Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Մուրադյան. «Միքայելյան» հիվանդանոցում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացներից միայն մեկն է պատվաստված

Արմեն Մուրադյան. «Միքայելյան» հիվանդանոցում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացներից միայն մեկն է պատվաստված
Հայաստան
14:31, 02 ноябрь 2021
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը իր  ֆեյսբուքյան էջում գրել է․

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Հայաստանում՝ այսօր, Covid 19-ից  62  մահ ունենք ․․․

Դիմում եմ, բոլոր այն մարդկանց, ովքեր վստահում  ու հավատում են ինձ, հավատացեք, մեր ոչ համախմբված ցանկացած քայլ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ այս իրավիճակը։ 

Սիրելի քաղաքացիներ, այլընտրանք չունենք, և ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք Աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս աղետը։
Եվ այսպես, եկեք
• սառնասիրտ ու առանց խուճապի կատարենք պատկան մարմինների ցուցումները,
• հետևենք, առաջնորդվենք և ի գիտություն ընդունենք միայն հավաստի մասնագիտական  տեղեկատվությանը,
• անկախ հայացքներից, տեսակետներից և տարակարծություններից համախմբվենք պետական լիազոր մարմնի շուրջ և կատարենք միայն բուժաշխատողների հորդորները:
Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր բժիշկները, բուժքույրները, մայրապետերը իրենց պարտքը կատարում են անմնացորդ և վստահ եմ, որ այս անգամ ևս հենց մեր Բուժաշխատողների ջանքերի շնորհիվ կհաղթահարենք մեզ բաժին հասած այս աղետը:
Գիտեմ, որ մեր Բուժաշխատողները իրենց գործի գիտակն են և իրենց մասնագիտական ճանապարհին հաղթահարել են բազմաթիվ ծանր փորձություններ:
Ուզում եմ, կրկին ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնեմ, ինչպես միշտ իրենց պարտքն անվերապահորեն կատարող մեր Բուժաշխատողներին…Կեցցեք, դուք:
Բոլորիս առողջություն!!!
Տեղեկացնեմ նաև, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքում ներկա պահին բուժում է ստանում շուրջ 146 քաղաքացի
• Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 28 քաղաքացի,
• Ծանր վիճակում՝48 քաղաքացի։
Հավելեմ, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացներից միայն 1 քաղաքացի ունենք, ով պատվաստված է։