Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի և Բաքվի միջև հաղորդակցությանն առնչվող ինչ հարցեր դեռևս չեն լուծվել. կանցկացվեն եռակողմ բանակցություններ նաև փոխվարչապետների մակարդակով. Օվերչուկ

Երևանի և Բաքվի միջև հաղորդակցությանն առնչվող ինչ հարցեր դեռևս չեն լուծվել. կանցկացվեն եռակողմ բանակցություններ նաև փոխվարչապետների մակարդակով. Օվերչուկ
Քաղաքականություն
10:58, 26 май 2023
Ռուսաստանի փոխվարչապետը մեկնաբանել է Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման շուրջ բանակցություններին առնչվող հարցը։

Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ մեկնաբանելով այն հարցը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությանն առնչվող որ հարցերը դեռևս չեն կարգավորվել։

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Հաղորդվել է, որ մեկ շաբաթից անցկացվելու են եռակողմ բանակցություններ փոխվարչապետների մակարդակով, որոնց ընթացքում կքննարկվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։

«Խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի մասին է, այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային և մաքսային հսկողությունը, որը սովորաբար իրականացվում է սահմանին»,- ասել է Օվերչուկը, հաղորդում է «Մայակը»։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը տրանսպորտային երթուղիների նկատմամբ, որոնք կանցնեն իր տարածքով։