Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իլհամ Ալիևը «Հայաստան» դաշինքի մա՞ս է կազմում, ինչու է Քոչարյանը կրկնում Ալիևին

Իլհամ Ալիևը «Հայաստան» դաշինքի մա՞ս է կազմում, ինչու է Քոչարյանը կրկնում Ալիևին
Քաղաքականություն
18:00, 01 июнь 2021
Ռոբերտ Քոչարյանը հունիսի 1-ին, ռուսական RBK-ին տված իր հարցազրույցում նշեց, որ Ադրբեջանը կարողացավ լեգիտիմացնել իր ագրեսիան Արցախի նկատմամբ և լուծել կոնֆլիկտը ուժի միջոցով, հայաստանյան իշխանությունների՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունների շնորհիվ, ինչը բանակցային գործընթացը մտցրեց փակուղի։ 

Այսպիսի հայտարարությունները հայկական քաղաքական դեմքերի, առավել ևս նախկին նախագահի շուրթերից, ըստ էության, լեգիտիմացնում են Ադրբեջանի ագրեսիան, դրա պատասխանատվությունը դնում են հայակական կողմի վրա և ջուր լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին, այսպիսով արդարացնելով Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման սկզբունքի խախտումը։

Civic.am-ը այս թեմայով զրուցեց քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ, ով նշեց, որ Ադրբեջանի ագրեսիան Արցախի հանդեպ դժբախտաբար լեգիտիմացվել է կարգավորման գործընթացի ամբողջ ընթացքում՝ հայկական քաղաքականության հետևանքով։ «Չեմ կարծում, որ հայտարարությունները, որոնք հնչել են վերջին երկու, երեք տարիներին լեգիտիմացրել են ադրբեջանական ագրեսիան, որովհետև մենք ագրեսիայի լեգիտիմացման դրսևորման ականատես ենք եղել նաև 2016 թվականին։ Իհարկե մասշտաբները անհամեմատելի են, բայց խնդիրը երևույթն է, և մենք տարիների ընթացքում ենք տեսել, թե ինչպես Ադրբեջանը քայլ առ քայլ մեծացրել է Արցախի նկատմամբ ագրեսիայի մասշտաբը սկսած 2012, 2013 թվականներից, և այսպես կոչված այդ «իրավունքը» Ադրբեջանը կուտակել է այդ կարգավորման գործընթացի ժամանակահատվածում», - ասաց Հակոբ Բադալյանը։

Խոսելով ուժի չկիրառման սկզբունքից, Բադալյանը նշեց, որ այն եղել է սկզբունքներից մեկը, սակայն մենք ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանը տարեցտարի ավելի բացահայտ ուժ կիրառում, չարժանանալով միջազգային համարժեք վերաբերմունքի։ «Ադրբեջանը տարեցտարի ինտենսիվացնում էր  հրադադարի խախտման դեպքերը, ավելանում էին զոհերը սահմանին, հայկական ուղղաթիռ խոցեցին և այս ամենը չէր արժանանում միջազգային թիրախային կոնկրետ վերաբերմունքի։ Հնչում էին ընդհանուր, լղոզված, չեզոք ձևակերպումներ, որոնք բացարձակապես չէին կանգնեցնում Ադրբեջանին։ Ինչպես նշեցի, խորքային պատճառը այն էր, որ կարգավորման ամբողջ գործընթացի տրամաբանությունը ավելի քան երկու տասնամյակ կառուցվել է հենց Ադրբեջանի ագրեսիայի իրավունքի լեգիտիմացման վրա, և դա է եղել պատճառը, որ Ադրբեջանը բացարձակապես շահագրգռված չի եղել որևէ խաղաղ կարգավորման տարբերակ ընդունելուն», - ասաց Բադալյանը։

Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականի ապրիլի 17-ին, Սերժ Սարգսյանը վարչապետի կարգավիճակում, ԱԺ ամբիոնից, պատասխանելով պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին նշեց, որ ցավոք սրտի բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում։ «Ավելի հստակ նշեմ, որ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է։ Կանգնած է, որովհետև բանակցային արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար», - նշեց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի պատասխանից հետևում է, որ բանակցությունները գտնվում էին փակուղում առնվազն 2018 թվականից սկսած և նախկին իշխանություննների կողմից ներկայիս իշխանություններին ուղղված քննադատությունները, թե վերջիններիս հայտարությունների և գործողությունների հետևանքով բանակցությունները մտան փակուղի, ինչը բերեց պատերազմի՝ լիակատար սուտ են։ 

Հակոբ Բադալյանի կարծիքով, անհամարժեք է մտածել, որ ռեգիոնալ բնույթի լայնամասշտաբ պատերազմ է սկսվում ընդամենը Հայաստանի պաշտպանության նախարարի կամ նույնիսկ՝ վարչապետի մեկ, երկու, երեք հայտարարությունից։ «Պատերազմ է եղել, որի մեջ ընդգրկված են եղել մի շարք խոշոր ուժային կենտրոններ իրենց շահերով, հետաքրքրություններով, ակտիվ և պասիվ մասնակցությամբ։

