Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարված իրավիճակ կառավարական մասնաշենքի մոտ

Լարված իրավիճակ կառավարական մասնաշենքի մոտ
Քաղաքականություն
20:05, 02 июнь 2021
Լարված իրավիճակ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ՝ աշխատանքային օրվա ավարտին։

ՀՅԴ Երիտասարդական միության անդամները հանդիպում էին պահանջում  ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հետ՝ զոհված զինծառայողների դիերի ու մասունքների պահման պայմանների առնչությամբ։

«Երկու օր առաջ պատահական պարզվեց, որ զոհված տղաների մարմինները պահվում են սարսափելի պայմաններում: Գժվել կարելի է՝ տեսնելով այն պատկերը, ինչ ստացել ենք այսօր։ Եվ սա այն պետության պատկերն է, որ այս իշխանությունը կարողացել է դարձնել Հայաստանի Հանրապետություն։ Մենք նպատակ չունենք մեղադրելու միայն առողջապահության նախարարի պաշտոնակատարին, քանի որ սա իշխող համակարգի ընդամենը մեկ դետալն է»,- ասաց ակցիայի մասնակից Սևակ Նազարյանը։

Ակցիայի մասնակիցները շենքի դիմաց կանգնած, որը շրջափակել էին ոստիկանական խմբերը, պահանջում էին, որ ոստիկանները հասցնեն իրենց պահանջն ու դուրս հրավիրեն նախարարի պաշտոնակատարին։ Որոշ ժամանակ անց ոստիկանները հայտնեցին, որ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է՝ նա հանդիպել է ծնողներին ու ամեն ինչ արդեն փոխանցել ու քննարկել է ծնողների հետ։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ այս հարցը վերաբերում է բոլորին ու բոլորը պետք է պատասխաններ ստանան։ Ի նշան բողոքի՝ նրանք զուգարանի թղթեր նետեցին ոստիկանների և կառավարության շենքի ուղղությամբ։

Ոստիկանական ուժերը միանգամից մոտեցան ակցիայի մասնակիցներին ու քաշքշուկ սկսվեց։

Ոստիկանության մայոր Մանուկյանի կարգադրությամբ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի 4  մասնակցի։