Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր հակառակորդ հարևանները շարունակում են պատրաստվել տարբեր սցենարների իրագործմանը․ Տաթևիկ Հայրապետյանը՝ Բերձորում թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

Մեր հակառակորդ հարևանները շարունակում են պատրաստվել տարբեր սցենարների իրագործմանը․ Տաթևիկ Հայրապետյանը՝ Բերձորում թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին
Հայաստան
11:30, 20 октябрь 2021
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երեկ ադրբեջանական կողմը նոր զորավարժություններ է սկսել Բերձորի տարածքում: Պաշտոնական հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ «վարժանքների նպատակն է ստուգել ցամաքային և այլ զորքերի փոխգործակցությունը կառավարման ժամանակակից մեթոդների օգտագործմամբ»: Զորավարժություններում ներգրավված անձնակազմի քանակի և նախատեսվող ժամանակահատվածի մասին որևէ տեղեկություն չկա: Հիշեցնեմ, որ այս ամենը իրականացվում է ռուսական խաղաղապահ զորքի տեղակայմանը շատ մոտ գտնվող տարածքում: Սեպտեմբեր ամսին ևս թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություն էր տեղի ունեցել Բերձորի տարածքում: 

Թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունների պակաս տարածաշրջանում չկա, ավելի քան հինգ տասնյակ զորավարժություն է անցկացվել վերջին 10 ամիսների ընթացքում: Իմ համոզմամբ, Բերձորի տարածքում այս ակտիվացումը պատահական չէ՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո Բերձորի միջանցքը Հայաստանն ու Արցախը կապող միակ կենսական ուղին է: Մեր հակառակորդ հարևանները շարունակում են պատրաստվել տարբեր սցենարների իրագործմանը, իհարկե նաև՝ նախատեսելով ուժի կիրառում՝ իրենց ռազմավարական նպատակները լուծելու համար: Սա է իրենց առաջարկած «խաղաղությունը»: