Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սրանով կարելի է և՛ ջարդել ու մեխել, և՛ կառուցել. Փաշինյանը ցուցադրեց Եղվարդում ստացած սիմվոլիկ պողպատե մանդատը․ Տեսանյութ

Սրանով կարելի է և՛ ջարդել ու մեխել, և՛ կառուցել. Փաշինյանը ցուցադրեց Եղվարդում ստացած սիմվոլիկ պողպատե մանդատը․ Տեսանյութ
Քաղաքականություն
11:27, 13 июнь 2021
«Մենք մեր քաղաքացիներին կոչ ենք անում հունիսի 20-ին գնալ ընտրատեղամասեր և մեզ տրված թավշե մանդատը փոխարինել պողպատե մանդատով»,- այսօր՝ հունիսի 13-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզ կատարած այցելության ժամանակ Նոր Գեղիում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ Եղվարդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը սիմվոլիկ պողպատե մանդատ է նվիրել. «Սա, կարծում եմ, պողպատե մանդատի շատ ճիշտ արտահայտում է, որովհետև սրանով կարելի է հանել նրանց, ում պետք է հանել, կարելի է մեխել այնտեղ, որտեղ պետք է մեխել, կարելի է կառուցել այնտեղ, որտեղ պետք է կառուցել, և կարելի է ջարդել այնտեղ, որտեղ պետք է ջարդել: Առաջին հերթին, սակայն, սա կառուցման սիմվոլ է, որովհետև մեր խնդիրն է Հայաստանը կառուցել նորովի: Մենք այս գործիքից պետք է տանք ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ կառուցվի Հայաստանը: Այս պողպատե մանդատով մենք պետք է ավարտին հասցնենք դատաիրավական բարեփոխումները»:

Նիկոլ Փաշինյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց Զովունիում հավաքված եզդի եղբայրներին, որոնց չի կարողացել հանդիպել, քանի որ այլ ճանապարհով են մտել մարզ:

«Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերի առաջ, և այդ մարտահրավերը Հայաստանի անվտանգությունն ապահովելն է, Հայաստանի նորովի կառուցումը: Դրա համար այս ընտրություններում մենք պետք է ցույց տանք հայ հանրության բացառիկ համախմբվածությունը օրենքի և իրավունքի շուրջ: Գնացեք և այս ասելիքը տարածեք ձեր մտերիմներին, ընկերներին, քաջալերեք, դուխ տվեք նրանց, թույլ մի տվեք, որ նրանք հուսահատվեն, կոտրվեն, երկմտեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: