Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սյունիքում տեղի ունեցածը բարոյազուրկ, սրբապիղծ գործողություն էր՝ ոչ ավելին»․ Վահագն Ալեքսանյան

Civic.am-ի հյուրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է։
 
 Զրույցի սկզբում Սյունիքի մարզի միջադեպին անդրադառնալով Ալեքսանյանը նշեց, որ տեղի ունեցածը երկարատև խուլիգանական օպերացիա էր և ակնհայտ էր, թե ովքեր էին դրա գլխավոր պատվիրատուները, ովքեր էին ստորին օղակի համակարգողները և ովքեր՝ կատարողները։ 

 «Այդ խուլիգանախմբերի խառնամբոխային բարոյազուրկ վարքագիծը անվանել ընդդիմախոսություն՝ թույլ տվեք թույլ չտալ։ Տեղի ունեցածը բարոյազուրկ, սրբապիղծ գործողություն էր՝ ոչ ավելին», - նշեց Ալեքսանյանը։ 

 Պատգամավորն ասաց, որ միջադեպի հաջորդ օրը գտնվել է Սյունիքի մարզում, մասնավորապես նաև Ագարակ համայնքում, և մարդկանց վերաբերմունքը լրիվ այլ էր։ «Մարդիկ հիմնականում վատ էին զգում, որ այդ 20-30 խուլիգաններին փորձ էր արվում ներկայացնել որպես սյունեցի ու ներկայացնել որպես սյունեցու կերպար։ Ասում էին՝ սյունեցին  փողոցում ամենավերջին հայհոյանքները գոռացող խուլիգան չի», - ասաց Ալեքսանյանը։
 
 Ալեքսանյանը վստահություն հայտնեց, որ որևէ մեկի կողմից օրենքը շրջանցելու փորձերը անպատիժ չեն մնալու։ «Որքան էլ, որ ժամանակին Սյունիքի դուքսեր ու սատրապներ երևակայած ինչ-որ գործոններ փորձեն սյունեցիների շրջանում ստեղծել միֆական մի բան, թե «սյունեցին պիտի առանձնանա» և փորձեն որպես էդ «առանձնացող սյունեցու» կերպար ներկայացնել այս 20-30 խուլիգանին, դա նրանց մոտ չի ստացվելու», - ասաց Ալեքսանյանը։
 
 Անդրադառնալով ընդդիմության գործունեությանը, Ալեքսանյանը նշեց, որ վերջիններիս՝ նման գործողությունների պատճառն այն է, որ գիտեն՝ ընտրություններում իրենք ջախջախվելու են, իրենց իսկ մարզում։

 Անդրադառնալով «սևերի և սպիտակների» պայքարին և առողջ ուժերի՝ երկրորդ պլանում մնալուն, Ալեքսանյանը նշեց, որ վերջիններս ունեն բոլոր հնարավորությունները, հարմարությունները քաղաքական գործունեություն ծավալելու համար։ «Բայց եթե առողջ, այլընտրանքային ուժերը մտածում են, որ պետք է իշխանության նկատմամբ ինչ-որ մի թև՝ ոչ իրենք, պետք է անընդհատ սադրանքներ իրագործի, ամբողջ մեդիառեսուրսը բանեցնի իշխանությունը սևացնելու գործին ու իշխանությունը նրանց չարձագանքի, թողնի, որ իրեն հարվածեն, իսկ ինքը փորձի բարձրացնել մյուս ուժերին՝ սխալվում են, որովհետև իշխանությունը պետք է քաղաքական պատասխաններ տա բոլորին», - ասաց Վահագն Ալեքսանյանը։
 
Մանրամասն՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան