Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
Հայաստան
10:53, 29 март 2024
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Ժնևում կայացած հանդիպումից։

Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ դա առաջին հանդիպումն էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև։ «Աննախադեպ բան տեղի ունեցավ։ Առաջարկը Միջխորհրդանական միության կողմից էր, որի շրջանակներում էլ այդ հանդիպումը տեղի ունեցավ։ Հենց հանդիպման սկզբից իմ գործընկերն ասաց, որ չի կարող և չի պատրաստվում քննարկել հարցեր, որոնք խորհրդարանական դիվանագիտության շրջանակից դուրս են։ Դա ինձ համար ընդունելի տարբերակ էր, չնայած, որ ես հանդիսանում եմ նաև իշխող կուսակցության վարչության անդամ եմ և կարող էի ինչ-որ հարցեր քննարկել, որոնք խորհրդարանական դիվանագիտության շրջանակից դուրս են։ Ես հնարավորինս փորձեցի նրան ներքաշել այդ քննարկման մեջ, և պետք է ասեմ, որ զրույցը բավականին կառուցողական էր»,- մանրամասնեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահն ընդգծեց, որ հանդիպման ժամանակ որոշում են կայացրել շփումներ սկսել խորհրդարանական մակարդակում։ «Ես ասացի, որ այս հարցը պետք է քննարկեմ մեր խմբակցության և մեր թիմի հետ։ Նա նույնպես պատրաստակամություն հայտնել իրենց ներսում քննարկել, և մենք պայմանավորվեցինք հաջորդ հանդիպման վերաբերյալ, որը նախնական պայմանավորվածությամբ կկայանա մայիսի կեսերին»,- նշեց Ալեն Սիմոնյանը՝ մանրամասնելով, որ հանդիպումը կրկին կկայանա Միջխորհրդարանական միության հարթակում, քանի որ այս պահին երկու կողմերի համար էլ դա ամենաընդունելի հարթակն է։