Գործընթացը շատ վաղուց, առնվազն 2012, 2013 թվականներից մտել է մի հուն, երբ ինտենսիվ և ակտիվորեն զարգացել է  պատերազմի վտանգը և այդ զարգացումը չի կասեցվել ո՛չ Հայաստանի քաղաքականությամբ, և ո՛չ էլ միջազգային հանրության դիրքորոշումներով», - ասաց Հակոբ Բադալյանը։

Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ «Արցախը Հայաստան է և վերջ», «Նոր պատերազմ, նոր տարածքներ» բնույթի հայտարարություններ Հայաստանի իշխանությունների կողմից հնչել է նաև նախկինում։ Մասնավորապես 2013 թվականի հոկտեմբերի 2-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ելույթից հետո, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություն սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ, ապա Ադրբեջանը մի քանի ամսից արդեն կբողոքի ոչ թե իր տարածքի 20 տոկոսի օկուպացված լինելու համար, այլ 25 տոկոսի և այդպես շարունակ։ «Եթե Ադրբեջանը ռազմական գործողություն սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ, ապա Հայաստանի Հանրապետությունն իր ողջ պոտենցիալով կպաշտպանի Լեռնային Ղարաբաղին։ Կարիք չկա սանձազերծել ռազմական գործողություններ, հետո էլ բողոքել, թե «Ադրբեջանի մի մասն օկուպացվել է»: Ադրբեջանը մեզ նոր պատերազմով է սպառնում, բայց ես համոզված եմ` եթե նոր պատերազմ լինի, Ադրբեջանը մի քանի ամսից արդեն կբողոքի ոչ թե իր տարածքի 20 տոկոսի օկուպացված լինելու համար, այլ 25 տոկոսի և այդպես շարունակ»,- նշեց ՀՀ այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը։

Այս մասին հիշատակեց նաև մեր զրուցակից Հակոբ Բադալյանը, նշելով, որ Հայաստանը կոշտ հայատարություններ արել է նաև նախկինում, բայց այդ հայտարարությունները չեն բերել պատերազմի կամ չեն մեկնաբանվել, թե ինչու՞ եք նման հայտարաություններ անում, բա որ պատերազմ լինի։ «Նմանատիպ գնահատականները ես դիտարկում եմ ներքաղաքական տրամաբանության մեջ։

Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են Հայաստանը դիտարկել պատերազմի պատճառ, որպեսզի լուծեն իրենց ներքաղաքական խնդիրները, բայց այստեղ կա մի նրբերանգ։ Եթե չդրվի պատասխանատվությունը հենց այդ հայտարարությունների, այսինքն ներկայիս իշխանությունների վարքագծի վրա, ապա բնականաբար, պատերազմի հարցը կենթարկվի խորքային դիտարկման և խորքային դիտարկման կենթարկվի ադրբեջանական ագրեսիայի, այսպես ասած միջազգային լեգիտիմության հարցը և այդ դեպքում պարզ կլինի, որ լեգիտիմությունը, ցավոք սրտի, ձևավորվել է կարգավորման գործընթացի ամբողջ երկու տասնամյակի ընթացքում՝ հայակական քաղաքականության հետևանքով նաև։ Դրա համար այս խորքային դիտարկումների պատասխանատվությունից խուսափելու համար պետք է պատասխանատվության բեռը դնել ինչ-որ հայտարաությունների վրա», - եզրափակեց Հակոբ Բադալյանը։

Այսպիսով, արդեն ամիսներ շարունակ, Հայաստանի ներքաղաքական որոշ շրջանակներ, այդ թվում, և մասնավորապես նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, շարունակաբար թելում են ադրբեջանական պրոպագանդայի թելը՝ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամաբ ագրեսիայի ողջ պատասխանատվությունը փորձելով բարդել հայկական կողմի,մասնավորապես Հայաստանի ներկայիս իշխանությունների վրա, ազատելով Ադրբեջանին ուժի չկիրառման միջազգային սկզբունքը խախտելու պատասխանատվությունից։  

Փաստորեն, Իլհամ Ալիևը «Հայաստան» դաշինքի մաս է կազմում: 

Թերևս սա է պատճառը, որ դաշինքը գլխավորող Քոչարյան Ռոբերտը ջանասիրաբար առաջ է հրում ադրբեջանական թեզերը։ Թվում է, թե հենց Իլհամ Ալիևն է խոսում Քոչարյանի շուրթերով։ Մարդ որքա՞ն պետք է չսիրի սեփական հայրենիքը, որ հանուն իշխանության և աթոռակռվի հարված հասցնի սեփական երկրին։ Սա էլ որերորդ անգամ միջազգային մամուլում Քոչարյան Ռոբերտը հենց Հայաստանին  է մեղադրում պատերազմ հրահրելու մեջ։ Մի՞թե այս մարդը չի հասկանում, որ իր պնդումները հաջորդող շրջաններում մեզ թուլացնելու են միջազգային բոլոր ատյաններում։ Նման մարդը ինչպես կարող է ղեկավարել երկիրը և չգիտակցել, որ նմանօրինակ խոսքերով մենք զրկվում ենք հնարավորությունից՝ հետագայում Ադրբեջանին ագրեսոր ճանաչելու հարցում։ Կարծու՞մ եք սա միամիտ է՝ հազիվ թե։

Վովա Հակոբյան