Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացնելուց հետո Նաիրի Հունանյանը զանգել էր ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանին ու ասել, որ գրավել է ԱԺ-ն, իսկ ՀՅԴ-ական պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ օրերս ԱԺ-ում չէր բացառել տեռորի միջոցով իշխանափոխությունը

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացնելուց հետո Նաիրի Հունանյանը զանգել էր ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանին ու ասել, որ գրավել է ԱԺ-ն, իսկ ՀՅԴ-ական պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ օրերս ԱԺ-ում չէր բացառել տեռորի միջոցով իշխանափոխությունը
Քաղաքականություն / Հայաստան
22:30, 29 июнь 2023
Որպես տուժողի իրավահաջորդ նախապես տեղյակ ենք եղել, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացնողներից Կարեն Հունանյանը դիմել է ՀՀ նախագահին` իրեն ներելու համար: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Հոկտեմբերի 27»-ի զոհերից` Յուրի Բախշյանի կինը` Անահիտ Բախշյանը:

«Դիմումի վերաբերյալ մեր տեսակետը դատարանին հայտնել էինք` դեմ էինք, իհարկե, պետք չէր ներում շնորհել Կարեն Հունանյանին»,-հավելեց նա:

Նշենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մերժել է ներում շնորհել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության  պարագլուխ Նաիրի Հունանյանի ցմահ ազատազրկված եղբորը` Կարեն Հունանյանին:

Անահիտ Բախշյանն ընդգծեց, որ շուրջ երեք տարի առաջ վերաբացվել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի անջատված մասը` կազմակերպիչների մասը, բայց դեռևս որևէ առաջընթաց չկա։ «Քննիչի հետ վերջերս խոսեցի, խոստացավ, որ կհանդիպենք, բայց դեռևս չենք հանդիպել` ես շարունակելու եմ հետևել ընթացքին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանն ու Կարեն Հունանյանն ընդգրկված են եղել ՀՅԴ կազմում: Իսկ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունն իրականացնելուց անմիջապես հետո Նաիրի Հունանյանը հեռախոսազրույց էր ուեցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանի հետ`տեղեկացնելով, որ գրավել է ԱԺ-ն: Մենք կապ հաստատեցինք ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ` լսելու ՀՅԴ-ի դիրքորոշումը Կարեն Հունանյանի դիմումը մերժելու վերաբերյալ:

«Նաիրի Հունանյանն ու Կարեն Հունանյանը գործողությունն իրականացնելիս որևէ կապ չեն ունեցել Դաշնակցության հետ»,-ասաց Քրիստինե Վարդանյանը:  

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ԱԺ ամբիոնից խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններից ու խաղաղության պայմանագրից` նշել էր, որ իրենց խմբակցությունն ամեն հնարավոր մեթոդներով թույլ չի տա, որ խաղաղության պայմանագիր կնքվի։ «Այդ փաստաթուղթը կյանքի չի կոչվելու ինչ էլ որ պահանջվի»,-ասել էր նա։ Այս խոսքերի ավարտին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից հարց էր ուղղել Քրիստինե Վարդանյանին՝ եթե տեռո՞ր էլ պահանջվի, ինչին ի պատասխան դաշնակցական Վարդանյանն արձագանքել էր․ «Ամեն հնարավոր գործընթացով»։

Ընդգծենք, որ ըստ Նաիրի Հունանյանի վկայության` նա ոճրագործությունն իրականացնելու համար ընտրել էր այն ժամանակահատվածը, երբ գործադիր-օրենսդիր հարցուպատասխան էր ընթանում ԱԺ-ում։ «Ես մտածում էի, որ հանուն իմ ժողովրդի զարգացման և իմ հայրենիքի բարգավաճման, ես կարող եմ վտանգի ենթարկելով սեփական կյանքս զենք վերցնելով գնալ խորհրդարան այն ժամանակ, երբ կառավարությունն էլ է այնտեղ լինում և ճնշման միջոցով պահանջել, որ վարչապետը հրաժարական տա»,-ասել էր Հունանյանն իր ցուցմունքում: