Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատ լարված իրավիճակ է, իշխանությունը փորձում է խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով․ Հրաչյա Հակոբյան․ Տեսանյութ

Կարծում եմ, դժվար է տարանջատել՝ Խաչատուր Սուքիասյանը գործարար է, թե քաղաքական գործիչ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ են ՔՊ ցուցակում ներառվել նաև գործարարներ Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը, եթե 2018 թվականի մայիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում հայտարարել էր, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է իրարից տարանջատված լինեն։

«Սուքիասյանների ընտանիքում 4 եղբայր են, ամեն մեկը ունի մի ոլորտի բիզնես։ Մի գուցե, նա ունի բիզնես, որը հանձնված է կառավարման, բայց, ըստ իս, Խաչատուր Սուքիասյանը շատ ավելի երկար տարիներ զբաղվել է քաղաքականությամբ։ Նա անգամ հետապնդվել է իր քաղաքական հայացնքների համար՝ 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական պրոցեսների ժամանակ։ Նա այն քաղաքական գործիչներից էր, որ հետապնդվում էր քաղաքական հայացքների համար, իսկ իր եղբայրները՝ որպես գործարարներ, հետապնդվում էին այդ օրվա իշխանությունների կողմից։ Այդ պատճառով, կարծում եմ, դժվար է այս պահին ասել՝ նա քաղաքական գործիչ է, թե՝ գործարար», - նշեց պարոն Հակոբյանը։

Անդրադառնալով սահմանային իրավիճակին, պատգամավորն ասաց, որ մեծ քայլեր են իրականացվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, սակայն, իշխող ուժը չի ցանկանում այդ գործընթացը իրականացնել ուժ կիրառելով։ Փորձում են խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով․ - «Ըստ մեր միջազգային գործընկերների կողմից արված տարբեր  հայտարարությունների, մենք տեսնում ենք, որ աշխատանք արվում է»։

Նա նաև անդրադարձավ այն լուրերին, որ սահմանում տեխնիկա և զինվորական ուժեր են հայտնվել, նշելով, որ չունի այդպիսի տեղեկատվություն, դրան հակառակ, ունի լրիվ այլ տեղեկատվություն, որը հիմա չի կարող բարձրաձայնել։

ՔՊ ցուցակներում սպասվելիք փոփոխությունների մասին, Հակոբյանը նշեց, որ գուցե լինեն մարդիկ, որոնք ցանկանան աշխատանքը շարունակել գործադիր մարմնում։ Նա հավելեց, որ անկախ տիրող սահմանային լարված իրավիճակին, ընտրությունները տեղի կունենան, և ժողովուրդը կորոշի, թե ով կլինի իշխանությունը։