Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քեզ փորձում են համոզել, թե դու սխավել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Քեզ փորձում են համոզել, թե դու սխավել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Քաղաքականություն
19:41, 06 июнь 2021
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորեւ․
 
«Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
 
Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չորս երեխաների հայր, «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին խմբագիր, նախկին քաղբանտարկյալ, 2012-18 թվականներին
ԱԺ պատգամավոր, 2017-18 թվականներին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետ, վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
 
Ուզում եմ չհանձնվես, ուզում եմ չկասկածես: Քեզ փորձում են համոզել, թե դու սխալվել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ: Քեզ փորձում են համոզել, թե ժամանակը հակառակը ցույց տվեց, որ կա՛մ պիտի հպատակ լինես քո հայրենիքում, կա՛մ կորցնես հայրենիքդ:
 
Իսկ ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ ճշմարտությունն ուղիղ հակառակն է: Երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք հանուն հայրենիքի, և արդյունքում պարզվեց, որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում: Այն պահին, երբ սկսեցինք չհանդուրժել, մեր հայրենիքն արդեն նմանվում էր անդունդ գահավիժող մի մեքենայի, որին փորձում էինք կառավարել՝ առանց ղեկի ու անիվների, առանց արգելակի ու շարժիչի: Գահավիժման այդ ընթացքը դժվարությամբ ենք կանգնեցնում՝ ծանր կորուստներով, բազմաթիվ զոհերով, անտանելի ցավերով, խառնակ ու խառնաշփոթ ժամանակներով:
 
Ու հիմա դու ընտրության առաջ ես՝ ենթարկվե՞լ ժամանակին, թե՞ քեզ ենթարկել ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ ենթարկես ժամանակը, որովհետև այն ժամանակը, որ քեզ ենթակա չէր երեկ, մեր այսօրվա կորուստների առանցքային պատճառն է: Այսօրվա մեր դառնությունը կուտակվել է երեկ:
 
Հիշո՞ւմ ես քանի-քանի առիթներով և քանի-քանի տարիներ ես ապրել այն համոզումով, որ «էս երկրում ապագա չկա»: Ու այն ժամանակ, երբ փոխում էիր համոզումդ, վրա հասավ ամենամեծ աղետն ու էլի սկսեցիր մտածել, որ ապագա չկա: Բայց այսօրը ապագա էր երեկ: Իսկ վաղն ապագա է այսօր, ու այն պիտի գա, եթե դու որոշես, որ այն կա՛, որովհետև ցավից չպիտի կորցնես ապագայի մասին երազելու և ապագան ամենօրյա աշխատանք դարձնելու կարողությունդ:
 
Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Քեզ գրում եմ՝ ասելու, որ Ապագա կա: Կա՛ ապագա, ու այն արարելու ենք այսօր:
Քո՝
Նիկոլ։»