Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները
Հայաստան
15:16, 25 март 2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում քննարկել են երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները: Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ Վրաստանի իր գործընկերոջ հետո հանդիպումից հետո հայտարարության ժամանակ։

Հունվարին Թբիլիսում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվել էր Ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիրը։ Ըստ Փաշինյանի՝ այն հավակնոտ հեռանկար է ուրվագծում բոլոր բնագավառներն ընդգրկող երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

«Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր ու անհրաժեշտ քայլերը։ Այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության անվերապահ ճանաչումը։ Եվ այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,–ասաց Փաշինյանը։