Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախկինները դեռ իշխանության չեն եկել, բայց արդեն փակել են մեր առջև եթերները. Էդմոն Մարուքյան. Տեսանյութ

ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադառնալով ընդդիմադիր ուժերին պատկանող հեռուստաընկերություններին ասաց,որ հեռուստաընկերությունները եթերը փակել են ոչ միայն իշխանության, այլ նաև որոշ ընդդիմադիր ուժերի առջև։

«Մի օրինակ ասեմ՝ նախկին իշխանությանը պատկանող հեռուստատեսությունները շուրջ մեկ տարի է, ինչ ինձ քաղաքական հաղորդումների չեն հրավիրում։ Այսինքն իրենք դեռ իշխանության չեն եկել, եթերը փակել են իմ նկատմամբ, բա որ իշխանության գան ի՞նչ են անելու։ Հարցը նա է, թե դուք ինչ իշխանություն եք առաջարկում՝ ավելի արդա՞ր։ Դա ո՞ր Հայաստանն է, որտեղ ընդդիմության խորհրդանական խմբակցության ղեկավարի նկատմամբ եթերը փակե՞լ եք։ Դեռ 17 ուժերի լիդերներին եմ ասել, որ դուք եթերը փակել եք մեր նկատմամբ ու ուզում եք մենք ձեր հետ համագործակցենք։ Ձեռքը չեն մեկնում համագործակցության ու տակից ինչ-որ բանով խփում։

Այդպես չի լինում։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ մարդիկ ուզում են ետ գնալ այդ Հայաստան, ես ձեզ ուղղակի պետք է հիասթափեցնեմ՝ նման բան չի կարող լինել։ Այլընտրանքն այլ բան ա»։

Լրագրողի դիտարկմանը, թե այդ պահին Էդմոն Մարուքյանը եթերում է և անհասկանալի է, մեղադրանքները՝ ուղղված հեռուստաընկերություններին, որ իրեն եթեր չեն տալիս, Մարուքյանն ասաց, որ լրագրողը ուշադիր չէ։ «Ես ասացի՝ քաղաքական հաղորդումներին չեն հրավիրում։ Օրինակ «Շանթ» հեռուստաընկերությունը, «ԹՎ 5»-ը, «Արմնյուզը» երկու անգամ են հրավիրել, մեկի ընթացքում տեսաք, թե այդ եթերը ինչ եղավ Դավիթի հետ,հաջորդ անգամ Դավիթը հրավիրել էր, որ այն արհավիրքը, որ եղավ նախորդ եթերում՝ մի քիչ շտկվեր։ Դա եթեր չէր։ Հիմա քաշվենք, չասե՞նք, որ սիրելի իբր ընդդիմադիր ուժեր, ձեզ սատարող, ձեր սեփական հեռուստաընկերությունները փակել են եթերը մյուս ընդդիմադիրների առջև։ Ու դուք ընդդիմություն եք։ Բա որ գաք իշխանության ի՞նչ եք անելու», - ասաց Էդմոն Մարուքյանը։