Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պատերազմից հետո չի գործում, չնայած գործի մեծ մասը արված չէ

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պատերազմից հետո չի գործում, չնայած գործի մեծ մասը արված չէ
Քաղաքականություն
15:48, 05 июль 2021
Սեպտեմբերի 27-ից՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրից Սահմանադրական մասնագիտական բարեփոխումների աշխատանքները դադարեցվեցին։ Բարեփոխումների հանձնաժողովում ներգրաված իրավաբան գիտնականների մի մասը հրաժարվեցին շարունակել քննարկումները։ 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ գործընթացը մինչ օրս կանգնած է եւ սեպտեմբերի 27-ից ի վեր ոչինչ արված չէ, չնայած գործի մեծ մասը դեռ առջեւում է։ 

Հարցին՝ Հանձնաժողովի ղեկավար Եղիշե Կիրակոսյանի կողմից քայլեր ձեռնարկվու՞մ են աշխատանքները վերսկսելու ուղղությամբ՝ Դանիել Իոաննիսյանն արձագանքեց.

«Հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները, որ Հայաստանը ՄԻԵԴ-ում բազմաթիվ անելիքներ ունի՝ Եղիշե Կիրակոսյանի զբաղվածությունը առաջիկա տարիներին այլեւս նույնը չի լինի, եւ իմ կարծիքով այդ գործով մեկ ուրիշը պետք է զբաղվի»։

Իոաննիսյանը հավելեց նաեւ, որ Գերագույն դատարանի ստեղծման գաղափարը՝ հանձնաժողովի կազմը բաժանել էր երկու մասի. մի մասը կտրականապես դեմ էին, մյուս մասը՝ կողմ:

Հանձնաժողովի անդամն անդրադառնալով կատարված աշխատանքին ընդգծեց, որ երկու հարցեր քվեարկության են դրվել՝ օրինակ որոշվել է, որ պետական կառավարման մոդելը պետք չի փոխել, այսինքն պետք չէ վերադառնալ նախագահական մոդելին, բայց նախագահի լիազորոթյունները պետք է ընդլայնել։ Ինչպես նաեւ Գերագույն դատարան ստեղծելու հարցն է քվեարկության դրվել, եւ չնայած հակասական տեսակետների՝ այդուհանդերձ որոշվել է, որ ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի գործառույթների ներառմամբ պետք է ստեղծել Գերագույն դատարան. «Տարբեր ուղղություններով հետազոտական աշխատանքներ են արվել, մի շարք ուղղություններով քննարկումներ են եղել, բայց որեւիցե հարցի չի հանգել հանձնաժողովը՝ օրինակ քանի տարեկանից սկսած ՀՀ քաղաքացիները պետք է ունենան քվեարկելու իրավունք։ Նախատեսում էինք, որ ՀՀ նախագահն ուղիղ ընտրությամբ ընտրվի, և լիազորություններն ընդլայնվեն:

Հանրապետությունը մնա խորհրդարանական, այսինքն՝ գործադիր իշխանության ղեկավարը լինի վարչապետը, բայց նախագահի դերակատարումը` օրինակ դատական համակարգի ձևավորման մեջ ավելի շատ լինի, որպեսզի դատական համակարգը ձևավորվի ոչ թե խորհրդարանից, որն ընտրվում է կուսակցական սկզբունքով, այլ ժողովրդի կողմից ուղիղ ընտրված նախագահի միջոցով»։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի խոսքով էլ պետք է նոր Սահմանադրություն գրվի, բայց
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն իր ունակություններով չէր կարող լուրջ փոփոխություններ անել եւ աշխատանքների դադարումը ճիշտ մոտեցում էր։ Նրա տեսանկյունից ՍԴ-Ն միացնելով Վճռաբեկ դատարանի հետ եւ ստեղծելով Գերագույն դատարան՝ դա լինելու է դատական համակարգի աղետալի վախճանը։

Նարա Մարտիրոսյան