Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի ԵՄ թեկնածուի կարգավիճակի լուրը Հայաստանում ընդունեցին ոգևորությամբ. Փաշինյան

«Վստահ եմ, որ Կոբախիձեն իր հոգատար հետևողականությամբ լուրջ ներդրում կունենա Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների խորացման գործում»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես նշեց ՀՀ վարչապետը, Վրաստանի վարչապետի հետ այսօր քննարկել են Վրաստանի հետ ռազմավարական հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ անհրաժեշտ և հնարավոր քայլերը. «Ուզում եմ ընդգծել, որ այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը: Եվ այսօր մենք Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»:

«ՀՀ-ն սատարել և սատարում է ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումներին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Ինչպես ասաց ՀՀ վարչապետը, այսօրվա հանդիպման ընթացքում իր վրաց գործընկերոջն է ներկայացրել նաև տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ հայկական կողմի ընկալումները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարգավորումների ընթացիկ վիճակը: «Վերահաստատել եմ, որ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործի իր բաժին պատասխանատվությունը: Ակնկալում ենք, որ նույնպիսի մոտեցում կցուցաբերեն նաև մյուս դերակատարները: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պիտի դառնա մեր երկրների ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը, կրկին ընդգծեց բարձր մակարդակով պայմանավորված երեք սկզբունքները և շնորհակալություն հայտնեց Վրաստանի գործընկերներին ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում գործուն քայլերի համար:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստան է ժամանել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեն: