Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք Երևանի փողոցներում հոսած արյան կնքահայրն եք և վերադարձի ճանապարհ չունեք․Ալեքսանյանը՝ Քոչարյանին․ Տեսանյութ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթն սկսեց հետևյալ արձանագրումով․

«Արձանագրումով, որ երեկ մեզ համար Ազատության, իսկ իրենց համար Թատերական հրապարակի ամբիոնում հավաքվածները՝ իրենց պատրոնի, պատրոնի կոնսելյերիի և փոխկոնսելյերիի հետ միասին (ներողություն, իհարկե, օտարածին բառերի համար, բայց կարծում եմ՝ նշյալ անձինք հենց այդ դերակատարումն ունեն այդ խմբավորման մեջ) հայտարարեցին, որ իրենք պատերազմում չեն պարտվել, հենց էդպես՝ չեն պարտվել։ Կարծես թե, ինչ-որ մեկը հակառակն էր պնդում։ Կարծես թե ինչ-որ մեկի մտքով անցնում էր նրանց ասել, որ իրենք պարտվել են պատերազմում, որ իրենք կիսել են ու կամ պիտի կիսեն պետության պարտությունը, ցավը ու կորուստը, կարծես բոլորը չգիտեն, որ իրենք միայն հաղթանակի վրա կուրծք ծեծողներ, իսկ կուրծքը ծեծելուց հետո էլ բանակի կենացը խմելով նույն բանակի նույն զինվորի՝ իրեն հասանելիք սնունդն ու այլ պարագաները մեջ-մեջ անողների ստրուկտուրայի ստեղծողներն ու հանդուրժողներն են։ Կարծես բոլորի աչքի առաջ չէ, որ ծաղրում եք զինվորի ճաշացանկում թարմ միրգ ու հատապտուղ ավելացնելու որոշումը, կարծես բոլորի աչքի առաջ չէր, որ զինվորի սեղանին տասնամյակներ շարունակ գոմեշի միսն ու եփած ցորենը փոխարինում էին իրար այնքան ժամանակ, մինչև դուք ու ձեր պրոտեժեները կկարողանաք հերթական հինգ կամ համեստ գտնվելու դեպքում չորս հարկանի դղյակը խոյացնել, խոյացնելուց հետո էլ վաճառել բանակին ու հետո էլ նվեր ստանալ բանակից»,-ասաց Վահագն Ալեքսանյանը։ 

Այնուհետև կրկին նադրադառնալով նախկին իշխանություններին՝ պատգամավորն ասաց, որ նրան Հայաստանը չեն, այլ այն ամենն են, ինչը հայ ժողովուրդը մերժել ու մերժում է Հայաստանում։ 

«Դուք ցավն ու հարստահարումն եք, դուք ունեզրկումն ու ստորացումն եք։ Դուք սևազգեստ մայրերին փողոցներում գետնին տվողն ու քարշ տվողն եք, դուք խաղաղ ցուցարարների վրա արձակված կրակոցների ու Երևանի փողոցներում հոսած արյան կնքահայրն եք։ 

Դուք 5 ու 10 հազար դրամով քաղաքացուն գնել փորձած ու փորձող, հետո էդ գումարը միայն ձեզ հայտնի ճանապարհով հազարապատիկ հետ ստացող ու աֆրիկաներում խեղճ բիզոնների ու առյուծների սևը տվողներն եք։ Դուք, դուք որ մինչև հոկտեմբերի 27-ը հայտարարում էիք, թե ընդամենը արբիտր եք և ոչ մի լուրջ լիազորություն կամ դերակատարում չունեք պետության կառավարման մեջ, իսկ 27-ից հետո արդեն չգիտես թե ինչ հրաշքով դարձաք երկրի միակ տղամարդը»,-ասաց Վահագն Ալեքսանյանը։ 

Այնուհետև նա նշեց, որ նա, որը 10 տարի շարունակ երկրի նախագահ է եղել, բայց այդպես էլ հայերեն ճիշտ գրել ու խոսել չի սովորել։
«Ձեր պատրոնը հաղթանակած նախագահ է ներկայացնում, բայց հաղթանակած երիտասարդություն բառակապակցության մեջ 3-4 ուղղագրական սխալ է անում։ Դուք եք մեր պարտությունը,,, ձեր կրած, ու օդակաթիլային կամ այլ եղանակով ձեր ռեժիմին փոխանցված հետո էլ նրանց կողմից լայն շերտերին ներարկված այդ տգիտությունն է մեր պարտությունը։ Այո, դուք ոչ թե պարտվել եք մեզ հետ, ոչ թե կռվել, մաքառել եք անհավասար պատերազմում ու ցավալի պարտություն կրել, այլ հենց դուք եք մեր պարտությունը, որ կաք։ Դուք եք պարտությունը՝ ձեր տգիտությամբ, ձեր սին փառասիրությամբ, փողի ու հարստության ձեր մշտական ու մշտարթուն տենչանքով, որի պատճառով մեր երկրի բնակչությունը կրճատվեց անգամներով, դրա պատճառով էլ կրճատվեց մեր բանակը, ձեր դղյակների ու օֆշորների հաշիվներում պահվող միլիոնների հետ ուղիղ համեմատականով աճեց Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի սպառազինության միջև դիսբալանսը»,-ասաց պատգամավորը։