Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելը առավելություններ տալիս է Հայաստանին, բայց ոչ էական. փորձագետ

ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելը առավելություններ տալիս է Հայաստանին, բայց ոչ էական. փորձագետ
Հայաստան
18:51, 16 сентябрь 2021
Հայաստանն այսօր ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը։ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում՝ 2022-ի չորրորդ եռամսյակում։ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը ևս նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին:

Այսօր Դուշանբեում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք նախատեսվում են իրականացնել կազմակերպությունում՝ Հայաստանի նախագահության օրոք։ Փաշինյանը ՀԱՊԿ գործընկերներին առաջարկել է կենտրոնանալ կազմակերպության դինամիկ զարգացմանն ու մեխանիզմների արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ հետևողական աշխատանքի վրա։ Հայաստանի վարչապետը, մասնավորպես, համարում է, որ անհրաժեշտ է արդիականացնել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմները։ «Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով»,- ասել է Փաշինյանը։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Բենիամին Պողոսյանը չի կարծում, որ ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելը կարող է էական առավելություններ տալ Հայաստանին։ «Նախագահություն ստանձնող պետությունը կարող է ինչ-որ առավելություններ ունենալ օրակարգերի մշակման և մի շարք այլ տեխնիկական հարցերում, սակայն ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ում հիմնական որոշումները քննարկվում և ընդունվում են  ծանրքաշայինների կողմից՝ առաջին հերթին Ռուսաստանի, ապա նաև Ղազախստանի կողմից։ Մնացած պետությունները, որոնք էականորեն զիջում են Ռուսաստանին ու Ղազախստանին, էական ազդեցություն չունեն ընդունվող որոշումների և քայլերի վրա, անգամ եթե ստանձնում են կազմակերպության նախագահությունը։ Հետևաբար այնպես չէ, որ նախագահություն ստանձնելը Հայաստանին զրո հնարավորություն է տալիս, սակայն այնպես էլ չէ, որ մենք էական հնարավորություն ենք ստանում, օրինակ, որոշելու ՀԱՊԿ-ի գործողությունների ալգորիթմը կամ ազդելու որոշումների ընդունման, ռազմավարության մշակման վրա։ Նախագահություն ստանձնելն առավելություններ տալիս է Հայաստանին, բայց ոչ էական»,- ընդգծեց Պողոսյանը՝ հիշեցնելով, որ նախկինում էլ Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, սակայն այնպես չի եղել, որ այդ ժամանակահատվածում կառույցը ծառայեցվել է Հայաստանի շահերին: «Ես չեմ կարծում, որ սրանից առաջ էլ Տաջիկստանին հաջողվել էր ՀԱՊԿ-ում էականորեն փոփոխություններ մտցնել և ՀԱՊԿ-ը ծառայեցնել Տաջիկստանի շահերին, կամ դրանից առաջ Ղրղզստանը՝ իր շահերին»,- ասաց Պողոսյանը։

Մեր դիտարկմանը՝ ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելը Հայաստանի համար ծանր այս ժամանակահատվածում ամեն դեպքում կարո՞ղ է օգտակար լինել, փորձագետը նկատեց. «Ինչ ենք մենք ակնկալում ՀԱՊԿ-ից. եթե խոսքը  այն  վիճակի մասին է, որը ստեղծվել է  Գորիս-Կապան ավտոճանապարհին, ապա այդտեղ կառավարության դիրքորոշումն այնպիսին է, որ ճանապարհահատվածի մի մասն իրոք Ադրբեջանի տարածք է, որովհետև ժամանակին եղել է Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմաններում։ Եթե մենք դա ընդունում ենք, ապա քննարկումն անիմաստ է, և մենք չենք կարող ՀԱՊԿ-ին կամ որևէ ուրիշ մեկին դիմել և պահանջել, բողոքել, որ Ադրբեջանը իր տարածքում երրորդ պետության նկատմամբ ինչ-որ  գործողություն է իրականացնում։ Ինչ վերաբերում է Սև լճի և Գեղարքունիքի հատվածներում կատարվողին, որտեղ մայիսի 12-ից 50-60 քմ տարածք  շարունակում է  վերահսկվել Ադրբեջանի կողմից, ապա այստեղ էլ  կան եռակողմ բանակցություններ հարցը լուծելու համար։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ռուսաստանն էլ ամենագլխավոր անդամն է։ Հետևաբար այստեղ էլ ՀԱՊԿ-ի առանձին դերը առկա չէ»: Փորձագետը հավելեց, որ այսուհետ էլ ՀԱՊԿ-ը կշարունակի մնալ նույն ֆորմալ կառույցը, բայց արդեն՝ Հայաստանի նախագահությամբ։  

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի այն պնդմանը, որ անհրաժեշտ է արդիականացնել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմները, ապա, փորձագետի խոսքով, ՀԱՊԿ-ը այլ կազմակերպությունների պես բավական ծանրաքարշ է, ցանկացած փոփոխություն, արդիականացում բավական երկարաժամկետ ու բարդ պրոցես է, բայց որոշակի փոփոխություններ կարելի է ձեռնարկել։