Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չպետք է հույս ունենալ, որ Արևմուտքը կկարողանա ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա

Չպետք է հույս ունենալ, որ Արևմուտքը կկարողանա ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա
Հայաստան
20:00, 24 апрель 2024
«Սա Էրդողանի ավանդական քաղաքականության հերթական դրսևորումն է, ու ինչ-որ արդյունք ակնկալելու համար չի այդ հայտարարությունը անում, այլ պարզապես օրվա մասին ինչ-որ բան պետք է ասի ու ասում է այն, ինչը ինքն ու իր նախորդները երկար տարիներ ասել են»: Այս մասին ասաց «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե այժմ տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ու միշտ ավելի լավ է գործել՝ ելնելով տվյալ ժամանակի իրողություններից, քան գործել մտացածին պատմական պատմությունների հիման վրա, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ։

Էստուկյանը նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս պետք է ճիշտ գնահատել սեփական ուժը. «Պետք է մեր ուժը գիտակցելով հարաբերվենք Թուրքիայի հետ ու մեր ուժի սահմանների մեջ պետք է շարժվենք, առանց ապավինելու այս կամ այն գերտերության օգնությանը։ Մենք հիմա որպես անկախ պետականություն  կարող ենք բոլոր երկրների հետ հարաբերություն զարգացնել, բայց մեծ հիասթափություն կապրենք, եթե երկրի անվտանգությունը հանձնենք որևէ երկրի»։ 

Ըստ նրա՝ մենք պետք է շարժվենք մեր անկախ պետականության շահերից ելնելով. «Մեր շահերը ինչպես թելադրեն, այդպես էլ պետք է հարաբերվենք Թուրքիայի հետ։ Թուրքիան մեծ տերություն է, ու նրա հետ հարաբերության զարգացումը նպաստավոր է, բայց 30 տարուց ավելի է, ինչ Թուրքիան թշնամական վերաբերմունք է ցուցաբերում մեր դեմ, ու մենք հիմա չպետք է որևէ բան սակարկենք հանուն այդ հարաբերությունների։ Հարաբերությունները մեր կամքով չեն սառեցված, այլ Թուրքիայի որոշմամբ, Թուրքիան է, որ մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը»։   

Էստուկյանի կարծիքով՝ քանի որ ՀՀ-ն իր պատրաստակամությունն հայտնել է Թուրքիայի հետ հարաբերություններ զարգացնելու համար, ապա նույնը պետք է անի նաև Թուրքիան։ Ըստ նրա՝ չպետք է հույս ունենալ, որ Արևմուտքը կկարողանա ազդել Թուրքիայի վրա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համատեքստում. «Արևմուտքը չի կարող ուժ բանեցնել Թուրքիայի վրա։ Մենք հիմա տեսնում ենք, որ Թուրքիան, օրինակ, մերժում  է Եվրոպայի մարդու իրավունքների մասին որոշումները, որովհետև Արևմուտքն է ակնկալում էԹուրքիայից որոշակի օժանդակություններ։ Օրինակ՝ Թուրքիայում բազմամիլիոնանոց սիրիացի, աֆղանցի կամ այլ փախստականներ կան, ու Թուրքիայի ձեռքին դա խաղաքարտ է Եվրոպայի դեմ, քանի որ Թուրքիան կարող է այդ փախստականներին ուղարկել Եվրոպա։ Սա առիթ է տալիս, որ Թուրքիան ավելի համարձակ խոսի Եվրոպայի հետ»։ 
Էստուկյանը նշեց՝ քանի դեռ Էրդողանն է  Թուրքիայի նախագահը, Հայաստանի հետ սահմանի բացում ու հարաբերությունների վերականգնում չի լինի. «Հայ-թուրքական հարաբերությունները այսպես չեն կարող զարգանալ, անհրաժեշտ է, որ Թուրքիայում իշխանափոխություն լինի, ու նոր կառավարությունը ավելի ժողովրդավարական լինի, և այդպիսով Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կլավանան»։

Դավիթ Լևոնյան