Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԿԵ նախարարը ծանոթացել է «Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ և համապատասխան ենթակայան» օբյեկտի շինարարության ընթացքին

ՏԿԵ նախարարը ծանոթացել է «Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ և համապատասխան ենթակայան» օբյեկտի շինարարության ընթացքին
Հայաստան
14:07, 14 октябрь 2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում շրջայց է կատարել «Ագարակ-2», «Շինուհայր» և «Նորավան» ենթակայաններում։ 

Նախարարը տեղում ծանոթացել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ և համապատասխան ենթակայան» օբյեկտի շինարարության ծրագրի և «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ընթացքին առնչվող մանրամասներին, ընթացիկ խնդիրներին, պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը: 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել կատարվող աշխատանքների ընթացքը, մասնավորապես, «Նորավան» ենթակայանում գրեթե ավարտվել են բարձր լարման սարքավորումների հիմքերի և 220 կՎ ԲԲՍ հատվածի մալուխային խրամուղիների բետոնացման, շենք-շինությունների և սարքավորումների կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները, տեղադրվել են ուժային սարքավորումները, 2 ավտոտրանսֆորմատորները, իրականացվել են շուրջ 50 կմ հաղորդալարերի մոնտաժման և լարաձգման աշխատանքներ, ընթացքում է պաշտպանության և ավտոմատիկայի սարքավորումների ներմուծումը:

Իրատեսական է համարվել 2022-2023 թթ. ընթացքում հաղորդալարերի մոնտաժման և սարքավորումների տեղադրման ամբողջությամբ իրականացումը:

Ներկայումս «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքներն ընթանում են ընկերության սեփական միջոցներով:

«Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման նպատակով հայտարարված ենթակայանների վերակառուցման նախագծերի ճշգրտման և նախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթի արդյունքում ընկերությունը ստացել է հաղթող ընկերության կողմից ներկայացված՝ ենթակայանների վերակառուցման նախագծերի և նախահաշվային փաստաթղթերի փորձաքննության վերաբերյալ դրական եզրակացություն: 

Նախատեսվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա 2021 թ. 4-րդ եռամսյակում հայտարարել կապալառուների ընտրության մրցույթ և 2021 թ. վերջին ամփոփել մրցույթի արդյունքները: Ակնկալվում է «Ագարակ-2» ենթակայանում վերակառուցման աշխատանքներն ավարտել 2023 թ. ապրիլին, իսկ «Շինուհայր» ենթակայանում՝ 2023 թ. դեկտեմբերին: 

Նախարարը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ պատասխանատուներին հանձնարարել է վերակառուցման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ արդյունավետ լուծումներ՝ սահմանելով կատարման հստակ ժամկետներ, ինչպես նաև հետևողականորեն շարունակել հսկողությունը՝ ապահովելով աշխատանքների պատշաճ որակով իրականացումը: