ քաղաքագետի՝ հաշվի առնելով միջազգային իրադրությունը և Արցախում առկա հումանիտար ճգնաժամը՝ ստեղծվել են  բավականին լավ հիմքեր՝ «ուղղելու նախկինների սխալը» և, ինչպես հասկացվեց Զոլյանի խոսքից,  ճանաչելու Արցախի անկախությունը։  

Հաջորդ իրավական ապտակը՝ ուղղված Ալմա-Աթայի վայ  մեկնիչներին, ակամա հասցվեց ՀՀ գործող Սահմանադրության համահեղինակ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանի ելույթում։ Խոսելով խնդրո առարկա հռչակագրի մասին՝ Պողոսյանը նշեց, թե «մեջտեղ բերված»  Ալմա-Աթայի հռչակագիրը  որևէ իրավական հիմք չի տալիս պնդելու, թե «ՀՀ-ն ճանաչել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը»։  «Վերապահման ժամանակ՝ 1992 թ. փետրվարի 8-ի, ՀՀ-ի կամքը անվերապահ է եղել, որտեղ ասվում էր, որ նաև մինչև Խորհրդային Միության փլուզումը, վերանալը, այն ինքնավար միավորները,  որոնք անցկացրել են հանրաքվե անկախության մասին, պետք է իրավունք ունենան մտնելու ԱՊՀ, բացի դրանից՝ ԱՊՀ պայմանագիրը Ադրբեջանի համար ուժի մեջ է մտել 1993-ի  սեպտեմբերից։ Հետևաբար, նույնիսկ եթե ասենք, որ տարածքային ամբողջականության ճանաչումը վերաբերում էր Ադրբեջանի ամբողջ տարածքին, միևնույն է՝  դա չէր կարող իրավաբանական որևէ հետևանքներ առաջացնել։ Եվ չմոռանանք, որ 1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը աներկբա ձևով հայտարարեց՝ որևէ ձևով անընդունելի է որևէ միջազգային իրավական փաստաթղթերում այն նշումը, որ Արցախը Ադրբեջանի մաս է»։ 

Ինչ է ստացվում. ԱԺ-ում այսօր հրավիրված լսումների  ժամանակ ջախջախվեցին ոչ միայն Ալմա-Աթայի փաստաթղթի՝ հայաստանյան ընդդիմության  չարանենգ, խեղաթյուրված, ինչու չէ նաև՝  «լավրովյան»  մեկնաբանությունները, այլև արձանագրվեց  Պրահայի փաստաթղթի, այսպես ասած, «ոչ  կրիմինալ» բովանդակությունը։  Մեջբերենք փաստաթղթի այդ հատվածը. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»։  

Իհարկե, դժվար է ակնկալել, որ խորհրդարանական ընդդիմությունը համատեղ հայտարարությամբ հանդես կգա և կազդարարի «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, մենք ու պարոն Լավրովը սխալվեցինք», սակայն գոնե կարող է խոստանալ ինքն իրեն՝ այլևս չզբաղվել զեղծարարությամբ, վնասարարությամբ,  երբ բանը հատկապես  հասնում է  պետական, ազգային շահեր շոշափող  փաստաթղթերի մեկնաբանմանը։       

Հեղինե Մանուկյան